Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի Անանցը

Նոյեմբեր 16,2007 00:00

Հաղթանակը հազար տեր ունի, պարտությունն անտեր է: Այնինչ, այդ երբ էր, որ միջնադարյան թանձր քնից արթնացած Խաչատուր Աբովյանը հայտնի վեպի առաջաբանում հրահրում-բորբոքում էր սեփական ժողովրդի թմրած գիտակցության մեջ ազգային արժանապատվությունն ու հերոսական անցյալը, որ միավորի, ոտքի հանի հռոմեական ու պարսկական կայսրությունների դեմ անսասան կանգնած իր ցեղի մարմրող, մոռացվող անցյալը: Հուշում-խնդրում էր վեր կանգնել անձնականից եւ գնալ անանձնական սիրո ճանապարհով, որն էր՝ հայրենական պետականությունը վերականգնելու սրբազան ուղին: Հայրենախոնարհության եւ անանձնական սիրո մասին հետագայում գրեցին Թումանյանն ու Տերյանը, Մեծարենցն ու Չարենցը, Հրանտ Մաթեւոսյանը, որ հորդորում էին Տեր դառնալ սեփական երկրին: Դուրս գալ հազարամյա պարտությունների թնջուկից եւ ճանաչել մեզ, որովհետեւ վերջնագծում մեր կյանքի միակ հավաքական Անանցը անանձնական սիրո ճանապարհով է ստեղծվելու: Այո, հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը անվերջ անտեր է. երբ տարիներ առաջ ազգովին հաղթեցինք ղարաբաղյան պատերազմը, բոլորիս դեմքերը փայլում էին, բոլորս հաղթանակը վերագրում էինք մեզ, ամեն մեկս՝ իրեն: Այնինչ, դրանից առաջ, երբ ընկավ Գետաշենը, ոչ ոք իր վրա չվերցրեց պատասխանատվությունը: Պարտությունն, այո հավերժական անտեր է, այսինքն թե՝ մենք այլեւս չպիտի պարտվենք, որովհետեւ պարտությունը պառակտում է ցեղի ոգին, իսկ հաղթանակը՝ միավորում այն: Եվ հաղթանակը պահելու ու շարունակելու միակ ճանապարհը կրկին ու դարձյալ անանձնական սերն է. իրար հանդեպ անվրեժխնդիր, լայնախոհ եւ սրտաբաց, ինչպես խոսքի լավաշ հացը: Ժամանակները ծովի նման կոկում-հղկում են եւ մեզ ցուցանում մեզանից առաջ ապրած մեծերի գործերն ու իմաստությունները. մնում է ճանաչել եւ հետեւել այդ լուսածիրին: Նապոլեոնը, հրաժեշտ տալով իր մարշալներին, ասաց. «Ես ձեզ ազատում եմ ինձ տված երդումից, ես հեռանում եմ, բայց դուք մնացեք ու ազնվորեն ծառայեք Բուրբոններին, քանի որ դա է պահանջում Ֆրանսիայի շահը»: Ինչպիսի անանձնական նվիրում հայրենիքի հանդեպ, որտեղ երրորդական է դառնում սեփական անձը, քանի որ Նապոլեոնի համար կյանքի Անանցը Ֆրանսիայի ճակատագիրն էր եւ ոչ իրենը: Եվ հիմա, երբ մեր երկրում արդեն սկսվում է նոր նախագահի ընտրության քարոզարշավը, ուզում եմ հավատալ, որ բանավեճերը կընթանան հանուն Հայրենիքի եւ ոչ թե ընդդեմ իրար, կընթանան առանց թշնամանքի, այլ հանուն ուժեղ եւ ժողովրդավար Հայաստանի…Ինչեւէ, չմոռանանք, որ այսօր Երեւանում բացվելու է երկար սպասված Հյուսիսային պողոտան, որն իմ կարծիքով, մեր հերթական հաղթանակն է, անկախ նրանից, թե ինչեր գրվեցին պողոտայի դեմ, միեւնույն է՝ այն մեր հաղթանակն է, մեր բոլորի հաղթանակը, որը բացվում է մեզ միավորելու մեր մայրաքաղաքի Անանցի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել