Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ ՀԵՏ Է ՄՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ

Նոյեմբեր 16,2007 00:00

\"\"Այս տեսակետը երեկ պնդում էին ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորները

Եթե վարչապետ Սերժ Սարգսյանը 2008-ի բյուջեն որակել էր «հավակնոտ»՝ երեկ ԱԺ-ում հնչած 20-ից ավելի ելույթների ընթացքում ի՜նչ անուն ասես, որ չտվեցին հաջորդ տարվա բյուջեին՝ է՛լ «երկրորդ սերնդի բարեփոխումների առաջին բյուջեի նախագիծ» (Տիգրան Թորոսյան), է՛լ «գրոհային» (Վարդան Բոստանջյան), է՛լ «ֆունդամենտալ բնույթի» (Հերմինե Նաղդալյան), է՛լ «կրկին՝ գոյատեւման բյուջե» (Ստեփան Սաֆարյան): ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները միակն էին, որոնք միանշանակ հայտարարեցին, թե «կողմ» են քվեարկելու բյուջեին: Իսկ մյուս խմբակցություններն իրենց դիրքորոշումը պայմանավորեցին ներկայացվելիք առաջարկների ընդունմամբ: Առանձին անդրադարձի է կարոտ ՀՅԴ տեսակետը:

Այս կապակցությամբ նախ մեջբերենք ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի ելույթից, որը նշեց, թե 2008-ի բյուջեն երկու՝ փոխհակասող վերաբերմունք է առաջացնում: Առաջինը գոհունակությունն է. «Ուրախ եմ նաեւ այն բանի համար, որ երբ նախընտրական շրջանում աղքատության հաղթահարման, աշխատավարձերի բարձրացման, երիտասարդ ընտանիքների խրախուսման սոցիալական ծրագրեր էինք առաջարկում՝ մեզ մեղադրում էին պոպուլիզմի մեջ: Իսկ այսօր ներկայացվող բյուջեի նախագիծն, այնուամենայնիվ, փաստում է, որ բավարար քաղաքական կամքի եւ հետեւողականության պայմաններում կարելի է սոցիալական խնդիրներին առաջնային ուշադրություն հատկացնել, որոշակի քայլեր անել կյանքի որակի բարձրացման ուղղությամբ»:

Լիլիթ Գալստյանը 1999 թվականից «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության» նախագահն էր: Եվ երեկ նշելով, թե այսքանով իր «լավատեսությունը սահմանափակվում է»՝ հիմնավորեց այն հանգամանքով, որ մշակույթը, «մեղմ ասած, դարձյալ հայտնվել է լուսանցքային վիճակում»: Մեջբերեց թվեր. «2008-ի բյուջեի էական աճի պայմաններում մշակույթի ոլորտի հատկացումները 2007-ի համեմատությամբ նվազել են 1 մլրդ 505.0 մլն դրամով (9.3%ով): Այդ թվում, նվազել են հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման ծախսերը, թանգարանների, մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գծով հատկացումները, ինչպես նաեւ՝ արվեստի ծախսերը»: Հիշեցնելով, որ բյուջեի ընդհանուր նկարագրության մեջ երկրի համար ռազմավարական է դիտվում արվեստի ոլորտը եւ ակնկալվում, որ «կստեղծվեն բարձրարժեք բեմադրություններ, հասարակությունը կստանա գեղագիտական հաճույք, կբարվոքվի ստեղծագործողների կենցաղը»՝ Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց. «Եթե թատերահամերգային կազմակերպությունների աշխատողների հաշվարկային միջին աշխատավարձը 33 հազար 186 դրամ է, ինչպե՞ս ենք պատկերացնում ստեղծագործողների կենցաղի բարելավումը»:

«Ժառանգությունը» նախապատրաստել էր բյուջեի մի վերլուծություն, որը հաջորդաբար ընթերցում էին խմբակցության պատգամավորները: Այս փաստաթղթին առավել հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում: Իսկ առայժմ մեջբերենք, որ այստեղ անդրադարձ կար գիտության ֆինանսավորմանը: Ըստ այդմ՝ կառավարության աշխատակազմին, պաշտպանության նախարարությանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտին», որը ղեկավարում է Գառնիկ Իսագուլյանը՝ բաժին է հասնելու գիտությանը հատկացված ծախսերի 14.6%֊ը: Համեմատություն է արված, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, որը կառավարության 2000թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ ճանաչվել է գերակա ոլորտ՝ «հատկացվելու է 2008-ին ծառայողական մեքենաների պահպանությանն ուղղված հատկացումների 12.4%-ը»:

Իր արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը համաձայնեց, թե մշակույթի եւ գիտության ոլորտում պիտի լինեն ավելի մեծ հատկացումներ. «Բայց մեկ այլ հարց է կարեւոր՝ փողը ինքնանպատակ չպետք է հատկացվի, պիտի ֆինանսավորվեն ծրագրեր»: Եվ հավելեց. «Ինչքան էլ ցավալի է դա ասել, բայց ո՛չ գիտության, ո՛չ մշակույթի ոլորտում չկա որեւէ ծրագիր, որ ներկայացված լինի կառավարություն եւ ֆինանսավորման ենթակա չլինի: Եկեք ոչ թե թվերի մեջ գտնենք այդ ոլորտների թերությունները, որոնք ակնհայտորեն կան, այլ այն ծրագրերի բացակայության մեջ, որոնք պիտի մեր կյանքի համար այդ հիմնարար, կարեւորագույն ոլորտների զարգացման հիմքը լինեն»: Այնուամենայնիվ, իր եզրափակիչ ելույթում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2008-ի հուլիսին կառավարությունը մտադիր է անդրադառնալ մշակույթի բնագավառի աշխատողների աշխատավարձերին:

«Մեր կարծիքով, այն տեսակետը, որ բյուջեն, այնուամենայնիվ, իր հիմնական մասով զգալիորեն հետ է մնում կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագրից, իսկապես արտացոլում է իրականությունը»,- ներկայացնելով խմբակցության տեսակետը՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Այդ մասին ավելի վաղ խոսել էր ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը՝ հայտարարելով. «Կառավարության գործունեության ծրագիրը շատ ավելի առաջադիմական փաստաթուղթ է, քան ներկայացված պետական բյուջեն»: Բնականաբար, Տիգրան Թորոսյանը չհամաձայնեց նաեւ այս տեսակետին՝ հիշեցնելով, որ կառավարության գործունեության ծրագիրը նախատեսված է 5, ոչ թե 1 տարվա համար:

«Ժառանգությունը», սակայն, փաստարկել էր, որ 2008-ի բյուջեի նախագծով ոչ մի լումա նախատեսված չէ այնպիսի միջոցառումների համար, որոնք ՀՀ կառավարության գործունեության ծրագրում համարվել են գերակայություններ, ինչպիսիք են, օրինակ՝ սողանքային աղետի դեմ պայքարի միջոցառումները, «բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի պահպանումը, շահագործումն ու կառավարումը», «բնակավայրերի կայուն զարգացման քաղաքաշինական ծրագրերի մշակումն ու իրականացումը» եւ այլն:

2008-ի պետբյուջեի նախագծի քննարկումը երեկ, ժամը 17-ի սահմաններում, ընդմիջվեց 4 օրով: Այժմ պիտի պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները իրենց առաջարկությունները պաշտոնապես ներկայացնեն կառավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել