Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՃԵՐՈՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Մայիս 17,2007 00:00

Միջազգային դիտորդական առաքելության «Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ» հայտարարության մեջ արձանագրվել է նախնական եզրակացություն՝ ընտրական գործընթացների դատական բողոքարկումների վերաբերյալ: Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը իր պարզաբանումն էր ուղարկել նաեւ «Առավոտին». «Արձանագրվել է, որ դատարանի որոշումները որոշ դեպքերում կամայական են եղել եւ ոչ հետեւողական: Նման եզրակացությունը հիմնավորող օրինակ են 2 տարբեր ընտրատարածքներում գրանցված պատգամավորության թեկնածուների գրանցումներն անվավեր ճանաչելու մասին դատական գործերը: Ըստ հայտարարության, դատարանը մի դեպքում բավարարել է թեկնածուի պահանջը պատգամավորության այլ թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու մասին (թիվ 19 ընտրատարածք), իսկ մյուս դեպքում՝ մերժել է պատգամավորության թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը (թիվ 39 ընտրատարածք)՝ այն հիմքով, որ մրցակից թեկնածուն իրավասություն չունի դատարան դիմելու այլ թեկնածուի գրանցումը վիճարկելու պահանջով»:

Խոսքը ապրիլի 10-ին Արմավիրի դատարանի վճռի մասին է, երբ «դատարանը բավարարել է պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը եւ անվավեր է ճանաչել պատգամավորության երկու այլ թեկնածուներին գրանցելու մասին որոշումները, նրանց համարել է չգրանցված, քանի որ մի թեկնածուին առաջադրած նախաձեռնող խմբի ցուցակում առկա են եղել 3, իսկ մեկ այլ թեկնածուի նախաձեռնող խմբի ցուցակում՝ 2 կեղծված ստորագրություններ: Նշված թեկնածուների մոտ կեղծված ստորագրությունների բացառման պայմաններում առաջադրումների քանակը դառնում էր համապատասխանաբար 47 եւ 48»: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի պարզաբանման, դատարանը կիրառել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջը, ըստ որի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջադրված թեկնածուի գրանցումը մերժում է, եթե գրանցման եւ (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Մեկ այլ գործ էլ մայիսի 8-ին քննել է Վայոց ձորի դատարանը. պատգամավորության թեկնածուի դիմումն ընդդեմ թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ մրցակից թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին: Թեկնածուն իր նախընտրական քարոզչության պաստառներում օգտագործել էր ՀՀ դրոշի պատկերը: Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, դատարանը դիմումը բավարարել է մասնակի՝ պատգամավորության թեկնածուին պարտավորեցրել է վերացնել նախընտրական քարոզչության ժամանակ թույլ տված խախտումները, սակայն նրա թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը մերժել է: «Ցանկանում ենք արձանագրել, որ մերժման հիմնավորումը եղել է ոչ թե դիմող թեկնածուի՝ նման պահանջ ներկայացնելու իրավասության բացակայությունը, այլ այն, որ արձանագրված խախտումը, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, բավարար հիմք չէ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու համար»,- գտնում է վճռաբեկ դատարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել