Լրահոս
Օրվա լրահոսը

Օ՜հ, փշոտ է կառավարություն տանող ճանապարհը

Փետրվար 17,2006 00:00

Օ՜հ, փշոտ է կառավարություն տանող ճանապարհը ՀՀԿ խորհրդի եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նոր ստեղծվող կուսակցություններին զգուշացնում է, որ եթե ձգտում են դեպի կառավարություն, ապա այդ ճանապարհը «խորդուբորդ» է: ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանից փորձեցինք հետաքրքրվել՝ ի վերջո, ի՞նչ է ակնկալում ՀՀԿ-ն 2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Մեր հարցին ի պատասխան, Տիգրան Թորոսյանը նկատեց. «Նախ ասեմ, որ, ընդհանրապես, կուսակցությունները, որոնք խորհրդարանում են, հենց առաջին նստաշրջանի սկզբից սկսում են պատրաստվել հաջորդ ընտրություններին: Ինչ վերաբերում է ավելի ակտիվ գործողություններին, նախընտրական քարոզչությանը եւ այլն, ապա դրանք կսկսվեն աշնանից: Առայժմ դժվար թե որեւէ մեկը շատ ակտիվ գործողությունների դիմի: Ի՞նչ է ակնկալելու «Հանրապետական» կուսակցությունը: Բանաձեւը շատ պարզ է՝ ցանկացած կուսակցություն, որը մասնակցում է խորհրդարանական ընտրությունների, միշտ պիտի աշխատի պահպանել այն, ինչ ունի եւ, եթե հնարավոր է, ինչ-որ բաներ ավելացնի իր տեղերին: Իհարկե, լինում են կուսակցություններ, որոնց դա հաջողվում է, լինում են կուսակցություններ, որոնց չի հաջողվում: «Հանրապետական» կուսակցությանը դա մինչ այժմ հաջողվել է, շարունակաբար կուսակցությունը մեծացրել է իր տեղերի թիվը խորհրդարանում՝ դեռեւս 90 թվականի ընտրություններից սկսած, բայց, միաժամանակ, ակնհայտ է, որ ուրիշների նման մենք թվերը իրար վրա չենք բաժանելու (ի դեպ, նման բաժանում անում է ՄԱԿ-ը, որը բացատրում է, որ եթե նախորդ խորհրդարանում ինքը ուներ մեկ պատգամավոր, հիմա՝ վեց, ուրեմն հաջորդում կունենա այդքան անգամ ավելի-Մ. Ե.) եւ ասելու, քանի որ այս դինամիկայով մեր տեղերը աճել են, ապա այդպես էլ պիտի շարունակվի: Ոչ, բնականաբար, կուսակցությունը պիտի աշխատի տեղեր չկորցնել եւ, եթե հաջողվի, ավելի մեծ թվով տեղեր ստանալ»: Իսկ թե ինչո՞ւ են նոր կուսակցությունները ստեղծվում իշխանական դաշտում, պարոն Թորոսյանի բացատրությունը հետեւյալն էր՝ որեւէ մեկը չի կարող արգելել, եթե մարդն ուզում է կուսակցություն ստեղծել, սակայն, մյուս կողմից, կուսակցությունների այսքան ուռճացված թիվը դեռեւս չի խոսում երկրում բազմակուսակցական համակարգի կայացման մասին: Ըստ մեր զրուցակցի, այսօր Հայաստանում դեռեւս չի կայացել բազմակուսակցական համակարգը, եւ դա ցավալի է. «Այս պարագայում նոր կուսակցությունների ստեղծումը կարող է օգտակար լինել, եթե կա ծրագիր, գաղափարախոսություն, եւ եթե նորաստեղծ կուսակցությունը կարող է ցույց տալ եղածների նկատմամբ իր տարբերությունները եւ նոր բան առաջարկել հասարակությանը»: Ըստ Տիգրան Թորոսյանի, արդեն տեւական ժամանակ նոր ստեղծվողները չեն գնում այս ճանապարհով: Վերջին շրջանում ստեղծվողներից եւս չի կարելի նոր բան ակնկալել. «Անկեղծ ասած, չեմ կարծում, որ առանձնապես նոր բան կտեսնենք կամ կլսենք: Եվ եթե այդ նոր ստեղծվողները չունեն նոր ասելիք, բայց, ընդունենք, որ ունեն հարազատ ծրագիր կամ գաղափարախոսություն, ուրեմն ինչո՞ւ ուրիշների հետ, որոնք գրեթե նույն ծրագիրն ունեն, չեն միավորվում եւ մեկ կուսակցության մեջ չեն փորձում իրենց ուժերը ներդնել՝ դրանով իսկ ավելի ամուր կուսակցություն ստեղծելով եւ ծրագրերը իրագործելու համար ավելի մեծ հնարավորություն ստանալով»: Իսկ թե ինչո՞ւ այդպես չի լինում՝ Տիգրան Թորոսյանի համար պարզ է: Սա նշանակում է, կան մարդիկ, որոնք մի կողմից ունեն անձնական ինչ-ինչ հավակնություններ եւ նկրտումներ, մյուս կողմից՝ «որը ավելի ցավալի է, տեսնում են, որ կուսակցությունները հնարավորություն են ստանում կառավարություն ձեւավորելու գործընթացին մասնակցել, նախարարական տեղերի համար թեկնածուներ առաջադրել, եւ սա թերեւս իրենց համար գրավիչ է եւ սրանով են առաջնորդվում: Չէի ուզենա, որ այսօր ստեղծվող կուսակցություններն այդ ճանապարհով գնային, որովհետեւ այդ ճանապարհը խորդուբորդ է եւ որեւէ տեղ չի տանում, կարճ ժամանակից ամեն ինչ քանդվելու է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել