Լրահոս
Օրվա լրահոսը

Ախպարաշենը դեռ 90-ականների շեմին է

Նոյեմբեր 14,2007 00:00

Այդ թաղամասում ոչ կապ կա, ոչ ջուր, ոչ էլ հոսանք

Էլեկտրական հոսանքի փոխարեն մոմի լույս, դույլերով այլ թաղամասերից կրած ջուր, օրերով չաշխատող հեռախոսակապ… Այսպես մարդիկ ապրում են ոչ թե հանրապետության հեռավոր ու հետամնաց գյուղերում, այլ մայրաքաղաքում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Խոսքն Ախպարաշեն կոչվող թաղամասի մասին է, որտեղ բնակիչները շուրջօրյա ջրամատակարարման փոխարեն անգամ նվազագույն՝ 4-ժամյա ջրամատակարարում չեն ունենում: Ջուրը գալիս է առավոտյան ժամը 7.30-ից՝ կաթ-կաթ: Մեկուկես ժամում բնակիչները հազիվ հասցնում են 2 դույլ ջուր հավաքել, այն էլ՝ երբեմն խմելու համար պիտանի չի լինում, դույլի մեջ, մեղմ ասած՝ ժանգաջուր է հավաքվում: Շաբաթական գոնե մեկ անգամ լողանալու համար ընտանիքների բոլոր անդամները ստիպված են ողջ շաբաթվա ընթացքում ջուր կրել, իսկ զուգարանի հիգիենան պահպանելու համար օգտագործում են անձրեւաջուրը:

Այդ թաղամասի հատկապես 6-րդ փողոցում օրումեջ էլեկտրամատակարարումը խափանվում է: Եթե քամի է լինում կամ անձրեւ՝ պետք է հեռուստացույցը, սառնարանը, հոսանքով աշխատող հեռախոսը եւ էլեկտրական տեխնիկան անջատել, դրանք ամեն վայրկյան կարող են շարքից դուրս գալ: Ուժեղ անձրեւների ու կայծակի ժամանակ այդ թաղամասի բնակիչները մոմերը պատրաստ են պահում: Հաշվի առնելով, որ աշնանային այս սեզոնին անձրեւներ հաճախ են լինում, բնակիչներն անցել են մութ ու ցուրտ տարիների կենսակերպին. բարեկամ-հարազատներից մեքենաների մարտկոցներ են հավաքում, որպեսզի գոնե դրանով հեռուստացույց միացնեն: Ամեն հոսանքազրկման ժամանակ էլեկտրիկը բնակիչներին պարզաբանում է, որ մալուխներն արդեն հնամաշ են, փոխել է պետք: Այս առնչությամբ մենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են պատրաստվում փոխել այդ թաղամասը սպասարկող հոսանքի մալուխները: «Հայէլցանցերից» պարզաբանեցին, որ իրենք նման պլաններ չունեն, քանի որ, որքան իրենք գիտեն՝ այդ թաղամասում ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է. «Այնտեղ հաճախակի անջատումներ չեն լինում, բացառվում է, մեր գրանցամատյանում այդ մասին որեւէ բողոք չունենք: Անջատումներ եթե լինում էլ են, ուրեմն մալուխներն են վերանորոգում»:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, թաղամասը սպասարկում է թիվ 77 ԱՀԿ-ն: Այդ հեռախոսակայանը դեռ չի անցել թվային համակարգի: Որեւէ տեղ, անգամ հարեւանին զանգելու համար մարդիկ պետք է մոտ կես ժամ չարչարվեն, իսկ զանգելու դեպքում ուրիշների խոսակցությունն ավելի պարզ է լսվում, քան նրա ձայնը, ում զանգահարել ես: Հեռախոսակապի որակը նույնպես կապված է եղանակային պայմաններից, որովհետեւ անձրեւների ժամանակ լսափողի մեջ պայթյունի ու որոտի ձայներ են լսվում: Նախկինում բնակիչները գրեթե ամեն օր կայանից մասնագետ էին հրավիրում՝ կապը վերականգնելու համար, իսկ հիմա արդեն իրենք են մասնագիտացել. առանց մոնտյորի օգնության բարձրանում են հեռախոսալարերի սյան վրա, համապատասխան միացումներ են անում ու իջնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930