Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիում, ինչպես Երեւանում

Մարտ 20,2007 00:00

\"\"Ըստ Սոչիի երգեհոնային եւ կամերային երաժշտության համերգասրահի ղեկավար, դաշնակահարուհի Վալերիա Անֆինոգենովայի, իրենց TV-ներն էլ դասական արվեստ չեն պրոպագանդում:

Վալերիա Անֆինոգենովան «Ա. Խաչատրյան» համերգասրահում, մարտի 23-ին, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա մենահամերգով:

«Առավոտը» հանդիպեց դաշնակահարուհուն եւ խնդրեց տեղեկացնել, թե ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպիսի՞ն է Սոչիի մշակութային կյանքը: Վ. Անֆինոգենովան հայտնեց, որ ինքը հետխորհրդային շրջանում սկսել է ավելի խորը ուսումնասիրել ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթը: Նա տեղեկացրեց, որ հայաստանցի արվեստագետների հետ շփումը սկսել է անցյալ տարի մայիսին Սոչիում A-320 աերոբուսի վթարից հետո կազմակերպված բարեգործական համերգի առիթով. «Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ կայացավ բարեգործական համերգ, հրավիրել էինք դիրիժոր Ռուբեն Ասատրյանին, երգեհոնահար Արթուր Ադամյանին: Սոչիի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Խաչատրյանի, Միրզոյանի եւ այլոց երկերը: Համերգի ավարտին երդվեցինք, որ հայերի հետ հանդիպենք այլեւս ուրախ առիթներով: Ինչը չուշացավ. հուլիսին երգեհոնահար Արթուր Ադամյանը կրկին եկավ Սոչի, մասնակցեց տեղի ավանդական դարձած երգեհոնային միջազգային փառատոնին: Իսկ աշնանն էլ Սոչիի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, հնչեցրեց Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», ընդ որում՝ ռոյալի պարտիան կատարեց Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, այժմ սոչիաբնակ դաշնակահար Սուրեն Վարդանյանը»:

Տիկին Անֆինոգենովան մտահոգություն հայտ նեց, որ ներկայումս Սոչիից երիտասարդ արվեստագետները պարզապես փախչում են խոշոր մշակութային կենտրոններ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ եւ այլուր. «Խորհրդային տարիներին մենք չէինք զգում, որ, օրինակ, Սոչին չունի սիմֆոնիկ նվագախումբ (տեղի նվագախումբը 5 տարեկան է) կամ կոնսերվատորիա, որովհետեւ տարին տասներկու ամիս, մանավանդ՝ ամռանը, մեկը մյուսի հետեւից հյուրախաղերի էին գալիս ոչ միայն մենակատարներ, այլեւ նվագախմբեր»:

Դաշնակահարուհու հետ զրույցում պարզեցինք, որ իրենց՝ տեղական 4 հեռուստաընկերությունները նույն վերաբերմունքն ունեն դասական արվեստի հանդեպ, ինչպես հայաստանյան TV-ները: Դրանք «մատների արանքով» են նայում դասական արվեստին: «Փոխարենը ես, որպես համերգասրահի գեղարվեստական ղեկավար, համագործակցում եմ թերթերի հետ: Ադմինիստրատիվ աշխատանքի փորձս շատ չէ, բայց ունկնդրին կարողանում ենք շահագրգռել ու բերել դահլիճ: Նշեմ, որ մեզ մոտ դեռ չի գործում մենեջմենթը, փոխարենն ունենք բազմապրոֆիլ ադմինիստրատորներ»,- նշեց նա: Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս են շահագրգռում ունկնդրին, Վ. Անֆինոգենովան ասաց, որ իրենց մոտ գործում է աբոնեմենտային կարգը, հետո էլ ավելացրեց. «Ոչ բոլոր համերգներին, բայց լինում են այնպիսիք, որոնց ժամանակ ունկնդրին հրավիրում ենք բեմ եւ նա հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ, կատարելով, օրինակ, հարվածային գործիքների պարտիաներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել