Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի ու ՊՆ-ի որոշումներն իրար հակասում են

Մայիս 17,2008 00:00

Դրա արդյունքում եղբայրը քրոջից ու նրա երկու հաշմանդամ որդիներից պահանջում է բնակարանը կիսել եւ իրեն բաժին հատկացնել:

1978-79թթ. Թագուհի Կուրդիյանը հանդիսացել է Երեւանի Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանի վարձակալը: 1980թ. ամուսնացել է եւ ունի երկու որդի: Նրանք մինչ օրս հաշվառված են նշված բնակարանում: Ըստ Թ. Կուրդիյանի, փոխադարձ պայմանավորվածությամբ իր հայրն ու մայրը՝ Ալեքսանդր եւ Մանյա Կուրդիյանները, ժամանակավոր բնակվել են իր բնակարանում՝ մինչեւ իրենց համար նոր բնակարան կգտնեին, քանի որ տունը վաճառել էին եւ հայտնվել փողոցում: 1982թ. քրոջ բնակարանում հաշվառվել է նաեւ Գարիկ Կուրդիյանը:

Երբ Հայաստանում սկսվել է հանրային եւ պետական բնակելի ֆոնդի տները կանխիկ գումարով քաղաքացիներին վաճառելու գործընթացը, Թ. Կուրդիյանը այդ բնակարանը գնել է եւ 1993թ. բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է իր անունով: Սակայն, ինչպես պնդում է Թ. Կուրդիյանը, Խորհրդային շրջգործկոմը խախտումով է կատարել նշված բնակարանի սեփականացման գործընթացը: Գարիկ եւ Մանյա Կուրդիյաններին համարելով Թ. Կուրդիյանի ընտանիքի անդամ, մասնակից է դարձրել բնակարանի գնման գործընթացին՝ նրանցից վերցնելով գրավոր համաձայնություն: 2003-ին մահացել է Մանյա Կուրդիյանը, 2005-ին՝ Ալեքսանդր Կուրդիյանը: Վերջինս որդու անունով կտակ է թողել, ինչն էլ քրոջ եւ եղբոր հարաբերություններում թշնամանք է առաջացրել: Գ. Կուրդիյանը իր հասանելիքը քրոջից պահանջելու համար նույնիսկ դիմել է դատարան: Նրա հաշվարկներով, վիճելի բնակարանի բաժնային սեփականության իրավունքում իր բաժինը կազմում է 36,6%, իսկ քրոջ եւ նրա երկու հաշմանդամ որդիներինը միասին՝ 63,4%: Նա պահանջում է մոր բաժնի կեսի նկատմամբ ճանաչել հոր սեփականության իրավունքը՝ որպես համատեղ սեփականության ընթացքում ձեռք բերված ընդհանուր գույքում վերջինիս բաժինը, մյուս կեսը համարել Ալեքսանդր, Գարիկ եւ Թագուհի Կուրդիյանների կողմից ըստ օրենքի ընդունած ժառանգություն:

2007թ. Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ն. Մարգարյանի, բավարարել էր Թ. Կուրդիյանի եւ նրա երկու որդիների հայցը եւ մասնակի անվավեր էր ճանաչել շրջգործկոմի 1993թ. որոշումը, որով մայրը եւ եղբայրը համարվել էին ընտանիքի անդամներ: Իսկ 2006-ին վերաքննիչ դատարանը մերժել է Գ. Կուրդիյանի հայցն ընդդեմ Թագուհի Կուրդիյանի եւ նրա որդիների, ժառանգությունն ընդունած համարելու եւ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բաժինները որոշելու պահանջի մասին: Դատարանի որոշումից դժգոհ մնալով, Գ. Կուրդիյանը 2007-ին դիմել է վճռաբեկ դատարան, այստեղ էլ որոշվել է բեկանել 2006թ. վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Տարիներով ձգվող դատական քաշքշուկից հետո, այս տարվա փետրվարի 14-ին վերաքննիչ դատարանը, Գ. Մատինյանի նախագահությամբ, վճռեց Գարիկ Կուրդիյանին ճանաչել վիճահարույց բնակարանի հանգուցյալ Մանյա Կուրդիյանի 1/5-րդ բաժնեմասի կեսի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ եւ նրա 1/5-րդ բաժնեմասի հետ միասին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը բնակարանի 3/10-րդ մասի նկատմամբ՝ ուժի մեջ թողնելով շրջխորհրդի գործկոմի ապօրինի որոշումը: «Եղբայրս ու մայրս երբեք իմ ընտանիքի անդամներ չեն հանդիսացել: Նրանք հայրիկի հետ առանձին ընտանիք են եւ բնակվել են Երեւան քաղաքի Ավան թաղամասի Հ. Հովհաննիսյան փ. 25/3 շենքի թիվ 19 բնակարանում, հետեւաբար չէին կարող իմ ընտանիքի հետ մասնակցել սեփականաշնորհմանը»,- նշում է տիկին Թագուհին:

Այս գործում կա եւս մեկ կարեւոր հանգամանք, որը դատարանը հաշվի չի առել: 1998թ. Գ. Կուրդիյանը զեկուցագիր է ներկայացրել ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Ա. Պետրոսյանին. «Զեկուցում եմ այն մասին, որ 1994թ. հոկտեմբերից ծառայում եմ ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության թիվ 57 զինվորական ներկայացուցչությունում: Սեփականություն չունեմ, բնակվում եմ քրոջս ընտանիքի եւ ծնողներիս հետ: Տարածքային սոցիալական պայմաններից ելնելով, անգամ չեմ կարողանում ամուսնանալ եւ ընտանիք կազմել»: Նա խնդրել է իր ծառայության հիմնական վայրում՝ Աբովյան քաղաքում, իրեն հատկացնել բնակարան: Աբովյանի քաղաքապետի 06.08.1998թ. թիվ 813 որոշման քաղվածքի համաձայն, Քանաքեռ փողոցի թիվ 31 բնակարանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով հանձնվել է Գարիկ, Մանյա եւ Ալեքսանդր Կուրդիյաններին: 2001թ. նրանց սեփականության իրավունքը գրանցվել է Աբովյանի կադաստրում, այնուհետեւ 2002-ին այդ բնակարանը վաճառվել է: Հարց է առաջանում. ՊՆ-ն ինչպե՞ս է բնակարան հատկացրել Գ. Կուրդիյանին, երբ վերջինս քրոջ հետ բնակարանի համասեփականատեր էր եւ իրականում բնակարանի կարիք չի ունեցել: Կամ, եթե ՊՆ-ն ստուգումներ է արել եւ պարզել, որ Գ. Կուրդիյանն ոչ մի սեփականություն չունի, վերաքննիչ դատարանն ինչպե՞ս է քրոջ սեփականությունից եղբորը բաժին հանել, թե իբր վերջինս համասեփականատեր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել