Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրում

Փետրվար 11,2006 00:00

Փնտրում են արտաքին թշնամուն Անդրադառնալով որոշ հեռուստաընկերությունների՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեին վարկաբեկող նյութին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հանդես է երել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Այս «ռեպորտաժը» պատասխանն էր վերջերս մեր ստորագրած մի հայտարարության, որով Հելսինկյան կոմիտեն ցույց էր տալիս, որ երկիրը շեղվում է մարդու իրավունքների սկզբունքներից։ Հայտարարության մեջ իբրեւ մարդու իրավունքների ոտնահարումներ ներկայացված էին. – նախագահի հակասահմանադրական հրամանագրով Հայաստանի առաջին օմբուդսմենի պաշտոնազրկումը, – դատարանների կողմնակալ գործունեությունը՝ հօգուտ իշխանությանը մոտ կանգնած խմբերի, – շրջաններում տեղական բռնապետների կամայականությունները, – իշխանության տանիքի տակ գործող գործարարների կողմից Կենտրոնի տարածքների գրավումը եւ այնտեղից բռնի վտարված սեփականատերերի շահերը պաշտպանող քաղբանտարկյալ փաստաբան Վահե Գրիգորյանի դեմ սարքված քրեական գործը, – նոյեմբերի 27-ի հանրաքվեի կեղծումը։ Թվարկված բոլոր իրավախախտումների դեմ Հելսինկյան կոմիտեն հետեւողական աշխատանք է տարել։ Մենք կարծում ենք, որ օրվա իշխանության համար անցանկալի իրավապաշտպանների դեմ Հայաստանում սկսվող հարձակումներն անմիջականորեն հրահանգված են Ռուսաստանից, որտեղ մեծածավալ հալածանք է սկսվել հասարակական կազմակերպությունների դեմ։ Հայաստանի իշխանությունները, չկարողանալով իրենց կատարած անօրինականություններն արդարացնող որեւէ փաստարկ բերել, սկսում են օգտվել սովետական պրոպագանդայի զինանոցից եւ ցանկանում են երկրում իշխող ապօրինությունները թաքցնել՝ մարդկանց ուշադրությունը շեղելով իրենց իսկ ստեղծած «արտաքին թշնամու» կողմը, որն այս դեպքում այն կառույցներն են, որոնց անդամագրված է Հայաստանը (Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ)։ Ինչպես սովետական շատ լրագրողներ ու ԶԼՄ-ներ զբաղված էին հակալրագրությամբ, ապատեղեկատվություն տարածելով, կատարում էին ԿաԳէԲէ-ի պատվերը, որ վարկաբեկեն այլախոհներին՝ փորձելով նրանց գործունեությունը կապել օտարերկրյա գործակալությունների հետ, այնպես էլ այժմ՝ որոշ ԶԼՄ-ներ վերածվում են իշխանության վերին օղակների պատվերներ կատարող գործիքների։ Այս պատմությունն ավելի ցայտուն դրսեւորեց ազատ մամուլի նկատմամբ իշխանության ատելությունը, որի արտահայտությունն էր «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի եթերազրկումը»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել