Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին գաղտնազերծում է

Նոյեմբեր 14,2007 00:00

Տեւական խորհրդակցություններից հետո Վրաստանի ընդդիմադիր դաշինքը վերջապես հայտարարեց, որ 2008 թ. հունվարի 5-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններում իբրեւ միասնական ընդդիմադիր թեկնածու հանդես կգա պատգամավոր Lեւան Գաչեչիլաձեն:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, գինու գործարանի սեփականատեր Գաչեչիլաձեն ակնհայտ ընդդիմադիր կեցվածք է որդեգրել ու ակտիվ քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել միայն վերջերս՝ ընդդիմության միասնական հանրահավաքներում: Նա հայտարարել է, թե առաջադրվում է ոչ թե նախագահ դառնալու, այլ երկրի կառավարման նախագահական մոդելը լուծարելու եւ խորհրդարանական կառավարման անցնելու համար: «Ընդդիմադիր դաշինքն ուներ մի քանի թեկնածու, ես նրանցից մեկն էի եւ ընտրվեցի մի քանի փուլով: Իմ հիմնական նպատակն է լինելու ավարտին հասցնել երկրի նախագահական կառավարումը»,- ասել է Գաչեչիլաձեն: Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժերից մեկի՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին վստահեցրել է, որ սահմանադրական փոփոխությունների ավարտից հետո Գաչեչիլաձեն հրաժարական կտա, այդպիսով թույլ տալով, որ երկրի կառավարմամբ զբաղվի ժողովուրդը: Ընտրողների շրջանում ասվածի հանդեպ կասկածներ չառաջացնելու համար Վրաստանի նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ով Գաչեչիլաձեի ընտրության դեպքում ստանձնելու է վարչապետի պաշտոնը՝ հայտարարել է. «Lեւանը հարմար թեկնածու է, քանի որ բոլորը գիտեն՝ նա նախագահ դառնալու որեւէ հավակնություն չունի»: Գաչեչիլաձեից բացի, այս պահին ընդդիմադիր դաշտից առաջադրվել են նաեւ լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին եւ գործարար Բադրի Պատարկացիշվիլին:

Իսկ մինչ վրացական ընդդիմությունը ճշգրտում է իր նախընտրական ռազմավարությունը, Վրաստանի նախագահ Սահակաշվիլին նախօրեին հանդես է եկել հերթական սենսացիոն հայտարարությամբ: Վրաց մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, թե ՌԴ նախագահ Պուտինն անցյալ տարի Մինսկում կայացած ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ «անձամբ իրեն սպառնացել է, որ Ռուսաստանը Աբխազիայում «նոր Կիպրոս» կսարքի ու երկիրը կբաժանի երկու մասի»: Սահակաշվիլին նաեւ հաստատել է Վրաստանի հակամարտությունների կարգավորման պետնախարար Դավիթ Բաքրաձեի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Աբխազիայի սահմանից սկսել է անցկացնել ծանր զրահատեխնիկա եւ ռազմական ստորաբաժանումներ՝ նշելով. «Հենց երեկ Օչամչիրայի կայարան բերվեց մի քանի Տ-72 տանկ եւ հրետանի. մի բան, որ Ռուսաստանն արդեն քանի տարի չէր արել: Ռուսաստանը զենք է ներմուծել Աբխազիա: Այսօր առավոտյան մի քանի տասնյակ ավտոբուսներով ՌԴ-ից բերվել են ազգությամբ չեչեն զինվորներ, որոնք Փսոուի կողմից հատել են սահմանն ու տեղակայվել Օչամչիրայի եւ Գալայի շրջաններում»: Սահակաշվիլին եզրակացրել է, որ Ռուսաստանն օգտվում է այս օրերին երկրում առաջացած ներքաղաքական լարվածությունից եւ ցանկանում է պառակտել Վրաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել