Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցիները զիջում են սփյուռքահայերին

Սեպտեմբեր 21,2007 00:00

Օլիմպիադան ցույց տվեց, որ Սիրիայի հայ աշակերտները բանավոր խոսքից ամենապատրաստվածն էին, իսկ ռուսաստանցիները՝ հակառակը:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեկ ամփոփվեցին Հայոց լեզվի եւ գրականության համահայկական 3-րդ օլիմպիադայի եւ Հայագիտական գիտելիքների մրցույթի արդյունքները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցած այս միջոցառմանը մասնակցում էր 14 եւ բարձր տարիքի 107 աշակերտ՝ 9 երկրից: Նրանցից 73-ը Հայաստան էր ժամանել արտերկրից, 34-ը՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դպրոցների աշակերտներն էին: «Մեր խնդիրը համահայկական կրթական դաշտի ձեւավորումն է: Նկատի չունենք այն, որ դասավանդումն անպայման նույն դասագրքերով պիտի իրականացվի: Դրանց բազմազանությունը չպիտի ազդի կրթության որակի վրա: Պիտի լինի միասնական դաշտ, որտեղ յուրաքանչյուր երկիր իր ավանդույթի համաձայն պիտի ձեւավորի սեփական կրթական չափորոշիչները»,- կարծում է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Իսկ օլիմպիադայի մասին ասաց. «Պետք է հաշվի առնել, որ կան այնպիսի երկրներ, որտեղ հայոց լեզուն իբրեւ մայրենի է ուսուցանվում, եւ այնպիսիք, որտեղ այն յուրացնում են օտար լեզվի նման: Ուստի այս միջոցառումը ոչ թե մասնագիտական որակի, այլ զգացմունքի եւ հայրենիքին կապվածության օլիմպիադա պիտի դիտարկվի»:

Օլիմպիադայում աշխատանքները գնահատվել են 5 բալանոց սանդղակով, սահմանված էր 3 կարգ, ընդ որում՝ 1-ին կարգի մրցանակի չարժանացավ Սփյուռքի ոչ մի աշակերտ: Առաջին տեղում էին ՀՀ Վանաձոր, Աշտարակ եւ Հրազդան քաղաքների դպրոցականները: Հայոց լեզու եւ գրականության օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց օլիմպիադայի արդյունքները. «Հրաշալի գիտելիքներ ուներ Սիրիայի ճեմարանի թիմը, որի անդամները բոլոր մրցույթներում փայլեցին: Իսկ Ռուսաստանում անելիքներ շատ կան: Այստեղից ժամանած աշակերտները նույնիսկ տարրական գիտելիքներ չունեին հայ գրականության վերաբերյալ, դրա համար էլ ոմանք չցանկացան մասնակցել բանավոր փուլին»: Եթե Հայաստանի աշակերտները գրականությունից ունեցած գիտելիքների առումով առավելություններ ունեին սփյուռքահայերի հանդեպ, ապա բանավոր խոսքի կառուցման դեպքում զիջում էին նրանց: «Հայաստանի դպրոցներում բանավոր խոսքին այնքան էլ ուշադրություն չենք դարձնում: Տեղի աշակերտները ճարտասանության բնագավառում չեն կարող մրցել Հալեպից, Սպահանից եկածների հետ: Իսկ գրավոր խոսքից խեղճանում են եւ հայաստանցի, եւ սփյուռքահայ ուսանողները»,- փաստեց Դ. Գյուրջինյանը: Օլիմպիադայի եւ մրցույթի մասնակից աշակերտները Ծաղկաձորում ոչ միայն մրցել են միմյանց հետ, այլեւ ուսուցողական ծրագրերի մասնակցել՝ դասախոսություն լսել հայագիտության թեմայով, ժողովրդական խաղեր սովորել: Նրանք իրենց տպավորություններն ու առաջարկները ներկայացրին «Առավոտին»: «Կուզենայի, որ մյուս անգամ հայոց լեզուն տարանջատեին գրականությունից: Օրինակ՝ ես ուզում էի միայն հայոց լեզվի օլիմպիադայի մասնակցել, բայց հնարավորություն չունեցա»,- ասաց հայաստանցի Թամարա Պետրոսյանը:

Իրանի Սպահան քաղաքից ժամանած Լալագե Իսպագուլյանն էլ նշեց. «Պարսիկների մեջ հասակակիցներով շփվելու մեծ հնարավորություն չունենք, հաճելի էր այսքան շատ հայ ընկերներով շրջապատված լինելը: Մյուս խնդիրն էլ այն է, որ մեր հայերենի դասաժամերն են քիչ, շաբաթական 4 ժամ է տրամադրվում մայրենի լեզվի ուսուցմանը»: Ռուսաստանցի Արուսյակ Հակոբյանն էլ անկեղծորեն ասաց. «Ափսոս, որ մեր կիրակնօրյա դպրոցում շաբաթական մեկ ժամ ենք տրամադրում հայերենին, որի ընթացքում ընդամենը բանաստեղծություններ ենք անգիր անում, ուսուցիչը Հայկի եւ Բելի պատմությունն է պատմում եւ էլի մի քանի բան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել