Լրահոս
Օրվա լրահոսը

Խճանկար

Հունիս 06,2008 00:00

Հաջող մրցելույթներ

\"\"Ուկրաինայի Սումի քաղաքում անցկացված «Գուսուկու րյու» կարատեի Եվրոպայի բաց առաջնությանը, որտեղ խաղարկվում էր «Կուբոտայի գավաթը», մասնակցած 36 երկրների 15-16 տարեկան մարզիկների շարքում էին Հայաստանի «Սենդո րյու» կարատե-դոյի ազգային ֆեդերացիայի 7-15 տարեկան վեց սաներ: Նրանք մրցավայր էին մեկնել Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանի ֆինանսական աջակցությամբ: Պատանի հայ մարզիկները Սումիում նվաճել են չորս առաջին եւ երկու երրորդ տեղ: Իսկ 15-ամյա Գարիկ Շահբազյանը, պայքարելով «Չեմպիոնների չեմպիոն» գավաթի համար, արժանացել է «Գրանդ չեմպիոն» տիտղոսին:

Մտահոգություններ՝ բնապահպանության օրը

Երեկ Բնապահպանության միջազգային օրվա առիթով Հայաստանի բնության թանգարանը կազմակերպել էր քննարկում՝ աղբահանության թեմայով, որին հրավիրված էին Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Արմեն Մաղաքյանը, Էրեբունի թաղապետարանի կոմունալ տնտեսության, շենքերի, շինությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Թովմասյանը, «Բնակիչների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Վահան Հարությունյանը եւ Բնության թանգարանի տնօրեն Վահագն Մինասյանը: Բնության թանգարանի տնօրենի կարծիքով, աղբահանությունը բնապահպանական մեծ խնդիր է. «Օրինակ, Չինաստանում արգելվել է պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, որովհետեւ այդ հսկա պետությունն արդեն ծածկվել է պոլիէթիլենով»: Ըստ բանախոսի, հանրապետությունում աղբահանության հարցի լուծումը խոչընդոտների է հանդիպում: «Սա մի գլոբալ խնդիր է, որի լուծման համար հարկավոր են ժամանակ, միջոցներ, հնարավորություն եւ, ամենակարեւորը՝ ցանկություն: Քննարկումը նախատեսել ենք ոչ թե նրա համար, որ հենց այսօր լուծվեն խնդիրները, այլ եւս մեկ անգամ բարձրացնելու հարցը եւ հրավիրյալների միջոցով լսելի դարձնելու՝ լուծումներ գտնողների համար»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Վ. Մինասյանը:

«Բնակիչների աջակցության կենտրոն» հ/կ-ի տնօրեն Վ. Հարությունյանը նշում է, որ առկա են բազմաթիվ օրենքներ, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա. «2002թ. հոկտեմբերի 10-ի կառավարության թիվ 1625 որոշմամբ բազմաբնակարան շենքերի աղբահանությունը պետք է կատարվի ոչ ուշ, քան 3 օրը մեկ, բայց դե ֆակտո աղբահանությամբ զբաղվող կազմակերպությունները աղբը տանում են ոչ թե երեք օրը, այլ երեք շաբաթը մեկ»: Իսկ թե ով է մեղավոր՝ Վ. Հարությունյանը կոնկրետացրեց. «Մենք գիտենք, որ համայնքների պատասխանատուներից ոչ բոլորն են իրենց տեղում, չգիտեն անգամ իրենց պարտականությունները: Գաղտնիք չէ նաեւ, որ պատահական մարդիկ են զբաղեցնում շատ պաշտոններ, եւ գործից գլուխ չեն հանում: Այդ պատճառով էլ շատ հարցերի, ինչպես նաեւ աղբահանության խնդրի մասին միայն դատարկ խոսվում է»: Ի հակադրություն պարոն Հարությունյանի կարծիքի, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Արմեն Մաղաքյանը ասաց, որ իրենց համայնքը ակտիվ մասնակցում է վերջին երեք ամսում Երեւանի քաղաքապետարանի մեկնարկած «Մաքուր Երեւան» նախաձեռնությանը: Ըստ Էրեբունի թաղապետարանի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանի. «Բնակիչները հաճախ իրենց տան աղբը նետում են ոչ թե աղբարկղի մեջ, այլ կողքը: Սա խոսում է կուլտուրայի բացակայության մասին»:

Լ. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Տուժածների վիճակը ծանր է

Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, հունիսի 4-ին Շիրակի մարզի Արթիկ-Գյումրի ավտոճանապարհին շրջվել է «Օպել» մակնիշի 12 ՕԼ 872 պետհամարանիշով ավտոմեքենան: Վարորդը՝ 48-ամյա Գեղամ Փահլեւանյանը եւ ուղեւոր Մհեր Հայրապետյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արթիկի հիվանդանոց:

Բախվել են իրար

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3102» մակնիշի 03 ԼԼ 272 պետհամարանիշով եւ «ԳԱԶ 3110» մակնիշի 03 ԼԼ 428 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Աշոտ Մինասյանը եւ ուղեւոր՝ նույն գյուղի բնակիչ, 53-ամյա Էմին Դարբինյանը տեղում զոհվել են, իսկ ուղեւորները՝ Հովսեփ Դարբինյանը, Էդվիկ Սարգսյանը եւ Վարդան Մամիկոնյանը վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:

Զորակցություն

«Զորակցում եմ Ժիրայր Սեֆիլյանին եւ պահանջում եմ նրան շնորհել ՀՀ քաղաքացիություն» հայտարարությամբ երեկ հանդես է եկել 9 քաղբանտարկյալ.

Հարություն Ուռուտյանը

(ազատամարտիկ, ԵԿՄ Մարալիկի տարածքային կազմակերպության ղեկավար,

«Նուբարաշեն» ՔԿՀ),

Սիմոն Ամիրխանյանը

(«Նուբարաշեն» ՔԿՀ),

Մկրտիչ Ասփեյանը

(ազատամարտիկ, ԵԿՄ Արագածոտնի մարզային կազմակերպության ղեկավար,

«Նուբարաշեն» ՔԿՀ),

Սամվել Հարությունյանը

(«Նուբարաշեն» ՔԿՀ),

Խաչիկ Գասպարյանը

(ազատամարտիկ, ԵԿՄ Մասիսի տարածքային կազմակերպության անդամ, 2-րդ կարգի հաշմանդամ,

«Նուբարաշեն» ՔԿՀ),

Ավետիք Ներսիսյանը

(ազատամարտիկ, ԵԿՄ Սեւանի տարածքային կազմակերպության անդամ),

Սամվել Կարապետյանը

(«Նուբարաշեն» ՔԿՀ),

Սայաթ Հովհաննիսյանը

(«Բջնի» հ/ջ գործարանի տնօրեն,

«Նուբարաշեն» ՔԿՀ),

Էդվարդ Աշուղյանը

(«Նուբարաշեն» ՔԿՀ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել