Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ

Դեկտեմբեր 12,2007 00:00 Share

\"\"Նախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում:

Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացված հարցմամբ նախագահի թեկնածուների վարկանիշների գրաֆիկական սանդղակը եւ առաջին 6 տեղերը զբաղեցրածների անունները: Եվ հայտնի է նաեւ, որ 7-րդ տեղը զբաղեցրածը նույնպես ունի 4 տոկոսանոց վարկանիշ: ՀՅԴ-ն չի հրապարակել, թե իր թեկնածուներն այս հարցմամբ ինչ վարկանիշ ունեն: Սակայն թերեւս ակնհայտ է, որ այն պիտի լիներ 4 կամ ավելի պակաս տոկոս: Ուստի եւ երեկ ՀՅԴ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է մեկնաբանում «Գելափի» հարցմամբ իր՝ նման վարկանիշը: «Ես որեւէ պարտավորություն չունեմ հավատալու շինծու հարցումներին»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Եվ մեր ճշտող հարցին, թե համարում է, որ «Գելափի» համակարգմամբ ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ֆինանսավորմամբ անցկացված հարցումը շինծո՞ւ է՝ պատասխանեց. «Այստեղ կարեւոր է ոչ թե այն, թե ով է արել, այլ՝ ով է պատվիրել»: Հիշեցմանը, որ պատվիրատուն Միջազգային հանրապետական ինստիտուտն է, պրն Հովհաննիսյանն արձագանքեց այսպես. «Դրանով ամեն ինչ ասված է»:

Մեր զրույցին ներկա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պնդեց, թե գրաֆիկական վերոհիշյալ դասակարգումը ճշգրիտ չէր: Հետո հավելեց, թե հարցումն արվել է այն փուլում, երբ առաջադրումներն արված չէին. «Դեռ վերջնականապես հայտնի չէր, թե ովքեր են թեկնածուները: Բացի այդ՝ հայտնի չէր, թե մեր թեկնածուն վերջնական ով է: Վերջին հաշվով, այս հարցումն այլ տրամաբանությամբ է կազմակերպվել: Այսինքն՝ դա ավելի շատ ոչ թե հարցում է, այլ ուսումնասիրություն, հետազոտություն: Ցանկացած ուսումնասիրության մեջ սուբյեկտիվ կարծիքը դերակատար է: Եվ մենք ունենք խորհրդարանական ընտրություններից առաջ «Գելափի» կատարած հարցումների արդյունքներն ու եզրակացությունները, ըստ որոնց՝ Դաշնակցության վարկանիշը 7% էր: Բայց գիտեք, թե որքան ձայն ստացանք ընտրություններում»: Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն ստացավ 12%-ից քիչ ավելին:

Այս զրույցը տեղի էր ունենում երեկ օպերայի դահլիճում ՀՅԴ 117-ամյակին նվիրված հանդիսությունից առաջ: Ներկա էին ՕԵԿ-ի, «Ժառանգության», ԱԺԿ-ի, ԱԺԴ-ի եւ ՀՔԴՄ-ի ղեկավարները: Սակայն դահլիճում չտեսանք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների, որոնց հետ համագործակցության համաձայնագիր ունի ՀՅԴ-ն: «Քաղաքական ուժ ես, եթե իշխանության մեջ լինելով՝ կարողացել ես այնպես գործել, որ չնույնանաս իշխանությունների հետ եւ չօտարվես քո ժողովրդից»,- որպես կուսակցության կայացածության մի հատկանիշ իր ելույթում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Իսկ նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածուն իր ելույթում առանց անունը տալու՝ պատասխանեց ՀՅԴ գերագույն ժողովից հետո Սերժ Սարգսյանի ասածին. «Ես ժպտում էի այն ժամանակահատվածում, երբ որ Վահան Հովհաննիսյանը թվարկում էր այն բոլոր լավ բաները, որոնք կատարել են դաշնակցականները: Բանից պարզվում է, որ այս երկրում լավ բաները կատարել են իրենք, վատ բաներն էլ մնացածին են վերագրում»: Պատասխանն այս էր. «Նրանց, ովքեր տարակուսում են, թե ՀՅԴ-ն ինչ լավ բան կա՝ իրեն է վերցնում, ինչ վատ բան կա՝ ուրիշին վերագրում, մենք սիրով հրավիրում ենք անել լավը, անել մեզ հետ միասին»: Դահլիճը ծափերով արձագանքեց այս հրավերին: Վահան Հովհաննիսյանը նաեւ հավելեց, թե ոչ ոք չպիտի ունենա այն «ինքնահավանությունը», թե առկա կարեւորագույն խնդիրները կարող է լուծել մեկ կուսակցություն. «Ո՛չ: Սա համազգային ջանքերի ծնունդ պետք է լինի: Եվ հենց այդ համազգային ջանքերի կոչն ենք անում այսօր»:

Սակայն ցավով նշեց, թե Հայաստանում ընտրությունից ընտրություն «հանդիպում ենք անհատների բախման, իշխանատենչ մարդկանց բախման իշխանության համար, իսկ քաղաքական պայքար չենք տեսնում»:

Դարձյալ առանց անունը տալու՝ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն ինչպես հոկտեմբերի 26-ի, այնպես էլ դեկտեմբերի 8-ի հանրահավաքներում՝ բնութագրելով ներկա վարչախումբը, նշել էր, թե այն հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ՝ զգուշացնելով, որ դա էթնիկական բնութագրում չէ, այլ զուտ գիտական հասկացություն: Վահան Հովհաննիսյանը նշեց, թե թեկնածուները մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման պատասխանը պիտի տան՝ «Այլ ոչ թե Հայաստանի այսօրվա իշխանությանը համեմատեն թուրքերի հետ, կամ Հայաստանի նախորդ իշխանությանը համեմատեն թուրքերի հետ: Իմիջիայլոց, շատ հայկական երեւույթ է: Ես հիմա սկսում եմ որպես պատմաբան հասկանալ, թե ինչպես ենք մենք հաջողեցրել մի քանի անգամ կորցնել անկախությունը: Քանի որ մեզանում հանկարծ ծնվում են մարդիկ, որոնք սեփական իշխանությունը՝ վատ թե լավ, նույնիսկ շա՛տ վատ սեփական, հայկական իշխանությունը սկսում են համեմատության մեջ դնել օտարների՝ թուրքի, մոնղոլի, սելջուկի իշխանության հետ: Եվ հանկարծակի այդ համեմատության մեջ ինչ-որ մարդկանց սկսում է թվալ, որ նրանք ավելի լավն են, ու գալիս են դրանք: Գրեթե 700 տարի չենք կարողանում դրանցից ազատվել: Բայց ո՞վ է հասցնում մարդկանց այդ անհեռատես ու անխոհեմ պատկերացումներին. նրանք, ովքեր ասում են՝ ամեն ինչ շատ լավ է, ի՜նչ է եղել որ, ամեն ինչ հրաշալի՜ է՝ մենք ամեն տեղ ժպիտներ ենք տեսնում, քաղաք է կառուցվում: Նրանք, ովքեր ասում են, թե ամեն ինչ հրաշալի է՝ արթնացնում են ամեն ինչ քանդելու պատրաստ մարդկանց զայրույթը»: Ծափեր հետեւեցին նաեւ այս վերջին դիտարկմանը:

Կոչ անելով հեռու մնալ ծայրահեղություններից՝ Վահան Հովհաննիսյանը կարեւորեց. «Վերջապես պետք է մի քանի ուժ միավորվեն, ու հայ քաղաքական կյանքից ընդհանրապես վերացնեն ատելությունը եւ թույնը՝ այն, ինչ ողողում է մեր որոշ լրատվամիջոցների էջերը, որոշ քաղաքական գործիչների ելույթները եւ անպայման թողնում շատ բացասական հետք մեր ժողովրդի ինքնագիտակցության վրա: Այսինքն՝ միա՛յն դրական լիցք. բացարձակապես հանել չարությունը, ատելությունը, վրեժխնդրության եւ նենգության որեւէ դրսեւորում քաղաքական պայքարից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել