Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարիչները կայցելեն Արեւմտյան Հայաստան

Հունվար 28,2006 00:00

Իսկ
ակցիայի խորագիրն է՝ «Արվեստագետներ առանց սահմանների» Արդեն տեղեկացրել ենք,
որ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը մի խումբ գեղանկարիչների, այդ թվում՝ Հրանտ Թադեւոսյանի,
Խաչիկ Ղարաբեկյանի, Լորիկ Մինասյանի հետ գարնանը պատրաստվում են մեկնել Արեւմտյան
Հայաստան: Նրանք որոշել են շուրջ 1 ամիս անցկացնել Ավետյաց երկրում ու վրձնին հանձնել
գեղեցիկ պատկերները: «Իսկ նյույորքաբնակ ընկերոջս՝ Արթուր Բերդի հետ մտահղացումս
քննարկելուց հետո ստեղծել ենք «Մենք ենք, մեր սարերը» անունով մի կազմակերպություն,
որի վեբ-սայթից՝ arts.usandourmountains.org, կարելի է տեղեկանալ ծրագրի մանրամասներին
ու կապվել մեզ հետ՝ աջակցության նպատակով: Արդեն բազմաթիվ առաջարկներ, ոգեւորիչ մաղթանքներ
ենք ստացել: Ուզում ենք գեղանկարիչներով նկարել մեր նախնյաց հայրենիքը: Ծրագիրն այնպես
է կազմված, որ Վրաստանից կշարժվենք Արեւմտյան Հայաստանի հյուսիսային հատվածով, կլինենք
Կիլիկիայում, Վանում, Անիում, Էրզրումում, Կարսում եւ այլ պատմական վայրերում»,-
տեղեկացրեց Ն. Աղաբաբյանը: Նախատեսված է նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում ցուցահանդեսների
կազմակերպում: Բացի դրանից, գեղանկարիչների ողջ ուղեւորությունն ու աշխատանքը կնկարահանվի,
իսկ լուսանկարչական ռեպորտաժները տեղ կգտնեն հրատարակվելիք գիրք-ալբոմում: Հետաքրքրվեցինք,
թե քանի գեղանկարիչ է այցելելու Արեւմտյան Հայաստան, արդյո՞ք միայն նրանք, ովքեր
արմատներով այնտեղից են: Նիկոլը տեղեկացրեց, որ ամեն ինչ կախված է հավաքվելիք գումարի
չափից: «Մարդիկ, ում նախնիները պատմական Հայաստանից են, կարող են մինչեւ մեր այցը
պատվիրել իրենց ցանկացած վայրի, օրինակ՝ Անիի կամ Կարսի նկարները»,- ասաց գեղանկարիչը:
Նա հայտնեց, որ «Մենք ենք, մեր սարերը» կազմակերպության հետ համագործակցում է նաեւ
«Շեն» միության նախագահ Հայկ Մինասյանը, որը եւս փորձում է հովանավորներ գտնել գեղանկարիչների
«դեսանտը» կյանքի կոչելու համար: «Հետագայում հասունացավ Արեւմտյան Հայաստան
կատարած մեր այցելության մասին գրքի տպագրության գաղափարը: Կարծում եմ, ցանկացած
հայորդու համար հետաքրքիր կլինի Արեւմտյան Հայաստանը տեսնել հենց գեղանկարիչների
աչքերով: Ընկերս՝ Արթուրը, ԱՄՆ-ում այս տարվա փետրվարին նախատեսում է իմ աշխատանքների
տուրնե-ցուցահանդեսը: Ստացված ողջ հասույթը եւս կուղղվի մեր ծրագրի իրագործման նպատակին»,-
ավելացրեց Նիկոլը: Հարցին՝ Հայաստանի նկարիչների միությունը ինչ-որ կերպ արձագանքե՞լ
է ակցիայի առիթով: «Ես չեմ խոսել: Չգիտեմ՝ ուրա՞խ են, թե՞ տխուր: Կարեւորը չխանգարեն»,-
հնչեց պատասխանը: Տեղեկացնենք նաեւ, որ վերոնշյալ ծրագիրը անցկացվում է «Արվեստագետներ
առանց սահմանի» խորագրի ներքո: «Սա նաեւ քայլ է Թուրքիայի հետ մշակութային երկխոսության:
Ես առաջարկ եմ ստացել նաեւ Թուրքիայում ցուցահանդեսներ անելու: Մտածում եմ զրուցել
թուրք նկարիչների հետ, եթե կուզեն՝ համատեղ ցուցահանդեսներ կկազմակերպենք: Ի վերջո՝
մենք հարեւաններ ենք ճակատագրով: Իսկ մշակույթը այն ոլորտն է, որտեղ եթե մի արժեքավոր
բան է ստեղծվում, բոլորինն է»,- կարծում է Նիկոլ Աղաբաբյանը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել