Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթով զբաղվում են «հակամշակութայինները»

Նոյեմբեր 14,2007 00:00

Ինչպես են նշանակվել մշակույթի նախարարները

Երբեւէ չեն հնանում այն պատմություններն ու իրողությունները, որոնք ծնվում են տարբեր ժամանակներում, քաղաքական իրականության թշվառության ու բարոյական անկման պայմաններում: Չեն հնացել նաեւ պատմությունները մշակույթի ՕԵԿ-ական նախարարների վերաբերյալ:

Վերջերս «Առավոտը» հետաքրքրվեց թատերագետ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՕԵԿ անդամ Լեւոն Մութաֆյանից, թե ի՞նչ է նշանակում ժամանակին կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հեղինակային երեկոյին ՕԵԿ նախկին անդամ Սամվել Բալասանյանի այն հայտարարությունը, որ ինքը Ա. Մկրտչյանի խնդրանքը լսելով, ամեն ինչ արել է, որպեսզի Գեւորգ Գեւորգյանը դառնա մշակույթի նախարար:

«Ամենամեծ զավեշտն այն է, որ մարդը (նկատի ունի Ս. Բալասանյանին- Ս. Դ.) օպերան կրկեսից չէր տարբերում, գունանկարչությունը՝ գրաֆիկայից… բայց հենց նման մշակութային պաշարով ՕԵԿ-ում հանդիսանում էր մշակույթի պատասխանատու, զբաղվում այդ դաշտի քաղաքականությամբ»,- նշեց թատերագետը: Շարունակելով խոսքը, պարոն Մութաֆյանը տեղեկացրեց, որ թեեւ Բալասանյանը մշակույթի պատասխանատուն էր, այդուհանդերձ, ոչ ոք նրա կարծիքը չհարցրեց՝ Թամար Պողոսյանին մշակույթի նախարար կարգելիս. «Թեեւ այդ թեկնածուն իդեալական չէր, էքսցենտրիկ էր, ոչ այնքան գրագետ մշակույթի հարցում, սակայն հմուտ վարչարար էր: Բալասանյանը մեկն էր նրանցից, ովքեր ճնշումներ գործադրելով նախարարի վրա (նկատի ունի Թ. Պողոսյանին- Ս. Դ.), ցանկանում էին տարերայնորեն ՕԵԿ անդամներ դարձած որոշ կիսագրագետների մշակույթի կառավարման ոլորտ խցկել: Տեսնելով, որ նախարարը ցանկանում է ինքնուրույն գործել, նրա դեմ հալածանքներ կազմակերպեցին, իսկ կուսակցության ղեկավարներին՝ տիկին Պողոսյանի դեմ տրամադրողներից առաջինը, բնականաբար, Բալասանյանն էր: Նրա երազանքն էր իր կիսագրագետ փեսային նախարարի աթոռին տեսնել, սակայն ՕԵԿ-ում նշանակվեց Հովիկ Հովեյանը: Բալասանյանն այժմ էլ սկսեց ամեն ինչ անել՝ Հովեյանին իր ազդեցության դաշտում պահելու, իրեն հպատակեցնելու համար»: Հարցին՝ ո՞վ է Ս. Բալասանյանի փեսան եւ այժմ ի՞նչ պաշտոն է զբաղեցնում, պարոն Մութաֆյանը պատասխանեց. «Այդ անձնավորությունը Ռուբեն Սանոյանն է, որը «Օրինաց երկրի» լավ տարիներին Շիրակի փոխմարզպետն էր եւ հրաժարական տվեց կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալուց անմիջապես հետո»: Մեր դիտարկմանը՝ քանի որ մշակույթի նախարարի պորտֆելը ՕԵԿ-ինն էր, հաջորդ նախարարը՝ Գ. Գեւորգյանը նշանակվեց կուսակցության «քվոտայով»…, Լ. Մութաֆյանը ընդհատեց. «Նշեմ, որ Բալասանյանը, որպես խմբակցության ղեկավար, ոչ մեկի հետ չէր խորհրդակցում: Խոսքերս կարող են հաստատել ՕԵԿ կուսակիցներս: Մենք չէինք կարող, հանձին Գեւորգյանի, նախարարի պաշտոնում առաջարկել մի մարդու, ով տապալեց ազգային կինեմատոգրաֆը: Իսկ վերջինիս նախարարի պաշտոնում նշանակել տալու խոստում Բալասանյանը տվել էր արդեն իմ կողմից հիշատակված կինոռեժիսորին»:

«Առավոտը» ՕԵԿ-ի մամուլի հարցերով պատասխանատու Սուսաննա Աբրահամյանից հետաքրքրվեց, թե Սամվել Բալասանյանից հետո ո՞վ է կուսակցության ներսում զբաղվում մշակութային «անցուդարձով»: Նա պատասխանեց. «Կոնկրետ մշակույթի հարցերով զբաղվող չունենք: Այդ ոլորտի հարցերը կոորդինացնում են Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը»: Իսկ Ս. Բալասանյանի հետ կապվել չհաջողվեց, նա շարունակ «անհասանելի» էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930