Լրահոս
Օրվա լրահոսը

Թունաքիմիկատներից մարդիկ թունավորվում են

Հոկտեմբեր 10,2007 00:00

Գյուղացիները հողը պարարտացնելու համար ճիշտ գիտելիքներ չունեն

«Ամեն անգամ այգին թունաքիմիկատներով մշակելուց հետո գլխացավ եմ ունենում, գլխապտույտ, բերանումս վերքեր են առաջանում, մի քանի օր նույնիսկ չեմ կարողանում խոսել: Բայց եթե չանեմ՝ միջատները բերքը կփչացնեն, ուրիշ ելք չկա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Անահիտ Խաչատրյանը:

Թունաքիմիկատների անորակ, ժամկետանց եւ ոչ ճիշտ օգտագործման պատճառով տարեկան, ըստ Մարտունու Կանանց համայնքային խորհրդի տվյալների, Մարտունիում եւ հարակից գյուղերում 30-40 մարդ է տուժում: Թունավորման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ բնակիչները օգտագործում են անհայտ ծագման թունաքիմիկատներ, որոնց գործածման ճիշտ եղանակը չգիտեն: Ա. Խաչատրյանի խոսքերով. «Դե, բոլորը տասը լիտր ջրին հինգ գրամ թունաքիմիկատ են լցնում, ես էլ եմ այդպես անում: Երբեմն օգնում է, երբեմն էլ՝ ոչ»:

Այս առնչությամբ Մարտունու քաղաքապետարանի քաղաքաշինության եւ գյուղատնտեսության բաժնի պետի տեղակալ Ավագ Ասպատուրյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Հաճախ մարդիկ չգիտեն, թե ինչ թունաքիմիկատ են սրսկում եւ ինչի դեմ: Պարզապես թունաքիմիկատ է եւ վերջ: Իսկ դա վնաս է ե՛ւ բնությանը, ե՛ւ մարդկանց: Դրա հետեւանքով կրճատվում է բերքատվությունը, բուսականությունը թունավորվում է, մարդկանց մոտ էլ թունավորման ու ալերգիայի ախտանիշներ են ի հայտ գալիս»: Մասնագետների ներկայացմամբ, թունաքիմիկատներ վաճառողը պետք է հատուկ որակավորում ունենա, որպեսզի կարողանա գնորդին ճիշտ խորհուրդներ տալ: Բացի այդ, պետք է լինեն մասնագիտացված խանութներ, որտեղ կվաճառվեն միայն թունաքիմիկատներ: Սակայն Մարտունիում չկա ո՛չ մասնագիտացված խանութ, ո՛չ էլ որակավորում ունեցող վաճառող, իսկ թունաքիմիկատները վաճառվում են շուկայում` սննդի կողքին:

«Թունաքիմիկատների վաճառքի ու գործածման նկատմամբ չկա որեւէ վերահսկողություն: Իսկ թունաքիմիկատի չափից շատ գործածության դեպքում այն թափանցում է մրգերի, բանջարեղենի մեջ, ապա սննդի հետ անցնում մարդու օրգանիզմ: Պետք է շտապ քայլեր ձեռնարկել»,- վստահեցրեց Մարտունու Սանիտարահիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Սաշա Գինոյանը:

Ա. Ասպատուրյանը նաեւ նշեց, որ շատ հաճախ թունաքիմիկատները գործածվում են մեծ քանակությամբ. «Մեկ տարվա ընթացքում նույն հողատարածքը մի քանի անգամ է թունաքիմիկատներով մշակվում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ միասնական հեռացրում չի կատարվում: Ամեն ոք հեռացրումը կատարում է իրեն ձեռնտու ժամանակ, ինչի պատճառով էլ կոլորադյան բզեզները, միջատները տարածքից տարածք տեղափոխվելով՝ չեն վերանում»:

Իսկ թե ով պետք է բնակիչներին բացատրի թունաքիմիկատների ճիշտ օգտագործման եղանակը, արգելի դրանց վաճառքը սննդի շուկայում, հեռացրման միասնական օր սահմանի, ոչ ոք տեղյակ չէր:

Սանէպիդկայանում դա համարում են քաղաքապետարանի պարտավորությունը, քաղաքապետարանում էլ՝ սանէպիդկայանինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել