Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթը եւ ոստիկանապետությունը՝ ըստ Կասպարովի

Հունիս 24,2006 00:00

Շախմատի
աշխարհի նախկին չեմպիոնի կարծիքով՝ «ցանկացած ընդդիմություն շանս ունի» Շախմատի
աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի՝ արեւմտյան Standard էլեկտրոնային պարբերականին
տված հարցազրույցում ներկայումս ընդդիմադիր քաղաքական գործչի վերածված Կասպարովը
դիպչում է ներռուսաստանյան, ինչպես նաեւ միջազգային քաղաքական իրականության որոշ
զգայուն նյարդերի: Ստորեւ՝ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այդ հարցազրույցը,
որում տեղ գտած որոշ շեշտադրումներ, անկասկած, արդիական են նաեւ հայաստանյան իրականության
համար: Standard-ի լրագրողի եւ Կասպարովի զրույցի ընթացքը զարգանում է վերջինիս արտահայտած
այն ելակետային պնդումից, թե ՌԴ նախագահ Պուտինն իր իշխանությունը պահում է նավթից
Արեւմուտքի կախվածության շնորհիվ: – Դուք համարում եք, որ արեւմտյան ժողովրդավարությունը
միջոցներ չունի բռնապետների դեմ պայքարելու համար, քանի որ այն կախված է նավթից ու
գազից: Ըստ ձեզ, որքա՞ն հեռու կարող է գնալ Պուտինը Արեւմուտքին ճնշելու գործում:
– Պուտինի խաղը հասկանալի է: Միջազգային հարաբերություններում նրան լարվածություն
է անհրաժեշտ: Նրան պետք է Իրանը, որ միջուկային զենքը զարգացնի: Նրան պետք է «Համասը»,
որ Մերձավոր Արեւելքում իրավիճակը վտանգավոր ու ոչ թափանցիկ լինի, քանի որ դա կնպաստի
նավթի գնի բարձրացմանը: Եթե նավթի գինն ընկնի, ապա Պուտինի դիրքերն առանձնապես ամուր
չեն լինի: Լարվածություն. ահա Ռուսաստանի նախագահին անհրաժեշտ միջազգային քաղաքական
կլիման, եւ ինչ էլ հիմա նա անում է, ծառայում է մեն-միակ նպատակին՝ ուժեղացնել Արեւմուտքի
վրա ճնշումը: – Դուք սատարում եք ռուսաստանյան ընդդիմությանը: Հաջողության
ի՞նչ շանսեր ունեք այն պարագայում, երբ երկրի ԶԼՄ-ները գտնվում են Պուտինի վերահսկողության
տակ: – Ցանկացած ընդդիմություն ունի շանս, եթե մարդիկ պատրաստ են ինչ-որ բան
ձեռնարկել: Ռուսաստանը ոչ թե ժողովրդավարական, այլ ոստիկանական պետություն է: Բայց
արդեն զգացվում է, որ մեր երկրի բնակչությունը, տեսնելով իր սեփական կենցաղի ու հեռուստատեսությամբ
ցուցադրվող վիրտուալ իրականության միջեւ եղած ու ահագնացող անդունդը, աստիճանաբար
ավելի է հիասթափվում: Մարդիկ հեռուստացույցով տեսնում են, որ երկրում շատ փող կա
եւ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչու այդ փողը չի ծառայում իրենց կենսամակարդակի
բարձրացմանը: Տեղի է ունենում այն իրողության երկարատեւ, սակայն հաստատուն գիտակցումը,
որ երկրի քաղաքական համակարգում ինչ-որ բան խափանված է: Արդեն հստակ նշաններ կան,
որ այդ գիտակցումը մարդկանց քաղաքականապես ավելի ակտիվ է դարձնում: – Կարո՞ղ
եք կոնկրետ օրինակ բերել: – Ներկայումս Ռուսաստանում մոտ երկու միլիոն աջակողմյան
ղեկով ավտոմեքենա կա, գլխավորապես՝ Ճապոնիայի երկրորդային շուկաներից ձեռք բերված:
Անցած գարնանը կառավարությունը որոշեց դրանցից ազատվել: Բայց մարդիկ, սկսած Վլադիվոստոկից
մինչեւ Մոսկվա, հինգ օրվա ընթացքում ինտերնետի միջոցով պայմանավորվեցին եւ բողոքարկեցին
կառավարության այդ որոշումը: Վերջինիս այլ բան չէր մնում անել, քան տեղի տալ: Վերջին
ամիսներին ես շատ եմ շրջագայել երկրում, եղել եմ ավելի քան 20 ռեգիոններում եւ կարող
եմ պնդել. մարդիկ զայրացած են ու նախկինի համեմատ ավելի վճռական են տրամադրված կառավարության
հանդեպ: – Դուք նավթը համարում եք բռնապետության հենքը: Ձեր կարծիքով՝ Արեւմուտքն
ի՞նչ պետք է անի նավթային կախվածությունից ազատվելու համար: – Այսօր մենք
քննարկումներ ենք անցկացնում տիեզերական թռիչքների ու, մասնավորապես, Լուսնի յուրացման
նախագծերի շուրջ: Բայց ինչպե՞ս կարելի է, դրանով հանդերձ, ապրել 19-րդ դարում հորինված
շարժիչներով: Մի պահ պատկերացրեք, որ մենք կարող ենք յոլա գնալ առանց նավթի: Այդ
դեպքում ահաբեկչության դեմ պայքարը կմնար անցյալում, քանի որ փող չէր լինի այնպիսի
դաժան կազմակերպությունների ֆինանսավորման համար, ինչպիսին, օրինակ, «Համասն» է:
Ժամանակն է, որ արեւմտյան պետությունների գլուխ կանգնեն գործունակ պետական գործիչները,
այլ ոչ թե հեռանկարային որոշումներ կայացնելուց վախեցող վարչարարները: Պատրաստեց
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել