Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՒՆԵՆԱՄ ՁԵՐ ՊԵՍ ԱՇԱԿԵՐՏ

Հոկտեմբեր 27,2007 00:00

Մակրոտնտեսական դիսբալանսը հաստատվեց

Սկիզբը՝ նախորդ համարում

Անցնենք «երկրորդ դասին»: Իմ հարցազրույցում ես նշել էի, որ հանրապետության նախագահի կողմից աջ ու ձախ գովերգած աճն իրականությանը չի համապատասխանում: Օրինակ, եթե 2005-ի 1323 մլն դոլարի արտահանման թիվը ճշտում ենք՝ նկատի ունենալով արտահանված ապրանքների գների աճը 1996-ի նկատմամբ (296 մլն դոլար), ապա տակը մնում է տարեկան ընդամենը 3.3 տոկոսի հավելաճ: «Մնացականյանն» առարկում է: Նախ, նշում է նա, 296 մլն չէ, այլ 368 (296-ի մեջ ծառայությունները հաշվի առնված չեն): Անհավատալի է: Առաջին անգամ այս իշխանություններն ասում են, որ Բագրատյան, ձեր ժամանակ աճն ավելի շատ է եղել: Քիչ ավելի ուշ նա ասում է նաեւ, որ 1994-1996թթ. (իմ վարչապետության տարիներն են) տնտեսական աճը եղել է ոչ թե 116, այլ 119.3%, արտահանման միջին տարեկան աճը՝ 28 եւ ոչ թե 26 տոկոս: Անշուշտ, ես ինձ լավ եմ զգում նման «ուղղումներից»: Սակայն այստեղ է գլխավոր ինտրիգը՝ 2005 եւ 1996թ. արտահանման գների ինդեքսը հաշվառելը: Պարոնն ասում է, որ այդ գների լիարժեք (եւ ապրանքի, եւ ծառայությունների մասով) փոփոխությունը սկսել ենք հաշվի առնել 1998թ. հետո: 1998-ին հաշվի են առել միայն ապրանքների մասով: Այնուամենայնիվ, ԱՎԾ-ն գտնում է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում արտահանման գներն աճել են 1.24 եւ ոչ թե 2.21 անգամ: Հիանալի է: Ինձ էլ քննադատում է, որ ես իբր ապրանքների դոլարային գները բաժանել եմ դրամական դեֆլյատորի վրա: Նաեւ նախատում է, որ 2005թ. արտահանման ծավալները կազմել են 1336.6, այլ ոչ թե 1323 մլն դոլար: Այսինքն, ես 0.9% սխալ ունեմ: Բա, ինչպիսի՜ ճշգրտություն: Առաջ անցնելով ասեմ, որ բոլոր այս թվերի հեղինակն ինքն է. թվերը վերցված են վիճակագրական աղբյուրներից եւ իմ մեղքը չէ, որ դրանք երբեմն նաեւ ժամանակի ընթացքում ուղղումների են ենթարկվում: Իսկ հիմա առաջարկում եմ նրան նայել https://www.worldbank.org/data/wdi կայքը եւ համեմատել Հայաստանի նման արտահանման կառուցվածք ունեցող պետությունների հետ (նշված 134 երկրների մեջ): Դժվար չէ նկատել, որ ապրանքների ու ծառայությունների միջին ինդեքսը 1996-2005թթ. 2 անգամից պակաս չէ: Այո, իմ կողմից հաշվարկվող թիվն էլ իդեալական չէ, ստիպված եմ էքստրապոլյացիա անել, բայց դուք էլ թիվ չունեք: Իսկ ձեր 1,24 էմպիրիկ թիվը (այնքանով, որքանով դուք դրանք ունեք) ճիշտ չէ: Նույնիսկ Արեւմտյան ափի-Գազայի սեկտորում այդ թիվը կազմել է 1,67: Այնպես որ, անտեղի վեճ սարքելու փոխարեն գնայիք նստեիք մաքսային ծառայություն, բարձրացնեիք արխիվները եւ վեր հանեիք ըստ ապրանքային խմբերի գները: Կարող եմ միայն նշել. 1994-1996թթ. արտահանումն աճել է տարեկան 28 տոկոսով, 1997-2005թթ.՝ 15: 1994-1996-ին ՀՆԱ 1% հավելաճին բաժին է ընկել արտահանման 5.7% հավելաճ, 1997-2005-ին՝ 2.2%: Սա՝ երբ մենք խորը վերլուծություն չենք ուզում անել:

Եկեք, սակայն, խորացնենք: Հաշվենք ձեր թվով: Ես ասում եմ, որ արտահանման աճը (մինչեւ դոլարի գնահատականը) կազմել է. 1323:2,21:292 =2.02 անգամ: Դուք ասում եք ոչ, հաշվեք 1336,6:1,24: 368.2=2,92 անգամ: Այնուհետեւ այս 2,02-ը (կամ 2,92-ը) ես բաժանում եմ 1,47-ի, որը դոլարի արժեզրկումն է իր մայր երկրում: (2005թ. դոլարը ես դարձնում եմ 1996-ի դոլար (այս մասը դուք ընդհանրապես չեք հասկացել), որպեսզի չափեմ արտահանումից ստացված հասույթի գնողունակությունը): Ստացվում է, որ իմ մոտեցմամբ 9 տարում արտահանման իրական ծավալներն աճել են ընդամենը 1.37 անգամ (ձեր թվերով՝ 1.98): Իմ կարծիքով, իրական արտահանման հավելաճը եղել է տարեկան 3.5%, ձեր կարծիքով՝ 7.2: Սա՞ է տարբերությունը:

Անցնենք «երրորդ դասին»: Իմ հարցազրույցում ես ճշգրտորեն մեջ էի բերել ԱՎԾ կողմից թողարկվող հաշվետվություններում նշված արտադրանքների բնեղեն ծավալների թվերի համեմատությունը՝ 2005 եւ 1996 թվականներին: Վերջապես տեսնենք մետրերով, կիլոներով կամ կիլովատներով ինչից՝ ինչքա՞ն ենք արտադրել: Նշում եք, որ ընդհանրապես հաշվառում եք 350 արտադրատեսակ, բայց տեղեկատվություն եք հրապարակում 120-ի վերաբերյալ: Հիմա այդ 120-ի մեծ մասի առումով 1996-ին (ավելին, նույնիսկ 1993-ին, այսպես կոչված՝ մթի ու ցրտի տարիներին) թվերն ավելի բարձր են, քան 2005-ին: Ե՞ս եմ մեղավոր: Դուք մի երկարաշունչ լոլո եք կարդում՝ ասելով, որ բնեղեն արտահայտությամբ համեմատությունը ընդհանրապես կոռեկտ չէ: Բա ինչո՞ւ է երկրիդ նախագահը կանգնում եւ ասում. հապա համեմատեք այսօրվա շինարարությունը նրա հետ, ինչ կար 10 տարի առաջ: Բա նրան ինչո՞ւ դիտողություն չեք անում: Ինչո՞ւ չեք ասում՝ կոռեկտ չէ: Ես էլ համեմատում եմ: Ստացվում է, որ 1993-ին կառուցել ենք 358 հազ. քմ, 2006-ին՝ 365: Նույն թիվն է: Միայն թե 1993-ին հիմնականում կառուցվել է Գյումրվա, Վանաձորի եւ Սպիտակի հասարակ ժողովրդի ու փախստականների համար (Ղարաբաղում կառուցված զորանոցներն էլ ձեզ փեշքեշ), իսկ ներկայիս նախագահը կառուցում է հիմնականում Երեւանի կենտրոնում եւ վաճառում հարուստներին:

Հիմա «չորրորդ» դասի մասին: Սա մի ընդարձակ դասախոսություն է մասնավոր տրանսֆերտների եւ ներդրումների մասին: «Մնացականյանը» չի հասկացել, թե ի՞նչ է գրված եղել իմ հոդվածում: Այնտեղ պարզապես ասված է. ուռճացնելով տրանսֆերտները (բոլոր կարգի ու նախեւառաջ ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումները ներհոսքի տեսքով), անտեսելով նույն տրանսֆերտները արտահոսքի տեսքով, ԱՎԾ-ն դրանով իսկ բալանսավորում է ՀՆԱ-ի սուտ, չափազանցված աճը: Դուք ՀՆԱ-ն չեք հավելագրում, դուք մեծացնում եք վճարային հաշվեկշիռը, որպեսզի այդ ՀՆԱ-ն սպառում գտնի:

Ներդրումների մասով նույնպես չեք հասկացել՝ ի՞նչ եմ գրել: Մտաբերեք, օրինակ, «գույք պարտքի դիմաց» գործարքը ներդրո՞ւմ է, թե՝ ոչ:

Ի վերջո, վերլուծում եք բյուջեի աճի վերաբերյալ թվերը: Այստեղ իմ ասելիքը հետեւյալն է: Բյուջեի այդքան շահարկված աճ չկա: Ինքներդ եք ասում, որ 1996-2005թթ. բյուջեն աճել է 2.45 անգամ: Ես ասում եմ՝ 1.8 (դուք պարզապես հաշվարկի բազան եք փոխում՝ հայտարարելով, որ 1996-ի եկամուտները 20%-ով ավելի պակաս են): Այսօր դուք եք պետությունը եւ ինչ ուզում եք՝ հայտարարում եք: Բայց նորից, արդեն որերորդ անգամ, վերցնենք ձեր թիվը: Այդ տարիներին պետական բյուջեն աճել է 2.45 անգամ: Բայց սա հեռու է, չէ՞, 8 անգամից: Ինչ վերաբերում է 1994-1996թթ. բյուջեի աճի մասին ձեր դատողություններին, ապա դա ոչ մի նշանակություն չունի: Ես ասում եմ՝ ձեր բյուջեն շատ դանդաղ է աճել ձեր կողմից թմբկահարված աճի ֆոնի վրա, դուք ասում եք՝ Ձեր ժամանակ էլ մի բան չէր: Սա՞ է պատասխանը:

Այնուհետեւ, դաս 6-րդ, բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը ասել եմ, որ ՀՀ արտահանումների ծավալի մեջ բարձր տեխնոլոգիական ապրանքները կազմում են 0.7% եւ սա աշխարհի ամենացածր ցուցանիշներից մեկն է: Վրաստանից, օրինակ, ետ ենք մնում 32 անգամ: Դուք ինչ-որ դատողություններ եք անում ՀՆԱ-ի կառուցվածքային էլեմենտների մասին: Այնուհետեւ ինձ մեղադրում եք նրանում, որ ես հայտարարում եմ, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 37%-ը եւ սխալմամբ պնդում, թե դա տարածաշրջանի վատագույն ցուցանիշներից է: «Հարկ է նշել, որ տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանում եւ Թուրքիայում է հաշվարկվում ամբողջ տնտեսության մակարդակով համախառն արտաքին պարտքի ցուցանիշը»: Այս ի՞նչ եք ասում: Բացեք ՀԲ-ի https://web.worl dbank.org/WBSITE/EXTERNAL/DATASTATISTICS/0,,contentMDK:20535285՜menuPK:1390200՜pagePK:64133150՜piPK:64133175՜theSitePK:239419,00.html կայքը եւ կտեսնեք, որ Վրաստանի համար այդ ցուցանիշը կազմում է 29.5, Ադրբեջանի համար՝ 17,2 եւ Իրանի համար՝ 11.4%: Մնացականյան, արդեն առանց չակերտների, ոնց որ թե շուտով առանց աշխատանքի եք մնալու:

Պիտի նշեմ, որ, ըստ իս, ասելիք չունեք իմ հարցազրույցում արտացոլված դիտողությունների շուրջ 50 տոկոսի նկատմամբ. Բարձր տեխնոլոգիաների զարգացման, հեռահաղորդակցության, տնտեսության կառուցվածքի, տնտեսության կենտրոնացվածության, բարիքների բաշխման հիմար բանաձեւերի, շուկայի կապիտալիզացիայի, բանկային համակարգի, սեփականաշնորհման քաղաքականության մասին լռում եք: Մինչդեռ ես թվերով ցույց եմ տվել, որ դրանք վատագույնն են տարածաշրջանում:

Հիմա յոթերորդ դասի մասին: Պ-ն «Մնացականյան», գյուղատնտեսության վիճակագրության մասին Ձեր հեքիաթները թողեք Ձեզ: Մարզպետարանները գյուղերից հավաքած տվյալները փոխանցում են գյուղնախարարություն, վերջինիս վարչություններն ամփոփում եւ տալիս են ԱՎԾ: Ընտրանքային ստուգումների, դրանց թվերի մեջ արտացոլելու ոչ մի լուրջ համակարգ գոյություն չունի: Գյուղատնտեսության վիճակագրությունը մեր մեջ քաղաքականություն է եւ թվերի մեծությունը որոշվում է Ռ. Քոչարյանի կաբինետում:

Իսկ հիմա Ձեր վերջին ստի, ութերորդ դասի մասին: Այո, ես Ձեզ դիմել էի խաղողի այգիների վիճակագրության համատեղ ստուգումների պահանջով (ոչ թե խնդրանքով), քանի որ լուրջ կասկածներ կային (ըստ նորագույն մեթոդների, ինչը մինչեւ հիմա դուք չունեք), որ խաղողի արտադրության թվերն ուռճացվում են 2 անգամ (1.4 անգամ տարածքները եւ 1.4 անգամ միջին բերքատվությունը): Ձեր աշխատակիցն իրոք եկավ, բայց մի ստուգումից հետո, տեսնելով, որ վերջը «լավ» չի, փախավ: Խաղողի սորտերի հարց չի եղել, եղել է հարց այգետարածք- համախառն բերք, ինչը բացարձակապես ԱՎԾ խնդիրների շրջանակում է: Հետագայում, տես աղյուսակը, ես համառեցի եւ նման մի ստուգում էլ կազմակերպեցինք գյուղնախարարության հետ՝ Արմավիրի մարզի 7 գյուղերում:

Վերջում էլ կուզենայի նշել մի բանի մասին եւս, ինչը շրջանցում եք: 2000թ. նամակով դիմեցի Ձեզ առ այն, որ 1999 թվականի վիճակագրական ժողովածուում սխալ կա. արտադրված կոնյակը ներկայացված է 100% բացարձակ սպիրտով: Մինչդեռ եթե կոնյակ է, ուրեմն 40 տոկոս է (տես՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 1999թ. հունվար-դեկտեմբերին, Երեւան, 2000, էջ 58-59): Այսպիսով, միայն կոնյակի արտադրության մասով թվերը ուռճացվել են 2.5 անգամ: Շնորհակալություն չհայտնեցիք, բայց 2001թ. սխալը շտկեցիք: Սակայն մինչեւ օրս սպասում եմ, թե երբ եք դրան համապատասխան մակրոտնտեսական թվերն ուղղելու: Կոպիտ հաշվարկով 1999-ի ՀՆԱ-ն պետք է պակասեցվեր 1 տոկոսով:

«Մնացականյան», երեւի հիմա հասկացաք՝ ով ում պետք է դաս տա: Բայց ես հրաժարվում եմ ձեր պես աշակերտներից: Իսկ «աճպարար» բառի համար……

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել