Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղթամարը»

Փետրվար 11,2006 00:00

«Աղթամարը» վերականգնում են թուրքերը Հայկական եկեղեցու վերանորոգման գործին Մայր աթոռը չի խառնվում Ապրիլին կվերսկսվեն Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այս նպատակի համար Թուրքիայի կառավարությունը հատկացրել էր 1,5 մլն դոլար: Սուրբ խաչը 10-րդ դարի եկեղեցի է, կառուցված Բագրատունի թագավոր Գագիկ Արծրունու կողմից: Հուշարձանը կարող է գրավել զբոսաշրջիկներին եւ այդ ոլորտից հսկայական եկամուտներ ստացող Թուրքիան 2004-ի ամռանը սկսել է վերականգնել այն, նպատակ ունենալով 2006-ին ավարտել աշխատանքները: «Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ թուրքական կողմը համաձայնության եկավ նախագիծը տրամադրել մեզ՝ քննարկելու, քանի որ տարակարծություններ կային, թե վերականգնելիս կարող են այն ձեւափոխել, խեղաթյուրել»,- պատմեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Նախագիծը երկու անգամ քննարկվեց մշակույթի նախարարության մասնագետների, Հուշարձանների պահպանության Հայաստան-IKOMOS գործակալության հետ եւ հաստատվեց, որ այն արված է բարեխղճորեն»: Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ձեռք բերած համաձայնությամբ, աշխատանքները թուրք ճարտարապետների հետ միասին համակարգում է հայազգի Զաքարիա Միլթեն օղլին: Ժամանակ առ ժամանակ Պոլսից Աղթամար է մեկնում մի հանձնախումբ եւ ծագած հարցերի դեպքում ներկայացնում է առաջարկներ: Եկեղեցու աշխատանքներին Հայաստանից մասնակցել են IKOMOS-ի վերականգնող ճարտարապետ Աշոտ Հովսեփյանը եւ որմնանկարիչ Ալիկ Հովհաննիսյանը: «Կղզին շատ մեծ չէ: Այնտեղ եղած Գագիկ թագավորի պալատը, բնակելի տները, այգիները այսօր հողակույտեր են: Մարդիկ երբ գտնում են ցրված խաչքարերը՝ բերում են եկեղեցու շրջակայք: Վանը քրդաբնակ է եւ եկեղեցու շինարարական-հողային աշխատանքներն էլ քրդերն են կատարում: Հայանուն ոչինչ չկա: Սակայն այսօր կարծես սառույցը հալչել է եւ ի լուր աշխարհի ասվում է, որ վերականգնվող եկեղեցին հայկական է, մինչդեռ նախկինում երբեւէ չի էլ նշվել այդ մասին»,- պատմեց որմնանկարիչ Ա. Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ թուրք մասնագետները վերականգնման բնագավառում չունեն այն փորձը, ինչը, ասենք, ունեն իտալացիները: Սա է պատճառը, որ ոչ միտումնավոր սխալներ են լինում: Որմնանկարիչը հավաստիացնում է, որ նախնական տեսքի փոփոխություն չի նախատեսվում. «Հիմնականում ամրացնում են եղածը, քան՝ նորացնում: Աշխատանքներն արվում են նույն քարով, ինչով կառուցված էր եկեղեցին, քարը լաստանավերով բերում են Վանի շրջակայքում գտնվող հանքավայրից»: Եկեղեցու վրա ժամանակի ընթացքում աղավաղված քանդակները, գնդակների հետքերը թողնվելու են նույնությամբ՝ ըստ հուշարձանների վերականգնման կանոնի: Որմնանկարի գլխավոր մասնագետը գտնում է, որ այսօր Հայաստանում շատ եկեղեցիներ վերականգնման կարիք ունեն, ուր դեռեւս պահպանվում են որմնանկարներ, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Իսկ Աղթամարում, հաշվի առնելով, որ որմնանկարները ծածկված են ծեփով եւ մեծ ծավալի աշխատանքներ են պահանջում, 2006-ին նախատեսված վերականգնումը չի ավարտվի: Թե ինչպես կընթանան աշխատանքները՝ նա դժվարացավ ասել: Սակայն դրանք մշտապես գտնվում են պատրիարքարանի ուշադրության կենտրոնում: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնից տեղեկացրին, որ իրենք որեւէ մասնակցություն չունեն կատարվող աշխատանքներին: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել