Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական

Փետրվար 17,2006 00:00

Հայկական «Դոն Ժուան»՝ ավստրիական ռեժիսուրայով Մոցարտի ծննդյան 250-ամյակի շրջանակներում այս աշնանը օպերային արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան ներկա գտնվելու Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի բեմադրած Մոցարտի «Դոն Ժուան» օպերային ներկայացման պրեմիերային: Այն կբեմադրի Մոցարտի հայրենակից, ավստրիացի օպերային ռեժիսոր Նադյա Կայալին: Ռեժիսորին հանդիպեցինք երեկ, ստուդիայի մեներգիչների համերգի ավարտին, ուր հնչեցին արիաներ ու զուգերգեր՝ բացառապես ավստրիացի մեծ կոմպոզիտորի օպերաներից: Ն. Կայալին «Առավոտին» հաղորդեց, որ «Դոն Ժուանի» գաղափարը արդյունք է Երեւանի պետկոնսերվատորիայի ղեկավարության եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Հայդե-Մարիա Գյուրերի բանակցությունների: Առաջին անգամ Երեւան այցելած ռեժիսորը մեզ փոխանցեց, որ իր համար հայտնագործություն չէ հայաստանցի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը: «Ոչ միայն Վիեննայում, այլեւ Եվրոպայի այլ քաղաքներում առիթ եմ ունեցել շփվել հայ երաժիշտների հետ: Հավանաբար չկա մի սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ հանդիպած չլինեմ հայ արտիստների: Հիացած եմ հատկապես հայկական վոկալ եւ կոմոզիտորական դպրոցներով: Նշեմ, որ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը անցյալ դարից դուրս չի գալիս Վիեննայի օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկից (մինչդեռ հայ հանդիսատեսը հույսով սպասում է այն տեսնել մեր օպերային թատրոնում-Ս. Դ.)»,- ասաց արվեստագետը: Ն. Կայալին անդրադառնալով «Դոն Ժուանին», ոգեւորությամբ շեշտեց. «Անկախ նրանից՝ ես կբեմադրեի, թե գործընկերներիցս որեւէ մեկը, սա եւս մեկ խթան կհանդիսանա ավստրիացի ու հայ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների համար»: Մենք էլ, անդրադառնալով մոցարտյան տարվան, ներկայացնելով մինչ այսօր կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակին նվիրված երեւանյան միջոցառումները, հետաքրքրվեցինք, թե այս առիթով ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Ավստրիայում: Ռեժիսորը մեզ ներկայացրեց մի հաստափոր կատալոգ (մոտ 500 էջանոց, տպված մանր տառատեսակով), տեղեկացնելով, որ դրանք ընդամենը Վիեննայում կայանալիք միջոցառումներն են: Ավստրիայի կառավարությունը տարբեր երկրներում էլ է իր դեսպանատների հետ համատեղ կազմակերպում միջոցառումներ՝ այդպես մեծարելով Մոցարտին: Նկատի ունենալով, որ օպերային արվեստը թանկարժեք հաճույք է ցանկացած պետության, այդ թվում եւ զարգացած երկրների համար եւ, տեղեկություն ունենալով, որ Ավստրիայում մեկ կամերային օպերային ներկայացման բեմադրությունը արժենում է ավելի քան 30 հազար եվրո, հետաքրքրվեցինք, թե հայկական «Դոն Ժուանը» ի՞նչ միջոցներով պետք է բեմադրվի: «Այո, ճիշտ է, օպերային արվեստը եւ օպերային թատրոն ունենալը թանկ հաճույք է: Մեզ՝ օպերային արվեստի ավստրիացի արվեստագետներիս չի հետաքրքրում այս կամ այն ներկայացման «գինը». դա կառավարության ու երաժշտարվեստը կարգավորող համապատասխան մարմնի եւ օպերային արվեստը հովանավորող բարերարների գործն է: Հետեւաբար, Հայաստանի «Դոն Ժուանի» դեպքում էլ, ինձ, համոզված եմ՝ նաեւ ձեզ, պետք է որ հետաքրքրի վերջնական արդյունքը: Միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես ֆինանսը, այո, երաժշտության հետ կապ ունի, բայց այնքանով, որքանով…»,- հայտնեց Նադյա Կայալին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել