Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ

Մայիս 23,2008 00:00

\"\"Երբեմն այն, ինչին որ մենք մեր կյանքի ընթացքում ձգտում ենք, շատ հաճախ ավելի պարզունակ պատկերով է ներկայանում մեզ, քան այն, ինչը մենք վաղուց արդեն գիտեինք: Մարդը զարմանալի բնույթ ունի, որ շարունակ մրցակցում է ժամանակի ու տարածության հետ՝ լինելով նրանց ծնունդը: Որոնում է, գտնում եւ, իր իսկ գտածը մոռանալով, շարունակում է որոնել: Եվ իր թվացյալ անհորիզոն կյանքի ընթացքում շարունակ կառուցում, ստեղծում է, որպեսզի հետո իր իսկ ձեռքով ավերի իր ստեղծածը, ինչը որ դեռ չի հասցրել ավերել ժամանակը: Եվ ստացվում է այնպես, որ այս գաղտնախորհուրդ պտույտի մեջ ամեն ինչ շարժվում-հոսում է, բայց ոչինչ տեղ չի հասնում: Հոսում է ոչ միայն ջուրը, այլ խուլ գիշերների մեջ, մեր աչքից աննկատ, շնչում-շարժվում է նաեւ հողը՝ իր ներսից լույս աշխարհ բերելով մանր ու մեծ քարեր, նույնքան անհասկանալի, ինչպես որ մարդու մեջ ծնվում-արթնանում է քար նետելու ցանկությունը:Աստվածաշունչը քարերի հետ շփվելու մարդու երկու վիճակ է ներկայացնում. քարեր հավաքելու ժամանակը եւ քարեր նետելու ժամանակը: Հետաքրքիր է, որ չկա երրորդ տարբերակը, այնինչ, թվում է, թե կարող էր լիներ, օրինակ՝ քարեր չնետելու ժամանակը…Մանկությանս տարիներին, ամեն բացվող գարուն, ցանքսը սկսելուց առաջ մեր ուսուցիչները մեզ տանում էին համայնական արտերի քարերը հավաքելու, եւ մենք՝ երեխաներս՝ տեսնելով, որ հարեւան արտի տերերը չկան, մեր հավաքած քարերը ուսուցիչներից թաքուն շպրտում էինք նրանց արտերը, այնինչ, հրահանգը շատ պարզ էր՝ պետք է մեր հավաքած քարերը լցնեինք դույլերի մեջ եւ կուտակեինք երկու հողամասերի սահմանաբաժնում: Ու հետաքրքիրն այն էր, որ օգտվելով մեր բացակայությունից՝ հաջորդ կամ մյուս օրը ուրիշ դասարանի երեխաները մեր նետած քարերը նորից ետ էին շպրտում՝ քարերից մաքրված մեր արտը, ու այդպես շարունակ… Եվ հիմա, այսօր հետեւելով մեր երկրի քաղաքական կյանքին՝ տեսնում եմ, թե ինչպես մենք շարունակ քարեր ենք հավաքում ու շպրտում իրար վրա՝ մոռանալով, որ մեր շպրտած քարը նորից մեր արտն է վերադառնում, ու չենք էլ փորձում վերհիշել այն պարզ ճշմարտությունը, որ մենք մանկությունից գիտեինք արդեն, թե քարերը պետք է սահմանագծում հավաքել եւ չշպրտել, քանի որ վաղուց արդեն հայտնի է, որ քարի մեջ արյուն կա… Եվ դա մեր արյունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել