Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՂՍ ԽԵԼՔԻՑՍ ՇԱՏ Ա»

Նոյեմբեր 14,2007 00:00

\"\"Երեկ հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, իսկ կոմունիստ Վազգեն Սաֆարյանը պնդեց, որ քրիստոնեական գաղափարախոսությունը կոմունիստական է:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանն ու Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանն էին, թեման՝ նախագահացուների մասին սոցհարցումները: Կարապետիչի համոզմամբ, այդ հարցումներն այնքան էլ օբյեկտիվ չեն, որովհետեւ անցկացվում են 600-800 հոգու շրջանում: «Ես չեմ հավատում հարցումներին, որովհետեւ հարցում անողները միշտ էլ նույն մարդիկ են լինում: Իմ հաղորդումներից մեկի ժամանակ ասել եմ, որ դրանք սուտիբեկյաններ են»,- ասաց նա՝ ակնարկելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին: Միջազգային հարցումների վերաբերյալ էլ ասաց, որ վերջիններս ավելի ահավոր սուտիբեկյաններն են անցկացնում. «ԺԿ-ն տասնհինգ հազար կուսակից ունի, ոչ մեկի ոչինչ չեն հարցրել: Ինչպես հավատանք, որտե՞ղ են հարցում արել՝ Սեւանա լճի հատակո՞ւմ: Իմ տվյալներով, «Արմենիա» հեռուստաընկերության կողմից եղել է համագործակցություն միջազգային կազմակերպության հետ, ովքեր ինչ-որ հարցումներ են արել: Նրանց դեպքում էլ, պարզվեց, տասնյակում եմ»: Վ. Սաֆարյանի խոսքերով էլ՝ սոցիոլոգիան կեղծ գիտություն է. «Դա պատվերով գործառույթ է: Արդյունքը կախված է պատվիրողից, պետք չէ սոցհարցումներին նշանակություն տալ: Սոցիոլոգիական ամենաճիշտ արդյունքն այն է, երբ իսկապես ժողովուրդն է ընտրում: Իսկ մնացածը հասարակական կարծիք մշակելու, մարդկանց կողմնորոշելու կամ վերակողմնորոշելու նպատակ է հետապնդում: Նման հարցումներին, որ կատարվում են ընտրովի, կլինի դա անգլիական կամ ֆրանսիական կենտրոնների կողմից, ես վերապահումով եմ մոտենում եւ չեմ էլ հավատում ներկայացված թվերին»: Տ. Կարապետյանի կարծիքով, նաեւ հարցումների արդյունքներն են նպաստում, որ արհեստական ընդդիմություն ստեղծվի. «Առաջիկայում էլ ընդդիմադիր ուժերը չեն միավորվի: Դա միայն խոսելով չի լինում, պետք է քաղաքական գործողություն կամ դաշինք ստեղծվի: Բայց դեռ այդպես չի ստացվում, որովհետեւ խոզը ցուլի հետ չի կարող միանալ»: Դառնալով սոցիոլոգ Ա. Ադիբեկյանի անցկացրած հարցումներին, Վ. Սաֆարյանը փաստեց, որ չնայած ընտրության արդյունքները համընկան վերջինիս անցկացրած հարցման արդյունքներին, սակայն «կա մի գործառույթ, որը ընտրությունների ժամանակ գործեց ու ստացվեց այնպես, ինչպես, չակերտներում ասված, կանխատեսել էր Ադիբեկյանը: Մենք նման բաների չենք հավատում»: Դառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը վերջին շրջանում Հ1-ի եթերում հայտնվում է միայն թիրախի կարգավիճակով՝ Կարապետիչը ասաց. «Ես Պետրոսյանին չեմ տարբերում մյուս թեկնածուներից: Սակայն լավ կլինի, որ մենք ոչ թե հետընթաց ունենանք, այլ առաջընթաց: Ինչո՞ւ Հայաստանում այլեւս չկան թեկնածուներ: Անպայման միշտ նույն շրջանակներո՞ւմ պետք է ամեն ինչ անել: Եթե մեր երկիրը որդեգրել է ժողովրդավարություն, ազատ շուկայական զարգացման ուղի, ապա պետք է ազատ ընտրություններ անցկացնել, այլ ոչ թե իշխանությունը թիմից թիմ փոխանցել»:

Վ. Սաֆարյանը անդրադարձավ ընտրություններին՝ կոմկուսի ստացած սակավաթիվ ձայներին: Նրա կարծիքով, եթե ժողովրդի 70 տոկոսը ապրում է աղքատության մեջ, ապա հաստատ կընտրի աղքատ մարդկանց շահերից հանդես եկող ուժին: Իսկ ձայները քիչ են լինում, որովհետեւ, միացյալ առաջադեմ կոմունիստի համոզմամբ, ընտրությունների արդյունքները մշտապես կեղծվում են:

Երեկ Տիգրան Կարապետիչը հանդես եկավ մի տարօրինակ առաջարկությամբ. «Եկեք կոմունիստներին պատվով տանենք-հանձնենք թանգարան, ի՞նչ ա եղել որ, շատ էլ լավ մարդիկ են»: Ի պատասխան Կարապետիչի, Վ. Սաֆարյանը խորհուրդ տվեց առաջ չընկնել. «Աշխարհի ժողովուրդների 70 տոկոսը այսօր ապրում է կոմունիստական հասարակարգում: Այնպես որ, Հայաստանում մենք դեռ ասելիք ունենք: Եվ եթե ժողովուրդը երբեւէ ապրել է Ոսկեդար, դա եղել է կոմունիստների ժամանակ: Փաստեմ, որ բոլոր կիրթ մարդիկ կոմունիստական անցյալ ունեն, այդ թվում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը… Թեեւ Քրիստոսը կոմունիստ չէր, նրա գաղափարները կոմունիստական էին»: Վ. Սաֆարյանը նաեւ նշեց. «Ես եկել եմ մի եզրահանգման, որ եթե անգամ մեր ժողովուրդը փող է վերցնում, ապա դա անում է իշխանությունների հիմքերը թուլացնելու համար, որովհետեւ փողով ընտրված իշխանությունը միշտ էլ խոցելի է»: Կարապետիչն էլ հավելեց, թե տեղյակ է, որ բոլոր ուժերն էլ գործում են դրսի ազդեցությամբ. «Իսկ ես անտեր եմ, ավելի շուտ՝ իմ տերը ես եմ: Փառք Աստծո, փող էլ ունեմ, խելք էլ: Չնայած փող ավելի շատ ունեմ, քան խելք»: «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողի հարցին՝ ճի՞շտ են այն լուրերը, որ նախագահական ընտրություններից առաջ պատրաստվում է վերականգնել «ԱԼՄ»-ի «Շոգեքարշ» հաղորդաշարը եւ նախագահի թեկնածուներին հրավիրել մասնակցելու՝ Կարապետիչն ասաց. «Հրավիրեմ ու տելեվիզր նվիրե՞մ: «Չորրորդ իշխանությունը» սատարում ա նախկին իշխանավորներին: Նրանց տելեվիզր չեմ տա: Հենա թող իրանք տան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930