Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄ

Հունվար 18,2006 00:00

ՉԵՄ ԿԱՐԴԱՑԵԼ, ԲԱՅՑ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ Կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուները բողոքում են ՄԱԿ-ի փորձագետների՝ գիտության կառավարման ոլորտի բարեփոխումների մասին փաստաթղթից՝ առանց այն կարդալու: Մեր բոլոր զրուցակիցներն ըստ էության ծանոթ չէին բարեփոխումների փաթեթին, սակայն բացառապես բացասական վերաբերմունք էին հայտնում դրա մասին: Խնդիրն այն է, որ փորձագիտական խումբը հայեցակարգի վերջնական տարբերակը դեռ չի էլ ուղարկել կառավարություն եւ մյուս շահագրգիռ կողմերին: Նախապես ուղարկվել է միայն աշխատանքային նախագիծը, իսկ մեր զրուցակիցները միայն ԶԼՄ հրապարակումներից ելնելով են կարծիք հայտնում, ընդ որում՝ առանց որեւէ լուրջ հակափաստարկների, առանց կոնկրետ դրույթների մասին խոսելու: Փորձագիտական խմբի ղեկավար Ատոմ Մարգարյանը նման շահարկումները գնահատում է իբրեւ ճնշում՝ կառավարության եւ հասարակական կարծիքի վրա: «ՄԱԿ-ի փորձագետների կարծիքի հետ ես համաձայն չեմ, իմ կարծիքով ուսումնասիրություններն արել են մարդիկ, ովքեր կուրսի մեջ չեն ո՛չ գիտության, ո՛չ էլ հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ: Ես շատ դեմ եմ»,- ասում է ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե այդ փաստաթուղթը հանված է քննարկումից: Սակայն, ինչպես վերեւում նշեցինք, այն դեռ վերջնական տեսքով պաշտոնապես չի էլ ներկայացվել կառավարություն: Պրն Սարգսյանին հիշեցրինք, որ վարչապետն ամբողջությամբ անընդունելի չի համարում ՄԱԿ-ի փաստաթուղթը: «Ես էլ եմ գտնում, որ որոշ բաներ կարելի է ընդունել: Իսկ մեր փաթեթը (բարեփոխումների մի փաթեթ էլ պատրաստում է ԳԱԱ-ն -Հ. Բ.) հիմնականում համաձայնեցված է կառավարության հետ: Այն մենք կներկայացնենք մայիսին»: Ինչ վերաբերում է չարչրկված փաթեթին, ապա Ֆադեյ Սարգսյանն այն չի էլ կարդացել. «Չեմ կարդացել, չեմ համարում ՄԱԿ-ի փորձագետների կարծիք, որովհետեւ, եթե այն վերաբերում է գիտությանը, պետք է համաձայնեցվեր ակադեմիայի հետ: Չեմ ստացել, չեմ կարդացել: Միայն կարդացել եմ թերթերում, որ ակադեմիան, ըստ նրանց, պետք է դառնա հասարակական կազմակերպություն: Դրանից ավելի մեծ վտանգ հայ ժողովրդին չի կարող սպառնալ: Դա կարող են անել միայն երկրի թշնամիները: Չեմ էլ ուզում ծանոթանալ դրա հետ: Պատերազմի ժամանակ ինչո՞ւ ստեղծվեց ակադեմիան. պետք էր հայրենիքը պաշտպանել, եթե ակադեմիան չլիներ, Հայաստանն էլ չէր լինի»: Այնուհետեւ Ֆադեյ Սարգսյանը հիշեց, թե ինչպես մեր 40 գիտնականներ գնացել են Մալայզիա, աշխատել մի դեղագործարանում ու որ մերոնց շնորհիվ այդ գործարանը մեծ հաջողությունների է հասել: Իսկ ԳԱԱ առաջարկած բարեփոխումների փաթեթը ի՞նչ կարող է առաջարկել, որ այդ մարդիկ աշխատեն նաեւ մեր երկրում: «Մեր առաջարկած տարբերակով այդ հնարավորությունները կլինեն, բայց մեր հանրապետությունը ոտքի չի կանգնել եւ դեռ այդ հնարավորությունները չունենք»,- եղավ պատասխանը: Փաթեթին չի ծանոթացել նաեւ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը: Նա կարծիք հայտնեց՝ ելնելով լրատվամիջոցների հրապարակումներից: «Կան դրույթներ, որոնք կարող են ընդունելի լինել: Նույն ակադեմիան առաջարկում է որոշակի գիտական կենտրոնների ստեղծում, ինստիտուտների խոշորացում: Ես հակված եմ, որ նախեւառաջ պետք է լսել ակադեմիայի առաջարկությունները, հետո այն քննարկել գիտության զարգացման համատեքստում եւ հանգել հայկական մոդելի: Չենք կարող փոխառնել այլ երկրների մոդելները: Թե ինչ փոփոխություններ պետք է արվեն՝ պետք է լինի բոլորի համաձայնությամբ: Որեւէ գիտնական չպետք է ազատվի, աշխատանքի չգնա, որովհետեւ առանց այն էլ մեր գիտնականների թիվը կրիտիկական է: (ՄԱԿ-ի փաթեթի նախնական տարբերակում առաջարկվում էր թոշակի տարիքի գիտնականներին ազատել աշխատանքից՝ իհարկե լուծելով նաեւ նրանց սոցիալական խնդիրը -Հ. Բ.): Մենք մտածում ենք ամեն կերպ խրախուսել, որպեսզի մարդիկ, ովքեր գիտության մեջ չեն, բայց կոչումներ ունեն՝ հնարավորինս գան գիտություն: Պետք է փորձենք գիտության զարգացման շարժունակությանը նպաստել: Իսկ խոչընդոտող որոշումները չեն կարող ընդունելի լինել: Այդ ուսումնասիրությունները ներկայացնում են նաեւ միջազգային փորձը, որ կքննարկվեն: Ինչ վերաբերում է ասպիրանտուրային, այն չի կարող հանվել: Իսկ դոկտորանտուրայով փոխարինելը քննարկելու խնդիր է»: «Ինձ համար ընդունելի չէ, որ ակադեմիայի ճակատագիրը կարող է տնօրինվել ինչ-որ մի փաստաթղթով, որոնք մշակել են 3 տնտեսագետներ»,- կարծիք հայտնեց նաեւ ԿԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Լեւոն Մկրտչյանը: Ի դեպ, փորձագիտական խումբը միայն 3 տնտեսագետից չի բաղկացած եւ այն, ըստ խմբի ղեկավարի, այդքան հավակնոտ փաստաթուղթ չէ, ինչպես ներկայացվում է, այլ միայն հետազոտությունների արդյունք է եւ իրականացվել է հենց կառավարության պատվերով: «Ես գտնում եմ, որ ակադեմիան պետք է իր ճակատագրի տերը լինի, բայց ծանոթ չեմ փաստաթղթին: Բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց կա նաեւ 2-րդ չի կարելին՝ չունենալով ճիշտ մոդել՝ եղածը խաթարել: Մենք պետք է իմանանք, թե քայլերով ուր են տանում ակադեմիական, գիտական համակարգի բարեփոխումները»,- ասում է Լ. Մկրտչյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել