Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ

Փետրվար 15,2006 00:00

ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետը 10 տարեկան է Ըստ Տեր Անուշավան վարդապետ Ժամկոչյանի, ֆակուլտետը պետք է պատրաստի վարդապետներ՝ բառիս լայն իմաստով: Տեր Անուշավան վարդապետ Ժամկոչյանը ուսանելով Գերմանիայում, աստվածաբանության գիտությունների թեկնածուի աստիճանով վերադարձավ Հայաստան եւ նշանակվեց Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ: 2005-ի հոկտեմբերին նա ստացավ նոր նշանակում՝ ստանձնելով ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Ի՞նչ ժառանգություն է ստացել նորանշանակ վարդապետը: «Ցավոք, հիմնադիր սրբազանը` տեր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը, այսօր մեզ հետ չէ: Մտադիր ենք նշել տասնամյակը գիտաժողովների եւ հրատարակությունների միջոցով: 270 ուսանող ունեցող ֆակուլտետը այսօր դրված է բավականին հետաքրքիր հիմքերի վրա՝ թե ուսումնական, թե միջազգային կապերի առումով: Շուրջ երկու տարի Շահե սրբազանի հիվանդության պատճառով ֆակուլտետում ձեւավորված ավանդույթները դադարել էին գործել: Այժմ փորձում ենք վերականգնել դրանք, ինչի արդյունքում 1-2-րդ կուրսեցիները Օշականում երդվեցին սուրբ Մաշտոցի գերեզմանին, այնտեղից մեկնեցին Էջմիածին՝ ստանալու Վեհափառի օրհնությունը»,- պատմեց հայր Անուշավանը: Կրոնի պատմություն առարկան դպրոցներում ուսուցանելը հսկայական դաշտ բացեց եւ ապագա աստվածաբանները կարող են դառնալ ուսուցիչներ: Մեր այն դիտարկմանը, թե ֆակուլտետի ուսանողները չեն ուզում դպրոցում դասավանդել, իրենց ապագայի մասին հարցին պատասխանելով. «մի բան կանենք», հայր սուրբն ասաց. «Կամաց-կամաց այդ երեւույթը կփոխվի: Ուսանողները սկսում են հասկանալ, որ իրենց լուրջ կոչում է վիճակված: Դարեր շարունակ մեր աստվածաբանները եղել են վարդապետներ, ուսուցիչներ, որոնք ժամանակաշրջանին համապատասխան լեզվով ժողովրդին ուսուցանել են Աստվածաշունչը: Այժմ ուսանողները մեր ժամանակի վարդապետները պիտի դառնան ու հոգեւորականների ու առաջնորդների հետ միասին քարոզեն մեր եկեղեցու վարդապետությունը»: Ըստ հայր Անուշավանի, այժմ 10-15 ուսանող սովորում է Եվրոպայում: Դա օգնում է ավելի լավ ծանոթանալ առաջադիմական մտքերին: Վերադառնալով՝ նրանք կհամալրեն դասախոսական կազմը: «Մտավախություն չունե՞ք, որ հոգեւոր ճեմարանի ապագա ուսանողներն ավելի հեշտ տարբերակ կգտնեն. 5 տարի ուսանողական ազատ կյանքով ապրելուց հետո կդիմեն՝ ձեռնադրվելու հոգեւորական: Ճեմարանում մի քանի կուրս բարձրանալուց հետո մնում է ընդունվածների կեսը» հարցին վարդապետը պատասխանեց. «Մայր աթոռի դռները միշտ էլ բաց են մեր շրջանավարտների առջեւ: Նրանք կարող են աշխատել քարոզչական կենտրոնում, խմբագրությունում, ճեմարանում եւ այլուր: Անշուշտ, կարող են դառնալ նաեւ հոգեւորականներ: Սակայն ճեմարանական կրթությունը, վանքի մթնոլորտը ձեւավորում է բոլորովին այլ մարդ: Շատերը լքում են ճեմարանը, որովհետեւ լավ չեն պատկերացնում, թե ուր են գնում: Այնտեղ տիրող կարգուկանոնը բանակ է հիշեցնում»: Ֆակուլտետի նորանշանակ դեկանը արդեն մի շարք ծրագրեր է կազմում. «Ստրասբուրգի համալսարանի հետ կստորագրենք ուսանողներ փոխանակելու համաձայնագիր: Հույս ունեմ թափանցել գերմանական կրթօջախներ: Դրանք յուրօրինակ մտածողություն ունեցող ամբիոններ են, որտեղ ես կցանկանայի ուսանեին մեր ուսանողները: Եկեղեցական բարեգործական միությունների միջոցով հոգում ենք այս խնդիրները, որոնք նաեւ սոցիալապես անապահով ուսանողներին հատկացնում են կրթաթոշակ: Նախկինում ֆակուլտետը անվճար տեղեր չուներ: Այս տարի հատկացվել է 7 տեղ: Մյուս կիսամյակից մեզ մոտ անվճար ֆրանսերեն եւ անգլերեն լեզվի դասեր կանցկացվեն: Եվրոպական դպրոցներում պարտադիր են նաեւ հունարենի, լատիներենի եւ եբրայերենի դասերը, որոնք մեզ մոտ հետագայում կազմակերպելու նպատակ ունենք»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728