Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարստանում» ենք օպերային ռեժիսորներով

Հունիս 06,2008 00:00

\"\"Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի շրջանավարտ
Վարդան Վիրաբյանի առաջին աշխատանքը՝ հայրենիքում:
Օրերս Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան ներկայացրեց Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերան, որը Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի (ՌԹԱԱ) երաժշտական թատրոնի ֆակուլտետի ռեժիսորական բաժնի ուսանող Վարդան Վիրաբյանի դիպլոմային աշխատանքն է:
Տեղեկացնենք, որ Վ. Վիրաբյանն ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան՝ պրոֆեսոր Կ. Դոմբաեւի ջութակի դասարանը, աշխատել ստուդիայի նվագախմբում: Իսկ թե ինչպես պատահեց, որ ջութակահարը ընտրեց երկրորդ՝ երաժշտական թատրոնի ռեժիսորի մասնագիտությունը, արվեստագետը «Առավոտին» հայտնեց, որ իր դերասանական շնորհը ժամանակին նկատել է ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը, որն էլ ջութակահարին նվագախմբի «փոսից» բարձրացրել է բեմ՝ ընդգրկելով Հայդնի «Դեղագործը» եւ Չիմարոզայի «Դիրիժորը» օպերային ներկայացումներում՝ վստահելով համր դերեր. «Շուրջ հինգ տարի առաջ ՌԹԱԱ-ն մեր օպերային ստուդիայում ներկայացրեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Անիսիմովի բեմադրությամբ Տիգրանյանի «Անուշը», հետո մենք փոխադարձ այցով մեկնեցինք Մոսկվա: Տեսնելով տեղի մշակութային շարժը եւ, իհարկե, հաշվի առնելով սերս դեպի թատրոնը, որոշեցի ուժերս փորձել ՌԹԱԱ-ում: Փորձեցի եւ ընդունվեցի: Այս տարի էլ ավարտում եմ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Բարմակի արվեստանոցը»: Հետաքրքրվեցինք, թե Մոսկվայում փորձե՞լ է ինքնահաստատվելու քայլեր անել: Վ. Վիրաբյանն ասաց, որ համագործակցում է ժողովրդական արտիստ Իլյա Ալեյնիկովի հետ (վերջինս մեզ հայտնի է «Գորոդոկ» հեռուստատեսային հումորիստական հաղորդաշարից). «Ճանաչված ռեժիսոր Յանուշ Յուզեֆովիչը, որը հեղինակն է ու ռեժիսորը աշխարհահռչակ «Մետրո» մյուզիքլի, Մոսկվայում բեմադրեց Նիկոլայ Դուքսի լիբրետտոյով, Ալեյնիկովի երաժշտությամբ «Մարգարե» մյուզիքլը: Բնականաբար, Ալեյնիկովի միջնորդությամբ ես ընդգրկվեցի բեմադրության մեջ՝ կատարելով ջութակահարի դերը»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ուսման շրջանում բեմադրիչ Ա. Բարմակի ասիստենտն է եղել Կ. Օրֆի «Խելացին» օպերայում՝ ըստ Բրեխտի համանուն երկի: Որպես դերասան էլ խաղացել է Մ. Վայնբերգի «Ապուշում»՝ ըստ Դոստոեւսկու համանուն վեպի, կերտելով գեներալ Եպանչինի կերպարը, Ցագարելիի «Խանումայում»՝ վաճառական Մուկուչ Կատրյանցի դերը եւ այլն:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Ռուսաստանի թատրոններում հիանալի պայմաններ են ստեղծված բեմադրիչների համար, Վ. Վիրաբյանը պատասխանեց. «Օրինակ, «Մարգարե» մյուզիքլի վրա, որտեղ հրավիրված բեմադրիչ Յուզեֆովիչը եկել էր իր աշխատանքային թիմով, ծախսվել է 5 մլն եվրո: Իմ տեղեկություններով, բեմադրիչը վարձատրվել է շուրջ 1,5-ի չափով: Շոշափելի վարձատրվել են նաեւ գլխավոր դերակատարներից մինչեւ դիմահարդարներն ու բեմի բանվորները: Արդյունքում՝ օր անգամ չի պակասել մյուզիքլի վրա աշխատողների եռանդը: Իհարկե, գումարը՝ հաջողված բեմադրության առաջին գրավականներից է…»:
Հետաքրքրվեցինք, թե ավարտելուց հետո բեմադրիչը մտադի՞ր է վերադառնալ Հայաստան, մանավանդ որ, ունենք երաժշտական թատրոնների ռեժիսորների պակաս եւ գուցե մի օր էլ նրա օպերային բեմադրությունը դիտենք Ազգային օպերային թատրոնում, Վ. Վիրաբյանը ասաց. «Այս հունվարից դասավանդում եմ Երեւանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում: Ինչ վերաբերում է Ազգային օպերային թատրոնում ներկայացում իրականացնելուն, իհարկե, կուզենայի մեծ բեմից ներկայացնել աշխատանք: Ի վերջո, սովորել եմ, որ ստեղծագործեմ: Եվ հետո, եթե լինի հրավեր՝ ուրախ կլինեմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել