Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ. «Վերջին տարաձայնությունները հաղթահարելու ժամանակը»

Դեկտեմբեր 01,2007 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել ղարաբաղյան դիմակայության երկու կողմերին ուղղված նոր կոչով՝ հորդորելով «անմիջապես դադարեցնել այնպիսի հայտարարությունների տարածումը, որոնք ենթադրում են, որ պատերազմը կարող է հակամարտության լուծման միջոց դառնալ»: Ըստ «Մեդիամաքսի», դրանում նշվում է, որ նախարարական հանդիպումից առաջ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ինչպես նաեւ ԱՄՆ փոխպետքարտուղար Նիկոլաս Բարնսը հանդիպել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ու նրանց են փոխանցել «հակամարտության խաղաղ կարգավորման արդար եւ հավասարակշռված հիմնական սկզբունքները»: «Հանդիպման ժամանակ նշվել է, որ վերջին երեք տարիներին համանախագահների միջնորդությամբ կողմերը զգալիորեն մոտեցրել են դիրքերը: Նաեւ ընդհանուր կարծիք է արտահայտվել, որ եկել է վերջին տարաձայնությունները հաղթահարելու ժամանակը: Այդ նպատակով համանախագահներն առաջարկել են փոխընդունելի եւ անկողմնապահ լուծումներ: Նրանք նաեւ նշել են վերջին երեք տարիներին ձեռք բերվածի պահպանման կարեւորությունը: Կողմերին փոխանցված հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգթոնում, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում, դիտարկվում է որպես առավել կենսունակ հիմք՝ ապագա կարգավորման համար: Հակամարտության կողմերին առաջարկվել է ավարտել բանակցությունների ներկայիս փուլը հիմնական սկզբունքների ընդունմամբ եւ անհապաղ անցնել նոր փուլին՝ համապարփակ խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը: Բացի այդ, նրանց նաեւ խնդրվել է չխոչընդոտել ԵԱՀԿ-ի կողմից շփման գծի դիտարկումների վերսկսմանը, շարունակել վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել հնարավոր բոլոր բնագավառներում եւ բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը»,- ասված է հայտարարությունում:

«Մեդիամաքսը» տեղեկացնում է նաեւ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի մադրիդյան նիստի արդյունքներով ընդունված հայտարարության այն հատվածի մասին, որն առնչվում է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Դրանում, մասնավորապես, ասված է. «Գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն առաջիկա ընտրական տարում: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ խմբի՝ կողմերի հետ համատեղ կարգավորման խաղաղ համաձայնագրի հիմնական սկզբունքների մշակմանն ուղղված գործունեությանը: Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու կողմերին՝ հաղթահարել մնացած վերջին տարաձայնությունները, այդպիսով հավանություն տալով կարգավորման ընդհանուր ռազմավարությանը, ու դրա հիման վրա անցնել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել