Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետո էլ կուզեն հացիկ-ջուրիկ տալ»

Հունիս 06,2008 00:00

ԿԳՆ փոխնախարար Բագրատ Եսայանը ծնողների ոչ բոլոր դժգոհություններն է հիմնավոր համարում:

Երեկ ԳԹԿ-ում ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը ամփոփեց հայոց լեզու եւ գրականություն առարկայից հունիսի 2-ին կայացած միասնական քննությունների արդյունքները: Նա վստահեցրեց, որ միավորները նախապես ֆաքսով ուղարկվել են մարզկենտրոններ. «Քննությանը մասնակցած 13439 շրջանավարտից բացակայել է 161-ը, «անբավարար» է ստացել 782, «20» միավոր՝ 28 դիմորդ, «19»-«20» միասին՝ 265 դիմորդ: Իսկ «կտրվածների» թիվը 782 է: Դրանից 108-ն այն շրջանավարտներն են, որոնք չեն հաղթահարել ավարտական մասի դրական շեմը: Վերջիններս հուլիսի 4-ին վերաքննությունը կարող են հանձնել իրենց դպրոցներում»: Նա թեստերը բովանդակային առումով «լավ» գնահատեց եւ հավաստիացրեց, որ այս տարի իրենց հաջողվել է դրանք կատարյալին մոտ կազմել. «Միջին միավորները հիմնականում 12-14 միջակայքում են: Քննությունից 3 օր անց բովանդակային առումով որեւէ բողոք չենք ստացել»:

«Առավոտը» փոխնախարարին հիշեցրեց, թե հրապարակվել է մի բողոք, որը վերաբերում էր «7 թեստ» գրքույկից վերցված առաջադրանքին, ինչը ծրագրից դուրս էր: «Կցանկանայի գործ ունենալ անվանական անձանց, կոնկրետ առաջադրանքի հետ: Բողոքարկման հանձնաժողովը, որի նախագահը ես եմ, ստեղծելու է մասնագիտական խմբեր տարբեր առարկաներից, որոնք կքննարկեն այդպիսի հարցեր»,- հնչեց պատասխանը: Իսկ դիմորդներն իրենց քննական կենտրոններում կարող են բողոքարկել այսօր՝ մինչեւ ժամը 18-ը: Բ. Եսայանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր բողոքի՝ 3-օրյա ժամկետում սպառիչ պատասխան կտրվի, բացակայած դիմորդներն էլ քննություն կհանձնեն հուլիսի 4-ին կամ 5-ին: Լրագրողներին հետաքրքրեց, թե միավորները կլորացվելո՞ւ են: «Երբ ձեւավորվի մրցութային միավորը, կլինեն կլորացումներ: Դրանք կանենք դեպի վերեւ եւ կհաշվվեն տասնորդականներով»,- հայտնեց Բ. Եսայանը: Նա նաեւ որոշակի մրցութային կանխատեսումներ արեց. «Մրցութային գնահատականը նախորդ տարիներին բարձր էր ձեւավորվել հիմնականում հայոց լեզվի եւ անգլերենի «19»-«20»-ի պատճառով: Ուստի մրցույթը ձեւավորվում էր «58»-«59»-ի սահմաններում, եւ «էլիտար» ֆակուլտետները փակվում էին դիմորդների լայն զանգվածների համար: Քննությունը նաեւ սոցիալական ուղղվածության է դարձել, եւ այսօր 13-15 միավոր ստացածները կարող են հավակնել «էլիտար» կոչված ֆակուլտետներ ընդունվելուն: Թեստերից երեւում է, որ երեխաները սկսել են կարդալ հայ գրականություն: Օրինակ՝ տղայիս, որը միշտ էլ կարդում էր, հիմա արդեն հանձնարարված է կարդալ»:

«Առավոտը» Բ. Եսայանից հետաքրքրվեց, թե թիվ 160 դպրոցի քննական կենտրոնի, որի ղեկավարը փոխվել է, միջադեպի առնչությամբ հարուցված ծառայողական քննությունը ի՞նչ պարզեց: «Քննության արդյունքները ընթացքի մեջ են: Իսկ այդ կենտրոնում ոչ թե թեստն են խառնել, այլ հայոց լեզվի պատասխանի ձեւաթղթի փոխարեն մաթեմատիկայինն էին ուղարկել: Այսինքն՝ թեստի գաղտնիությունը խախտված չէ»,- հնչեց պատասխանը: «Առավոտը» մտահոգվեց, թե հնարավո՞ր է այս միջադեպը անդրադառնա երեխաների միավորների վրա: Բ. Եսայանը առանձնացրեց այդ կենտրոնի միավորները. «Քննություն հանձնած 236 դիմորդից 17.5-ից բարձր ստացել է 22 հոգի, 5-ը՝ «անբավարար»: «Առավոտը» փոխնախարարին փոխանցեց ծնողների բողոքները տեսախցիկների վերաբերյալ: «Մոնիտորները տեղադրվում են ոչ թե այնպես, որ ամեն ծնող իր երեխային գտնի եւ հիանա, այլ դահլիճի մթնոլորտը տեսնելու համար: Ժողովուրդը շատ բան է ասում եւ ուզում: Բայց դա չի նշանակում, որ ամեն ասած ճիշտ է եւ իրականանալի: Հետո էլ ծնողները կուզեն գնալ-նստել իրենց երեխաների կողքին, հացիկ, ջուրիկ տալ, ապահովել նրանց հանգիստն ու լուծել թեստերը»,- պատասխանեց Բ. Եսայանը:

«Առավոտը» շրջեց նաեւ քննական կենտրոններից թիվ 20 դպրոցում, ԵՊՀ-ում եւ ԵՊՏՀ-ում, լսեց ծնողների ու դիմորդների դժգոհությունները: Օրինակ՝ Լիդա Խաչատրյանը, որի թոռնիկը 17.75 էր ստացել, ասաց. «Գոնե 0.25 միավոր ավելի դնեին»: Դիմորդ Անահիտ Իսրայելյանն էլ ասաց. «Հարցերը պրիմիտիվ էին, բայց շփոթեցնող»: Դիմորդ Անուշ Տեր-Ղուկասյանն էլ նկատեց. «Այստեղ ավելի շատ մաթեմատիկայի գիտելիքներ են պետք, քան հայոց լեզվի: Պիտի երկար հաշվարկներ անես, որ ճիշտ պատասխանը գրես»: Մի ծնող էլ դժգոհեց, թե 3 ժամը 80 հարցի համար շատ քիչ է: Նկատենք, որ ԵՊՏՀ քննական կենտրոնում գրանցվել էր 2 «0» միավոր, իսկ գրանցված 28 «20» միավորից 12-ը ԵՊՏՀ-ի քննական կենտրոնին է բաժին ընկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել