Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎՃԱՐՈՎԻ-ԱՆՎՃԱՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲՈՒՆ Է

Փետրվար 01,2006 00:00

ՎՃԱՐՈՎԻ-ԱՆՎՃԱՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲՈՒՆ Է Ճիշտը կրթության կրեդիտային համակարգն է, կարծում են ՄԱԿ-ի փորձագետները Մինչ կրթության ու գիտության ոլորտի որոշ ներկայացուցիչներ «տառապում են» ՄԱԿ-ի փորձագետների բարեփոխումների փաթեթի պատճառով, գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, փորձագիտական մեկ այլ խումբ մշակել ու ավարտին է հասցրել «ՀՀ մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության զարգացման հայեցակարգային մոտեցումների» մեկ այլ փաթեթ: Երկու ծրագրերն էլ իրականացվել են կառավարության պատվերով, եւ դեռ հայտնի չէ, թե այս երկրորդն ինչ հակահարված կստանա: Այս ծրագիրը վերաբերում է աշխատաշուկայի ուսումնասիրությանը. արդյոք պատրաստվող կադրերի թիվը համապատասխանո՞ւմ է աշխատաշուկայի պահանջներին: Եվ նաեւ՝ մասնագիտական կրթության բնագավառում պետության ֆինանսական մասնակցության ձեւերին ու եղանակներին: Այս հրապարակմամբ կանդրադառնանք երկրորդ խնդրին: 2005 թ. սեպտեմբերի 8-ի կառավարության որոշմամբ ներմուծվեց պետպատվերի համակարգի փոխատեղման-վարկանիշային համակարգը, որով փաստորեն խրախուսվում է մրցակցային կրթությունը: Հիշեցնենք՝ 1 տարվա ցուցաբերած առաջադիմության արդյունքով ընտրվում են լավագույնները եւ անցնում պետպատվերով համակարգի: «Փորձը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր պետպատվերով են ընդունվում, տարիների ընթացքում ցածր առաջադիմություն են ցուցաբերում, իսկ կան ուսանողներ, որ վճարովի են, բայց բարձր առաջադիմություն ունեն: Այս առումով ռոտացիոն համակարգը մեկ քայլ առաջ էր: Բայց ռոտացիոն համակարգն էլ ներդրման առումով ռիսկեր է պարունակում»,- ասում է նշյալ ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ նրա, այսպիսով ընդունելության քննություններում առկա կոռուպցիոն ռիսկերը տեղափոխվում են բուհի ներս եւ վերահսկողության առումով բարդություններ են առաջանում, որովհետեւ համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեխանիզմներ չկան: Նա բերում է Ֆրանսիական համալսարանի օրինակը, որտեղ խիստ սանկցիաներ են կիրառվում թե դասախոսների, թե ուսանողների հանդեպ: Քննությունների 70-75 տոկոսն անցկացվում է գրավոր՝ ծածկագրման մեթոդով, երբ ուսանողի անունը հայտնի է դառնում միայն գնահատականի արձանագրումից հետո: «Եթե կարգազանցություն նկատվի, ուսանողն էլ, դասախոսն էլ հեռացվում են, նախադեպեր կան: Եվ ես չեմ կարծում, թե մեր հայկական բուհերում այդ սանկցիաները կարող են կիրառվել: Ժամանակ է պետք, որպեսզի թեստային համակարգ մշակվի եւ այլն»: ՄԱԿ-ի փորձագետներն առաջարկում են վերցնել ռոտացիոն համակարգի դրական բաղադրիչները եւ ստեղծել վարկավորման համակարգ: Կան կոմերցիոն ծրագրեր, որոնց առաջատարը ACBA բանկն է: Այն տալիս է տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով ուսման վարկ: Իսկ ՄԱԿ-ի ծրագրով առաջարկվում է, որ այդ վարկը տա պետությունը եւ անտոկոս՝ փոխառության տեսքով: Դրանք կտրվեն սոցիալապես անապահով խավին աջակցելու նպատակով: Իսկ պետության համար միակ կապիտալը, հանուն որի տալիս է այդ փոխառությունը, կլինի բարձր առաջադիմությունը: Մեծահարուստների երեխաներն էլ կարող են օգտվել այդ վարկից, եթե չեն ուզում իրենց հորից կախման մեջ լինել: Սակայն պետք է լավ սովորեն, հակառակ դեպքում վարկի տրամադրումը կկասեցվի: Հետագայում, աշխատանքի անցնելուց հետո 10 տարվա ընթացքում վարկառուն սկսում է փուլ առ փուլ մարել փոխառությունը: «Այլապես ստացվում է, որ բարձր վարձավճար պահանջող եւ վերջին տարիներին «էլիտար» դարձած այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են իրավաբանությունը, բժշկագիտությունը, միջազգայնագիտությունը, կարող են դառնալ ունեւոր խավի մենաշնորհը՝ խորացնելով մտահոգիչ միտումներ ունեցող սոցիալական շերտավորման ու բեւեռացման գործընթացները»: Այս նորամուծությամբ կնվազեցվեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը բուհի ներսում, որովհետեւ սոցիալապես ապահով խավը (մեծ մասամբ՝ թերեւս) կնախընտրի կատարել ուսումնական վարձի սահմանված վճարումները, քան զարտուղի ճանապարհով, բարձր գնահատականի համար փող տալով՝ ստանալ պետական վարկ, որը թեեւ հետագայում պետք է վերադարձվի: «Բացի այդ, մեր օլիգարխները վարկ, պարտք բառից կխուսափեն ու կգերադասեն վճարել կրթության համար»: Իհարկե կլինեն նաեւ լրիվ անվճար սովորողներ՝ ըստ կառավարության սահմանված չափանիշների: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել