Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն

Հունվար 27,2006 00:00

Դատարանն էլ «ԱրմենՏելին» պարտք մնաց Ընկերությունից տուժած բաժանորդները միջազգային զանգերը կատարել են պոռնոսայթերի միջոցով Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Սիմիզար Հովսեփյան) քննության առնվեց Սպառողների միության հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»: Ընկերությունից տուժած մոտ 50 բաժանորդներ արդեն մի քանի ամիս է՝ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսին չեն կարողանում համոզել, որ իրենք չեն զանգել Գվինեա Բիսաու, Նիդեռլանդներ, Արեւելյան Թիմոր, եւ պարտավոր չեն չկատարած զանգերի համար վճարել: Երեկ լսվեց միջազգային զանգերից 301 հազար դրամ պարտք կուտակած Սիրուշ Հարությունյանի հայցը՝ չնայած դատարան էր եկել տուժածների մի ամբողջ բանակ: Ըստ ընկերության՝ Ս. Հարությունյանը մի քանի ժամ անընդմեջ միջազգային զանգեր է կատարել Սոմալի, Մեծ Բրիտանիա եւ այլ երկրներ, մինչդեռ նա դրանց տեղն էլ չգիտեր: Դատավորին եւ տուժածներին համոզելու համար, որ թեկուզ անկախ բաժանորդի կամքից, բայց, այնուամենայնիվ, այդ զանգերը կատարվել են, «ԱրմենՏելի» մասնագետները դատարանում տեղադրված մոնիտորի վրա ցուցադրեցին միջազգային զանգեր կատարելու մեխանիզմը: Ըստ այդմ, ինտերնետ ստանալու համար, երբ բաժանորդը միանում է տեղական պրովայդերին, համակարգիչ են մուտք գործում վիրուս պարունակող պոռնոսայթերի ծրագրեր, որոնք շատ հաճախ ներդրվում են բաժանորդի կամքից անկախ եւ ընդհատելով պրովայդերի հետ կապը՝ հենց այդ ընթացքում էլ կատարում են միջազգային զանգեր: Ի դեպ, ավելի համոզիչ երեւալու համար փորձարկումը կատարվեց դատարանի 24 01 61 հեռախոսահամարի միջոցով, որի ընթացքում դատարանը կապվեց Հոլանդիայի հետ՝ կուտակելով մի քանի հազար դրամի պարտք: Նկատենք, որ չնայած «ԱրմենՏելը» հայտարարում է, որ կապը հաստատվում է ավտոմատ եւ բաժանորդի կամքից անկախ, երեկ ընկերության մասնագետները մի քանի րոպե տանջվում էին՝ այդ ծրագրերին միանալու: «ԱրմենՏելի» շահերի պաշտպան Արտակ Խաչատրյանի՝ պատահական զանգերի մասին երկար-բարակ մեկնաբանություններին ի պատասխան, տուժողի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը այդ ամենը որակեց աչքակապություն. «ԱրմենՏելը» հանցավոր համաձայնության մեջ է մտել պոռնոսայթերի տերերի հետ եւ երիտասարդներին խաբելով, թե իբր այդ սայթերն անվճար են՝ միջազգային զանգերից գանձած գումարները կիսում է միջազգային պրովայդերների հետ»: Ընկերությունն արդարանում էր, որ խաբեությանը զոհ չդառնալու համար իրենք քաղաքացիներին բազմիցս կոչ են արել զգուշանալ անծանոթ ծրագրերից, հակառակ դեպքում «ԱրմենՏելը» պատասխանատվություն չի կրի: Ըստ նրանց, բաժանորդներին այդ մասին նույնիսկ մամուլով տեղեկացվել է, որ նման ծրագրերի մուտքն արգելափակելու համար դիմեն ինտերնետ պրովայդերին՝ հեռախոսահամարը կոդավորելու: Սրան ի պատասխան՝ հայցվորը նկատեց, որ արգելափակելու հնարավորության մասին իրենք տեղեկացվել են միայն պարտքի ցուցակը ստանալուց հետո: Ըստ հայցվորի, ընկերությունը պարտավոր է վերահսկել, որպեսզի նման ծրագրերը մուտք չգործեն ինտերնետ: Ա. Խաչատրյանի խոսքերով՝ «ԱրմենՏելը» ինտերնետ ծառայություն անմիջականորեն չի իրականացնում, ընդամենը ինտերնետ պրովայդերին կաբել է տրամադրում եւ խաբեությունից խուսափելու համար ինտերնետ պրովայդերը պետք է հատուկ պաշտպանիչ ծրագրերի ֆիլտրեր ներդնի՝ չնայած ընկերությունն իրավասու չէ պրովայդերի առաջ նման պայման դնել: Պարտքը մուծելուց հրաժարվելը հայցվորը նաեւ այսպես հիմնավորեց. «Թիվ 60 լիցենզիայում ամրագրված է, որ ինտերնետ ծառայության հասանելության համար սահմանված է վճարել 1 դրամ, ինչո՞ւ պետք է դրանից ավելի վճարեմ»: «ԱրմենՏելի» դեմ դատական նիստը կշարունակվի փետրվարի 3-ին: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031