Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ՝ Շենգավիթի դատարանում

Դեկտեմբեր 15,2006 00:00

Հատկապես կարեւորագույն գործերով քննիչը առայժմ վկա է

Այս տարվա մարտից Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում լսվում է Հրաչ Սահակյանի, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների դեմ հարուցված քրեական գործը: Նրանք մեղադրվում են անցյալ տարվա օգոստոսի 11-ին Չեխովի փողոցի 36 շենքի մոտ Մեսրոպ Մաքոյանին սպանելու մեջ:

Նախաքննությունը ընթացել է համայնքի դատախազությունում, ապա հարազատների բողոքներից հետո տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչություն: Ամբաստանյալների պաշտպաններ Ռոբերտ Գրիգորյանի, Ռուբեն Բալաբանյանի եւ Աղասի Աթաբեկյանի միջնորդությամբ չորեքշաբթի դատարան էր կանչվել գլխավոր դատախազության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վարդան Մուրադյանը: Քննիչներին, առհասարակ, ընդունված չէ դատարան կանչել, եւ այս «այցը» կարեւորվում էր նրանով, որ Մուրադյանը պետք է պատասխաներ, թե արդյոք բռնություններ, ճնշումներ եղել են մեղադրյալների, վկաների նկատմամբ: Ուշադրության արժանի էր այն, որ դատարանում Մուրադյանի հարցաքննության ժամանակ նրան ձայնագրում էին գլխավոր դատախազության իր գործընկերները՝ մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Սամվել Մնացականյանը: Վերջիններս իրենց հարցադրումների ժամանակ ասացին, որ վկա Մելքոն Վարդանյանը նախաքննական մարմնից կախվածության մեջ է եղել, նրա «փեշը վառված էր»՝ նախկինում դատված էր եւ որ քննությունն օգտագործել է այդ հանգամանքը: Դատարանում հարցաքննվող քննիչն ասաց, որ Վարդանյանի նկատմամբ խորթ մեթոդներ չեն կիրառվել:

Սակայն «Առավոտը» դատական ռեպորտաժներից մեկում հրապարակել էր Մելքոնի նամակը, ուր նա անվտանգության երաշխիքներ էր խնդրում թերթից: Հիշեցնենք, որ մեր թերթի միջամտությամբ մեկ անգամ էլ կանխվել է այս վկայի առեւանգումը Շենգավիթի ոստիկանների կողմից: Մեղադրող Սամվել Մնացականյանը քննիչին հարցաքննելու ժամանակ հայտնեց, որ ստուգվել են մեղադրյալ Զավեն Մկրտչյանի եւ վկա Արեւիկ Առաքելյանի հեռախոսային խոսակցության վերծանումները: «Հնարավոր է այդ վերծանությունները ձեր կողմից կեղծված լինեն» հարցը բացառեց ՀԿԳ քննիչը: Մեղադրողը, ի զարմանս դատական նիստի մասնակիցների, սկանդալային հայտարարություն արեց. «ԱրմենՏելի» նոր վերծանումները տարբերվում են գործում եղած վերծանումներից նրանով, որ այդ զանգը ֆիքսված է արտերկրից, իսկ քրգործին կցվածը այդ զանգի վերաբերյալ տեղեկություններ չի պարունակում»: Դա կարեւոր բացահայտում էր, որովհետեւ մեղադրյալները մինչ օրս պնդում են, որ 3 մեղադրյալները տեղյակ չեն սպանությունից: Այս գործով չի հայտնաբերվել սպանության գործիքը՝ դանակը: Այսինքն՝ ապացույցը չկա:

Երբ դատավոր Գագիկ Խանդանյանը մե ջբերելով վկա Աննա Մուրադյանի ասածը, թե «կատարվածը ոստիկանների ստեղծագործությունն է», հարցրեց քննիչին, թե «ում ստեղծագործությունն է այս գործը», կարմրած քննիչը պատասխանեց. «Թե դա ում ստեղծագործության արդյունքն է՝ չեմ կարող ասել»: Քննիչ Մուրադյանը չկարողացավ պատասխանել մեղադրյալ Վլադիմիր Մկրտչյանի պաշտպան, փաստաբան Աղասի Աթաբեկյանի հարցին էլ, թե ճնշումներ եղե՞լ են վկա Աննա Բեկնազարյանի նկատմամբ: Պարզվեց, որ այս ուսանողուհու վրա նախաքննության ժամանակ ատրճանակ են պահել, փորձել են հակագազ հագցնել: Ա. Աթաբեկյանին հետաքրքրեց նաեւ, թե որեւէ գործարք առաջարկվե՞լ է մեղադրյալներին: Քննիչը հերքեց: Մինչդեռ «Քննիչի պարտավորագիրը» հոդվածում «Առավոտը» հրապարակել էր Շենգավիթի դատախազության քննիչ Ռուբեն Կիրակոսյանի գրավոր պարտավորագիրը, որով խոստանում էր ազատել մեղադրյալ Հրաչ Սահակյանին: Ի դեպ, այսօր այս քննիչն էլ կհարցաքննվի դատարանում:

«Առավոտը» մարտի 4-ին հրապարակել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազի հրամանի առիթ դարձած մի փաստաթուղթ: Դատախազության քննչական վարչությունը, ըստ այդ փաստաթղթի, հանձնարարական էր տվել ԱԱԾ մեկուսարանի պատասխանատուին (հիշեցնենք, որ ձեւականորեն այդ մեկուսարանը արդարադատության նախարարությանն է)՝ գաղտնալսել փաստաբաններին: Քննիչին երբ պաշտպանը հարցրեց, թե տեղյա՞կ է «Առավոտի» «Փաստաբաններին անարգել գաղտնալսել են ԿԳԲ-ում» հրապարակումից, ասաց՝ ոչ: Նա հայտնեց, որ գաղտնալսումը չի իրականացվել եւ որեւէ կեղծ ապացույց գործով ձեռք չի բերվել: Մինչդեռ «Առավոտի» հրապարակումից հետո գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեզ տեղեկացրել էր, որ հրապարակվածը ճիշտ է եւ 3 անձ պատասխանատվության են ենթարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել