Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական «ճակատում» ամեն ինչ անփոփոխ է

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Արտահերթ խորհրդարանական ընտրությունները

վերահաստատեցին այն, ինչ կար Որեւէ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման գլխավոր նպատակը, ինչպես հայտնի է, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումն է: Մինչդեռ, բազմաթիվ քաղաքագետների գնահատմամբ, մի քանի օր առաջ Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չլուծեցին այդ խնդիրը, այլեւ գուցե ավելի խորացրին այն: Նախ՝ հիշեցնենք Ռադայի նոր կազմում հայտնված հիմնական ուժերի հավաքած քվեների ցուցանիշները. Ուկրաինայի ռեգիոնների կուսակցություն (առաջնորդ՝ Վիկտոր Յանուկովիչ)՝ 34,31%, Յուլիա Տիմոշենկոյի բլոկ (ՅՏԲ)՝ 30,76%, նախագահական համարվող «Մեր Ուկրաինա» եւ «Ժողովրդական ինքնապաշտպանություն» կուսակցությունների դաշինք՝ 14,18%: Այնուհետեւ հաջորդում են կոմունիստները՝ 5,38 տոկոսով եւ Լիտվինի բլոկը, որը ստացել է քվեների մոտ 3 տոկոսը:

Ինչպես տեսնում ենք, ուժերի դասավորությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե չի փոխվել: Ու հենց այս հանգամանքն է, որ անհանգստություն է առաջ բերել Ուկրաինայում, քանի որ այժմ, ըստ էության, արդեն բացակայում են այն քաղաքական գործիքները, որոնք հնարավորություն կտային սահմանադրորեն շտկել իրավիճակը:

Ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ունեցած իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարեց, թե երեք առավելագույն քվեներ ստացած ուժերի ղեկավարներին հանձնարարել է բանակցություններ սկսել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ: Նախագահի այս ուղերձը նկատելի տարակուսանքով ընդունվեց երկրորդ տեղում հայտնված ՅՏԲ-ի ներկայացուցիչների կողմից, քանի որ վերջիններս գրեթե կասկած չունեին, որ նոր ընտրությունների արդյունքներով դարձյալ պետք է ձեւավորվի «նարնջագույն» կոալիցիա, որում տեղ չեն կարող ունենալ Յանուկովիչի «ռեգիոնները»: Նկատենք, որ համատեղված նարնջագույնները խորհրդարանում կապահովեին մոտ 50 տոկոսի ներկայություն, մեխանիկորեն «ընդդիմացնելով» ամենից շատ ձայներ ստացած ռուսաստանամետ Յանուկովիչին սատարող ուժերին: Ավելին, Յուլիա Տիմոշենկոն, մինչ նախագահի վերոհիշյալ հայտարարությունը, լրագրողներին հայտնել էր, թե նարնջագույնների կառավարություն կազմելու համաձայնությունն ինքն անձամբ է ստացել Յուշչենկոյից:

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Վիկտոր Յուշչենկոն սկզբնապես իրոք ցանկացել է հրապարակավ հանդես գալ ՅՏԲ- «Մեր Ուկրաինա» ձեւաչափով կառավարություն կազմելու առաջարկով, սակայն նրան այդ քայլից ետ են պահել իր խորհրդականները, նախագահին համոզելով զերծ մնալ Ուկրաինայում ավանդաբար առկա արեւմուտք-արեւելք հակասությունների բորբոքման վտանգ պարունակող գործողություններից: Հենց դրանից հետո է, որ Ուկրաինայի նախագահը զգալիորեն խմբագրել է իր հետընտրական ուղերձի սկզբնական տեքստը՝ ավելի ընդհանուր եւ ավելի անորոշ բովանդակություն հաղորդելով դրան:

Սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, Ուկրաինայի հերթական երկփեղկման վտանգը դրանից ամենեւին էլ չի նվազել, քանի որ այժմ էլ իր վերաբերմունքն է կոշտացրել իրեն արդեն երկրի վարչապետի պաշտոնում պատկերացնող Յուլիա Տիմոշենկոն: Նա հայտարարել է, թե Յանուկովիչի կուսակցության հետ համագործակցելու ոչ մի հնարավորություն չի տեսնում: «Դա ազնիվ չէր լինի մեր ընտրողների հանդեպ»,- ասել է Տիմոշենկոն, միեւնույն ժամանակ հավելելով, թե «ռեգիոնների» գործունեության համար իրենք պատրաստ են ապահովել «ընդդիմադիր ուժին անհրաժեշտ բոլոր պայմանները»: Հարկ է նկատել, որ ստեղծված իրավիճակում ներկայիս վարչապետ Յանուկովիչն իր համար բավականաչափ շահեկան դիրք է բռնել. նա չի առարկել նախագահի առաջարկին, նշելով, որ երկրի կենսական շահերին ընդառաջ՝ պատրաստ է կոալիցիոն կառավարության շրջանակներում համագործակցել անգամ ՅՏԲ-ի հետ:

Մի խոսքով, հետընտրական Ուկրաինայում իրադրությունն այժմ գրեթե նույնն է, ինչ նախընտրականում: Քաղաքագետներն առայժմ ձեռնպահ են մնում հեռուն գնացող կանխատեսումներ անելուց ու առավել եւս՝ իրադրության կարգավորման դեղատոմսեր առաջարկելուց: Առայժմ նման մի փորձ արել է միայն Ուկրաինայի նախկին նախագահ Կուչման՝ առաջարկելով հիմա էլ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Սակայն ներկա իրողությունների լույսի տակ ենթադրելի է, որ դա էլ առանձնապես «դարդին դարման» չի անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031