Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

Դեկտեմբեր 12,2006 00:00

\"\"ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նոր սահմանադրությանն «այո» է ասել ոչ թե անձնական նկատառումներով, այլ միջազգային հանրության կողմից Արցախը ճանաչել տալու համար:

Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացվեց սահմանադրական հանրաքվե: Քվեարկելու իրավունք ունեցող 89 հազար 44 արցախցիներից հանրաքվեին մասնակցել է 74. 541 մարդ, այսինքն՝ բնակչության 80%-ից ավելին: ԼՂՀ սահմանադրության հանրաքվեին դեմ է արտահայտվել 549 արցախցի:

Ղարաբաղի սահմանադրության համաձայն, երկրի կառավարումն այսուհետեւ կդառնա կիսանախագահական. նախագահի որոշ պարտականություններն ու լիազորությունները կանցնեն Արցախի խորհրդարանին: Այդուհանդերձ, արցախցիները գտնում էին, որ սահմանադրական հանրաքվեի անցկացումը ձեռնտու է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, քանի որ նոր սահմանադրությամբ Ա. Ղուկասյանը հնարավորություն կունենա 3-րդ անգամ վերընտրվելու: Այս առնչությամբ պարոն Ղուկասյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց՝ «Ինձ թվում է՝ ես բոլոր լեզուներով արտահայտվել եմ այդ հարցի վերաբերյալ: Այդ թեման ինձ համար փակ է»: ԼՂՀ նախագահը հանրաքվեի կարեւորությունն այսպես բացատրեց. «Դրանով որոշվում է ԼՂ ժողովրդի ճակատագիրը: Ժողովրդավարությունը պատմական շանս է Ղարաբաղի համար, իհարկե, դա չի նշանակում, որ վաղը մեզ կճանաչեն, բայց մենք այլ ելք չունենք: Եթե մենք ուզում ենք ճանաչվել միջազգային հանրության կողմից, պետք է կարողանանք կառուցել ժողովրդավարական պետություն եւ այդ համատեքստում սահմանադրությունը շատ տեղին է: Մենք շահագրգռված ենք, որ աշխարհը տեսնի, հասկանա եւ գիտակցի այն, ինչ տեղի է ունենում Արցախում, եկեք հիշենք մեր ապրած տարիները, երբ չկար հաց, ջուր, գազ եւ մեզ ռմբակոծում էին: Այսօր մենք հաղթել ենք պատերազմը եւ արդյունքն այն է, որ ստեղծել ենք պետություն: Իսկ միջազգային հանրությունն անպայման ընդունելու է հանրաքվեի արդյունքները, եթե այսօր չընդունեց, ընդունելու է վաղը կամ մյուս օրը, ես որեւէ կասկած չունեմ»: Հարցին, թե սահմանադրական հանրաքվեն կարո՞ղ է ազդել բանակցային գործընթացի վրա, ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Եթե ազդի էլ, ապա՝ դրական: Ես ենթադրում եմ, որ այս սահմանադրությունը ընդունվում է բանակցային գործընթացի տրամաբանության շրջանակներում»:

Հանրաքվեի ընթացքին հետեւելու եկած թե միջազգային, թե հայաստանյան եւ թե տեղական դիտորդները կարծիք հայտնեցին, որ ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեի ժամանակ պահպանվել են միջազգային չափանիշները, քվեարկությունը եղել է ազատ ու թափանցիկ եւ առանց խախտումների: Միջազգային դիտորդ՝ իտալացի իրավապաշտպան, LIDIP կազմակերպության ներկայացուցիչ Լուչանո Արդեզին, որն իր դիտորդական առաքելությունն անցկացրել էր Արցախի Մարտակերտի շրջանի Մեխմանի գյուղում, ասաց. «Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեն ուղղված չէր ինչ-որ մեկի դեմ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ազատ արտահայտելու իր կամքը, յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորման իրավունքը: Հարց է ծագում, ինչո՞ւ ալբանացիները Կոսովոյում պետք է ունենան իրենց իրավունքները, իսկ մյուս ազգերը՝ ղարաբաղցիները, օսեթները, չունենան: Ինչո՞ւ նույն բանը չի կարելի անել այստեղ: Միջազգային հանրությունը մի տեղ իրեն դրսեւորում է, մեկ այլ տեղ՝ աչքերը փակում, այսինքն՝ անհավասա՞ր են ազգերի նկատմամբ»:

«Սերբական շարժում» կազմակերպության ղեկավար, ֆրանսաբնակ Միլա Ալաշկովիչի կարծիքով էլ, Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի քվեարկելու եւ, ինչո՞ւ չէ՝ Հայաստանին միանալու. «Ես դիտարկման համար ընտրել եմ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հեռավոր գյուղերը, այն գյուղերը, որոնք մոտ են սահմանին, որպեսզի նաեւ պարզեմ, թե ինչ մթնոլորտ է այնտեղ տիրում: Բացի քաղաքական կողմից, ինձ՝ որպես հոգեբանի, հետաքրքրում էր նաեւ հոգեբանական կողմը: Թեեւ ինձ չի հաջողվել լինել բոլոր շրջաններում, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ հանրաքվեն անցել է առանց խախտումների»:

Չնայած Արցախում տիրող մեծ ոգեւորությանը, այնուամենայնիվ, Ստեփանակերտում կային մարդիկ, որոնք հանրաքվեի մասին ինչպես հարկն է տեղեկացված չեն եղել: Նրանք դժգոհում էին, որ սահմանադրության վերաբերյալ հասարակական քննարկումներ, ըստ էության, չեն եղել եւ իրենք երկրի կարեւորագույն փաստաթղթի կետերին ծանոթ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել