Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանից հետ ենք, Ադրբեջանից՝ առաջ

Սեպտեմբեր 21,2007 00:00

\"\"Մեր երկիրը աբորտների, չբերության եւ սեռավարակների տարածման ցուցանիշներով տարածաշրջանում միջին տեղերում է:

Հայաստանում մոտ 30 տոկոս կանանց եւ տղամարդկանց չբերություն կա, որի հիմնական պատճառները սեռավարակներն ու աբորտներն են: Ադրբեջանում սեռավարակների եւ աբորտների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան Հայաստանում: Իսկ Վրաստանում այս առումով վիճակն ավելի բարվոք է: Այս տվյալները ներկայացվեցին օրերս Բաթումում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Հարավային Կովկասի երիտասարդության վերարտադրողական առողջությանն ուղղված նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած եռօրյա երիտասարդական երկրորդ փառատոնում, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր մասնակից երկիր վերարտադրողական առողջության վերաբերյալ վիճակագրական տվյալներ էր բերում: Երեք երկրների մասնագետներն էլ փաստում էին, որ իրենց հանրապետությունում աբորտների, սեռավարակների ցուցանիշների բարձր լինելը պայմանավորված է դեռահասների շրջանում սեռական դաստիարակության եւ գիտելիքների բացակայությամբ: Վրաց մասնագետների տվյալներով, իրենց դեռահասների 72 տոկոսը ճիշտ սեռադաստիարակություն չի ստանում: Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, Ադրբեջանի դպրոցներում վերջին տարիներին սեռադաստիարակության մասին նոր առարկաներ են մտցրել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Ադրբեջանում բարեկամական եւ վաղաժամ ամուսնությունը (13-14 տարեկան) լայն տարածում ունի, այդ երկրում չբերության, սեռական հիվանդությունների ցուցանիշները բավականին բարձր են:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալ ներով՝ տարածաշրջանում բնակվում է 15-24 տարեկան մոտ 3 մլն երիտասարդ, որոնց փոքր մասն է տեղյակ վերարտադրողական առողջության մասին: Այդ իսկ պատճառով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների մեծ մասը հենց այդ տարիքային խմբում է: 15-24 տարեկան կանանց հիմնական խնդիրը ոչ ճիշտ սեռական հարաբերությունն է, որը բերում է անցանկալի հղիության եւ սեռավարակների տարծման:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2005-ին կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ երիտասարդների ընդամենը 13 տոկոսն է սեռական կյանքի մասին խոսում ծնողների հետ, իսկ մնացածն այդ մասին տեղեկություններ է ստանում պոռնոգրաֆիկ ֆիլմերից, ամսագրերից կամ այլ տեղերից, եւ, որպես կանոն, այդպիսի տեղեկությունները սխալ են լինում:

Անդրադառնալով Հայաստանին, մասնագետները նշում էին, որ մեր հասարակության 70 տոկոսը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման 3 հիմնական մեթոդ գիտի՝ չզբաղվել սեռական կյանքով, հավատարիմ լինել զուգընկերոջը եւ պահպանակ օգտագործել: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առաջին երկու մեթոդները չեն կիրառվում: Հայաստանում կատարած հարցումները ցույց են տվել, որ այն ամենը, ինչ մարդիկ գիտեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդության մասին, այն է, որ վարակը համբուրվելուց, մոծակի խայթոցից եւ միեւնույն լոգարանից օգտվելու դեպքում չի փոխանցվում:

Ըստ ուսումնասիրությունների, Հայաստանում ծնելիությունը բավականին նվազել է: Ծննդաբերության միջին տարիքը 22 է, եւ միայն 2 տոկոս կանայք են իրենց առաջնեկին ունենում 15-19 տարեկանում, այսինքն՝ մեր երկրում սկսել են ուշ երեխա ունենալ: Եթե նախկինում կանանց մեծ մասը սեռական հարաբերություն առաջին անգամ ունենում էր 23 տարեկանում, ապա նախորդ տարվա ցուցանիշներով առաջին սեռական փորձը տեղի է ունենում 21 տարեկանում: ՄԱԿ-ի տվյալներով՝ հայ կանանց չնչին տոկոսն է մինչեւ 15 տարեկանը սեռական կյանքով ապրում: Միջին թվով՝ հայ կանայք տարեկան կատարում են 1.8 արհեստական վիժում, ինչը հաճախ բերում է չբերության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել