Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 12,2006 00:00

\"\"«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի վերաբերյալ այս հեռանկարն է ուրվագծում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Հովհաննես Մարգարյանը նախ նշեց, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների այն նախագիծը, որի ներքո ստորագրել էին ԱԺ բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, եթե այսօր էլ քննարկվեր այդ տեսքով ու ընդունվեր փոխհամաձայնեցված տարբերակով, «ապա կարելի կլիներ վստահորեն փաստել, որ այս բարեփոխումն իր ուղղակի եւ էական ազդեցությունը կունենար առաջիկա համապետական ընտրությունների կազմակերպման վրա եւ ամբողջապես միտված կլիներ նպաստելու ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը»: Սակայն ըստ ՕԵԿ խմբակցության անդամի՝ «Ցավով կարելի է փաստել, որ գործընթացն ԱԺ նախագահի կողմից աստիճանաբար շեղվեց իր բնականոն հունից, որի արդյունքում ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը հերթով սկսեցին հետ կանչել իրենց ստորագրությունները»:

«Օրինաց երկիրը» դեռ շարունակում է մնալ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների համահեղինակ: Եվ ինչպես նշեց Հովհաննես Մարգարյանը՝ իրենք մի շարք սկզբունքային առաջարկներ են արել, «որոնք մինչ այսօր չեն ընդունվում նախագծի մյուս հեղինակների, մասնավորապես՝ ՀՀԿ-ի կողմից: Դեռ ավելին՝ առաջին ընթերցմամբ ընդունված առաջարկների մի մասը հանվեց 2-րդ ընթերցման նախագծից»: Նշեց նման մի քանի օրինակներ, որոնցից առաջինը վերաբերում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը. «ՕԵԿ-ը սկզբունքորեն դեմ է հանձնաժողովի դատավոր անդամներին դատական ծառայողներով փոխարինելուն: Սա լրջորեն վտանգում է հանձնաժողովների ձեւավորման հավասարակշռության սկզբունքը: Մենք առաջարկում ենք, որ հանձնաժողովները ձեւավորվեն քաղաքական ուժերի եւ իշխանության ներկայացուցիչներից ՀՀ նախագահի կողմից երկուական անդամ նշանակելու սկզբունքով»:

ՕԵԿ-ի մերժված այլ առաջարկներն են. «Առաջարկում էինք, որ ընտրության մասնակից քաղաքացիների անձնագրերում դրվի կնիք, որը կբացառեր կրկնակի քվեարկությունը: Մեզ համար անընդունելի է, որ զինված ուժերի ընտրացուցակները կազմեն ու վարեն զորամասերի հրամանատարները: Այդ դեպքում անհնար կլինի զինվորների քվեարկության վերահսկումը եւ ինչքա՛ն ուզեն, որտե՛ղ ուզեն կմասնակցեն ու կքվեարկեն: Անընդունելի է նաեւ շրջիկ քվեատուփերի կիրառումը՝ այն բազմաթիվ կեղծիքների միջոց է: Ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է տեղամասում կատարվի առանձին տրցակների հաշվարկով ու կազմվի միջանկյալ արձանագրություն: Վերջինս պետք է դառնա ամփոփ արձանագրության բաղկացուցիչ մաս: Փոխհամաձայնեցված այս մեխանիզմը նույնպես հանվել է նախագծից: Մեզ համար սկզբունքային հարց է նաեւ ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման գործընթացի պարտադիր տեսանկարահանումը, մասնակիցների թվի վերաբերյալ վերջնական պաշտոնական տվյալների հրապարակումը մինչեւ քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 1:00-ը, եւ ընտրատեղամասերի կնիքները ԿԸՀ-ին հանձնումը մինչեւ բողոքարկման ժամկետի ավարտը: Մենք դեմ ենք նաեւ ընտրատարածքներն ընտրությունից 90 օր առաջ ձեւափոխելուն, քանզի կարծում ենք, որ դա արվում է որոշ մեծամասնական թեկնածուների շահերից ելնելով»:

Հովհաննես Մարգարյանը պնդեց, որ օրենսգիրքը պետք է հնարավորություն ընձեռի ընտրական հանձնաժողովի անդամին որոշակի բացառիկ դեպքերում հետ կանչելու: Մինչդեռ այս դրույթը 2-րդ ընթերցումից առաջ հանվել է: «Առաջին ընթերցման ժամանակ ընդունվեց այն դրույթը, որ ընտրական հանձնաժողովի անդամության վկայական ստանալու համար հիմք է հանդիսանալու քաղաքացիների մասնակցությունը դասընթացներին, այլ ոչ թե որակավորման ստուգարքը, որին մենք նույնպես դեմ ենք,- ասաց ՕԵԿ անդամը:- Արհեստական բավական մեծ ընտրական շեմ է սահմանվում նախընտրական դաշինքների համար. 2 կուսակցություն՝ 7%, 3 եւ ավելի կուսակցությունների դաշինքի համար՝ 10%: Արատավոր մոտեցում է ցուցաբերված նաեւ նախագծի նախընտրական քարոզչության բաժնում, որի համաձայն՝ մասնավոր հեռուստաընկերությունները վճարովի եթերի համար կարող են սահմանել կամայական գին: Օրենքով առավելագույն գին չսահմանելը քարոզարշավին մասնակցող բազմաթիվ կուսակցությունների կզրկի հնարավորությունից մյուսների հետ միասին հավասար պայմաններով իրականացնել նախընտրական քարոզչություն: Իսկ մեր առաջարկը՝ օրենսդրորեն սահմանել 1 րոպե վճարովի եթերի գնի առավելագույն շեմ, այդպես էլ չընդունվեց»:

ՕԵԿ խմբակցության անդամը հայտնեց, որ առայժմ չունեն «Ընտրական օրենսգրքի» 2-րդ ընթերցման նախագիծը. «Այն մեզ ներկայացնելուց հետո կքննարկենք: Եվ եթե ՕԵԿ-ի սկզբունքային առաջարկությունները չընդունվեն՝ բնականաբար, մենք կհանենք մեր ստորագրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել