Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնում է պետական կարգավիճակի՞

Փետրվար 11,2006 00:00

Հավակնում է պետական կարգավիճակի՞ Երեւանի պետկոնսերվատորիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի օրերս կայացած առաջին բեմելից հետո չեն դադարում խոսակցությունները, թե նվագախմբին առաջիկայում կտրվի պետական կարգավիճակ: Լուրը ճշտելու եւ նորաստեղծ նվագախմբի ելույթի մասին կարծիքներ լսելու նպատակով դիմեցինք մասնագետներին: Էդվարդ Միրզոյան, կոմպոզիտոր- Ողջունում եմ ուսանողական այս նվագախմբի ծնունդը, որի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանն է, իսկ դիրիժորը՝ կոնսերվատորիայի նրա դասարանի ուսանողը՝ Սերգեյ Սմբատյանը: Նվագախմբի արտիստները մեր կոնսերվատորիայի առաջին-երկրորդ կուրսի ուսանողներ են եւ իմ ստեղծագործական կյանքում առաջին անգամ եմ տեսնում ուսանողական կոլեկտիվի նման բարձր մակարդակ: Տեղեկություն ունեմ նաեւ, որ կոլեկտիվը ընդամենը մի քանի ամսվա ծնունդ է: Ինչ վերաբերում է կարգավիճակ շնորհելուն, ես՝ որպես կոմպոզիտոր կողմնակից եմ: Դա կնպաստի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանն ու տարածմանը: Երիտասարդների առաջին իսկ ելույթից հասկացա, որ նրանց ուշադրության կենտրոնում են հայ կոմպոզիտորները: (Համերգում, արեւմտաեվրոպական կոմպոզիտորներից զատ, հնչեցին Ալ. Սպենդիարյանի, Ս. Շաքարյանի, Ռ. Ալթունյանի սիմֆոնիկ երկերը- Ս. Դ.): Յուրի Դավթյան, դիրիժոր- Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, բայց պետք է նշեմ, որ նվագախումբը արդեն կայացել է: Ասածս մանրամասնեմ. թե նվագախմբի երաժիշտները, թե դիրիժորը տարեկիցներ են եւ առաջին աստիճանից նրանք կարող են միասին բարձրանալ: Հայաստանում դրա փորձը կա, հանձին «Սերենադ» կամերային նվագախմբի եւ նրա ղեկավարի՝ Էդուարդ Թոփչյանի, որոնք արդեն կոնսերվատորիայում համախմբվեցին ու աշխատում են մինչ այսօր: Ճիշտ է, ես իմ գնահատականներում ընդհանրապես շռայլ չեմ, բայց այն ծրագիրը, ինչ ներկայացրեց երիտասարդական նվագախումբը (Մոցարտ, Կրեյսլեր, Սպենդիարյան եւ այլն) մեկ երեկոյի ընթացքում, խոսուն վկան է պրոֆեսիոնալիզմի, երաժշտական ճաշակի: Իսկ պետական կարգավիճակը, նախ՝ դա ժամանակի հարց է, հետո էլ, չեմ կարծում, որ երաժիշտների համար դա հույժ անհրաժեշտություն է: Բայց ցանկալի կլիներ, որ ուսանողները վարձատրվեին: Դա էլ թողնենք հովանավորների խղճին, եթե, իհարկե, մեզանում դասական արվեստի ոլորտում նրանք կան: Նելլի Ավետիսյան, երաժշտագետ- Անսամբլային համաձայնեցվածություն՝ ահա թե ինչն է ամենից առաջ գրավում երաժշտություն ունկնդրելիս, ուր ոչ մի անգամ չի խախտվում նվագախմբի եւ մենակատարի, ինչպես նաեւ՝ ընդհանրապես նվագախմբի արտիստների համագործակցությունը, ինչի շնորհիվ երբեք չի թուլանում երաժշտության զարգացման դինամիկան: Ասվածի ունկնդիրը եղանք նորաստեղծ երիտասարդական նվագախմբի ելույթին: Նվագախումբը կրքոտ ու անկաշկանդ, ճշմարիտ արտիստականությամբ ղեկավարեց երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նկատենք, որ հայաստանյան երաժշտական կոլեկտիվներից, օրինակ, բարձրակարգ արվեստ ցուցադրող «Հովեր» կամերային երգչախումբն էլ առայսօր չունի պետական կարգավիճակ, բայց դա ամենեւին բացասաբար չի անդրադառնում «Հովերի» բուռն ստեղծագործական գործունեության ու աճի վրա: Այնպես որ, պետական կարգավիճակը ցանկալի, բայց որոշիչ չէ: Սերգեյ Սարաջյան, Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր- 85-ամյա Երեւանի կոնսերվատորիան իր ստեղծումից մինչ օրս ոչ միայն երաժշտական կրթօջախ է, այլեւ տարբեր երաժշտական կոլեկտիվների ստեղծման դարբնոց: Այստեղից են սկիզբ առել ու կազմավորվել Երեւանի օպերային թատրոնը, ակադեմիական երգչախումբը, Հայֆիլհարմոնիան, անցյալ տարի՝ Հայաստանի ժողովրդական նվագարանների պետական անսամբլը եւ այլն: Այս ուսումնական տարում ինձ մոտեցան ապագա երիտասարդական նվագախմբի երաժիշտներից ու երկրորդ մասնագիտությամբ դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանը եւ հայտնեցին իրենց մտահղացման մասին: Գիտեք, որ կոնսերվատորիան արդեն ունի մեկ նվագախումբ, երկրորդի ստեղծումն էլ կապված էր որոշ դժվարությունների հետ: Բայց մենք ընդառաջեցինք ու պետք է միանշանակ ասել, կարծում եմ՝ կոլեգաներս համամիտ կլինեն ինձ, որ զարմանալի էր ընդամենը 2-3 ամսում ցույց տալ նման գերազանց արդյունք: Ինչ վերաբերում է կարգավիճակին, համոզված եմ՝ դրա մասին դեռ վաղ է խոսել: Չմոռանանք, որ թեեւ շնորհալի, բայց, այնուամենայնիվ, ուսանողներ են ու դեռ ճանապարհ ունեն անցնելու: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել