Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիությունից չեն հանում

Նոյեմբեր 14,2007 00:00

Քաղաքացուն, որը 15 տարի Գերմանիայում է ապրում, նույնիսկ իր խնդրանքով ՀՀ քաղաքացիությունից չեն զրկում

Անահիտ Վիրաբյանի ընտանեկան կյանքը ամբողջությամբ փոխվեց, երբ 1991-ին ծանր հիվանդացավ նրա երկու տարեկան որդին: Երեւանի հիվանդանոցներում երեխայի բուժումն արդյունք չտվեց: Երեխային ստիպված տեղափոխեցին Մոսկվա, բայց նորից անօգուտ: Հուսահատված մայրը ստիպված օգնություն խնդրելու նպատակով դիմեց մի շարք երկրների: Բոլոր երկրներից ստացավ կարեկցական նամակներ՝ առանց կոնկրետ առաջարկության, միայն Գերմանիայի Համբուրգ քաղաքից են ստացել հիվանդանոցում տեղավորելու առաջարկ՝ իրենց վրա վերցնելով երեխայի բուժման եւ խնամողի հետ կապված ծախսերը: Տիկին Անահիտը հիվանդ որդու հետ Համբուրգ մեկնեց 1992թ.: Այնտեղ նրան տրամադրեցին ապրելու կացարան եւ անհրաժեշտ միջոցներ: 1992-93թթ. Համբուրգ տեղափոխվեցին նաեւ Անահիտի ամուսինն ու 7-ամյա որդին: «Ներկայումս ընտանիքով ապրում ենք Համբուրգում: Ես ու ամուսինս աշխատում ենք, իսկ որդիներս սովորում են: Վերջին 15 տարիների ընթացքում մեր ընտանիքն ընտելացել է Համբուրգ քաղաքի պայմաններին, մեր ապրելակերպը բավարար է եւ մտադրություն չունենք վերադառնալ Հայաստան»,- ասում է Ա. Վիրաբյանը: Ըստ նրա, ինքն ակտիվ մասնակցում է Համբուրգի հասարակական աշխատանքներին, այժմ էլ դասավանդում է մաթեմատիկա՝ տնտեսագիտական տեխնիկումում եւ քոլեջում: Վիրաբյանների ընտանիքը 2005 թ. ստացել է Գերմանիայում անժամկետ ապրելու իրավունք, իսկ արդեն 2007թ.՝ Գերմանիայի քաղաքացի լինելու իրավունք:

Այս տարվա ապրիլ ամսին Գերմանիայի քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերը տեղի հայկական դեսպանատան միջոցով ուղարկվել են ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչություն: «Այստեղ մանրամասն անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելուց հետո, իմ փաստաթղթերի փաթեթը՝ Հայաստանի քաղաքացիությունից հանելու վերաբերյալ, վարչության դրական եզրակացությամբ ներկայացվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն 2007թ. հոկտեմբերի 8-ին նախագահը մերժել է ինձ եւ Հայաստանի քաղաքացիությունից չի հանել»,- նշում է տիկին Անահիտը: Նա նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչու է իր խնդրանքը մերժվել, ինչ պատճառաբանությամբ: «Ինչո՞ւ, ես իրավունք չունե՞մ հրաժարվելու ՀՀ քաղաքացիությունից»,- նախագահին դիմելով հարցնում է Ա. Վիրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930