Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԽԱՂՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ

Մայիս 23,2008 00:00

«Լեդի Մակբեթին» մարմնավորած Արմինե Մացակյանը կույր է

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 30-ին կկայանա «Լեդի Մակբեթ» մոնոներկայացումն՝ ըստ Շեքսպիրի: «Առավոտի» հետ զրուցած մասնագետները նշեցին, որ սա բացառիկ երեւույթ է մեր իրականությունում, քանի որ հերոսուհու կերպարը մարմնավորելու է 7-8 տարի առաջ տեսողությունը լիովին կորցրած դերասանուհի Արմինե Մացակյանը:

Նշենք, որ Մոսկվայում գործում է «Ներքին տեսողություն» անունով կույր դերասանների թատրոն, Ռոստովի մարզում էլ կա ժողովրդական թատրոն՝ նման դերասաններով:

Ինչ վերաբերում է Ա. Մացակյանին, ըստ մեր զրուցակիցների, դերասանուհին կարողանում է շեքսպիրյան տեքստը եւ հերոսուհու հոգեվիճակները մատուցել վարպետորեն, հոգեբանական նրբություններով: Նա խոսքն ու գործողությունը համադրում է ներդաշնակորեն: Եվ դա շնորհիվ թատրոնի դերասան, բեմադրիչ Թեմուր Աճինյանի, որը 50 րոպե տեւողությամբ գրական կոմպոզիցիան կառուցել է այնպես, որ դերասանուհին կատարում է բազմաթիվ գործողություններ, անգամ վազում բեմում: Դերասանուհու ֆիզիկական խնդրին անտեղյակ հանդիսատեսը անգամ կարող է չզգալ, որ հերոսուհին գործում է զուտ հիշողությամբ: Մենախոսությունն էլ հնարավորություն է տալիս ընկալելու Շեքսպիրի հայտնի գործն ու չարագործությունների դրդիչ հանդիսացող գլխավոր կերպարն ամբողջությամբ:

«Առավոտը» կապվեց բեմադրիչ Թեմուր Աճինյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ դերասանուհին իր կինն է, որը շուրջ 10 տարի աշխատել է Վանաձորի թատրոնում, իսկ ձեռք բերված առաջին կարգի հաշմանդամությունը նրան թույլ չի տվել շարունակել բնականոն ստեղծագործական ընթացքը: «Արմինեն 2004թ. արժանացավ Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի՝ Սարոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» մոնոներկայացման համար, կերտելով Էմիլի Քեյթի կերպարը: Իսկ Սամվել Զուլոյանի բանաստեղծությունների հիման վրա բեմադրած «Ինձնից մինչեւ ես» մոնոներկայացմամբ շրջագայել է Եվրոպայում: 2006թ. մասնակցելով Գերմանիայում կայացած «Թեսփիս» եւ 2007թ. Ուկրաինայում՝ «Մարիա» մոնոներկայացումների միջազգային փառատոներին, արժանացել է գլխավոր մրցանակի»,- հայտնեց բեմադրիչը: Դիտարկմանը՝ թատերական լայն հասարակությունը ծանոթ չէ Ա. Մացակյանի արվեստին, մինչդեռ արեւմուտքում նման ֆիզիկական իրավիճակում հայտնված արվեստագետներին ավելի մեծ հնարավորություններ են տրվում ներկայանալու աշխարհին, մեր զրուցակիցը նախ նշեց, որ իրենք «ստավկա» չեն անում դերասանուհու չտեսնելու հանգամանքին եւ դա չէ նրա իմիջի գլխավոր բաղադրիչը. «Մեր թատրոնում Արմինեի հետ աշխատել են բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանը՝ «Ինձնից մինչեւ ես» եւ Սոֆա Սողոմոնյանը՝ «Հեյ, ո՞վ կա այդտեղ» մոնոներկայացումներում: Շատ ռեժիսորներ պարզապես չեն համարձակվում աշխատել դերասանուհու հետ, ինչը հասկանալի է»: Կայանալիք «Լեդի Մակբեթ» մոնոներկայացման առիթով էլ Թ. Աճինյանը նշեց, որ ինքն ու դերասանուհին աշխատել են ցույց տալ, թե բացասական իմաստով ինչի է ընդունակ կինը. «Կարծում ենք՝ դրան հասել ենք: Արմինեի «Լեդին» ներկայանում է կանացի իր ողջ վիշապային էությամբ»:

Թ. Աճինյանը հայտնեց, որ Երեւանում հանդիսատեսը հնարավորություն կունենա շփվելու Արմինեի արվեստին՝ այս աշնանը կայանալիք «Արմմոնո» շեքսպիրյան փառատոնում, եթե, իհարկե, վերջինիս հանձնախումբը հավանության արժանացնի «Լեդի Մակբեթը»: «Արմմոնոյից» հետո ծրագրել են մեկնել այլ փառատոների եւս: Հետաքրքրությանը, թե դերասանուհին ունի՞ հովանավոր կամ պրոդյուսեր, պարոն Աճինյանն ասաց. «Ձեր թվարկածները միայն ես եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել