Այդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը
«Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- այսպես արձագանքեց նորաթուխ ռամկավար Գնել Ղլեչյանը՝ շաբաթ օրը կայացած հանրահավաքում հանրապետության առաջին նախագահի հայտարարությանը, թե՝ «ամբողջացնելով Հայաստանի ավազակապետության ղարաբաղյան բուրգը՝ Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան երկվորյակներին միացավ քաջահամբավ Սամվել Բաբայանը»: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Ս. Բաբայանի՝ «այդ բախտին արժանանալու կանխավճարն» էր՝ «ամենահետին խոսքերով հայհոյել Հայաստանի նախկին իշխանություններին եւ, որքան հնարավոր է, լուտանքներ թափել իմ հասցեին»: Այնուհետեւ բացահայտելով Ս. Բաբայանի կերպարը՝ առաջին նախագահը մեջբերում էր իր 60-ամյակի առիթով Ս. Բաբայանի հղած շնորհավորանքը, որը հարուստ է առաջին նախագահին դրական բնորոշող գերադրական աստիճանի ածականներով:
Այդ առիթով ինքը՝ Սամվել Բաբայանը, հրաժարվեց մեկնաբանություններ անել: Իսկ Գ. Ղլեչյանն ասում է, որ իր շրջապատի պարտադրանքով առաջադրվելով՝ «Տեր-Պետրոսյանը թեկնածությունը դրել է ու ընկել կրակը, որովհետեւ հիմքեր չունենալով նման բաներ հայտարարելու համար՝ նա իր դեմ ուղղված ցանկացած խոսք փորձում է մեկնաբանել, որ դա պաշտպանություն է՝ ուղղված իր հակառակորդներից մեկին՝ Սերժ Սարգսյանին: Մինչդեռ ինքն իր ելույթները մշակելիս պետք է ստախոսությունը, որպես մեթոդաբանություն, չօգտագործեր: Առավել եւս, չփորձեր երրորդ քաղաքական ուժին օգտագործել իր մրցակիցների դեմ՝ ինչպես Ս. Բաբայանին փորձեց օգտագործել Ս. Սարգսյանի դեմ»: Ռամկավար Ղլեչյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում Տեր-Պետրոսյանին այլ բան չի մնում անել, քան կախվել փրփուրներից: Նա նկատի ունի շնորհավորական ուղերձը: «Դա «Դաշինք» կուսակցության գրասենյակն ուղարկել էր ՀՀ առաջին նախագահին: Անկախ ամեն ինչից՝ այդ մարդը սիմվոլ է, որ խորհրդանշում է հայոց պետականությունը, եւ նրան չշնորհավորել կամ չգնահատել նրա դերը պետականաշինության եւ արցախյան ազատամարտում կատարած ծառայությունների համար նշանակում է չհարգել Հայաստանի Հանրապետությունը: Երբ գնահատում ես այդ մարդու դերը, ամենեւին չի նշանակում, որ պետք է չխոսենք նրա արած եւ չարածների, այն խոչընդոտների մասին, որոնք նա ժամանակին հարուցել է արցախյան պատերազմի տարբեր դրվագներում»,- ասում է Գ. Ղլեչյանը:
Նրան վրդովեցրել է նաեւ այն, որ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը ղարաբաղցիներին մեղադրել է Ադրբեջանին ծառայելու եւ ստրկամտության մեջ. «Նույն հաջողությամբ ինչ-որ մեկն էլ կարող է Հայաստանում ապրող մեր քաղաքացիներին մեղադրել, որ նրանք էլ ծառայում էին Մոսկվային, կամ մեղադրել ջավախեցիներին, որ նրանք ծառայում են Վրաստանին»:
Գ. Ղլեչյանը նաեւ լավատես է. «Յուրաքանչյուրին իրենն է հասնում, եւ ժամանակը կտա բոլոր պատասխանները: Այդ քաղաքական գործիչը կատարում է հստակ պատվեր. թե ում պատվերը՝ իր խղճին»,- իշխանական քարոզչությունը շարունակեց ՀՌԱԿ-ի ներկայացուցիչը: Գ. Ղլեչյանը տպավորություն է ստանում, որ Տեր-Պետրոսյանի մրցակիցը ոչ թե մնացյալ ութ թեկնածուներն են, այլ Ս. Բաբայանը. «Իրենք խուճապի են մատնվել, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ են արել»,- ակնարկելով ղարաբաղյան պատերազմի առիթով սկսված հեռակա «բանավեճը»՝ ասում է մեր զրուցակիցը:


















































