Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ԳԱԼՈՒ ԲԱՐԻ ՆԱԽԱԳԱՀ

Հունիս 07,2008 00:00

Մամուլի ազգային ակումբը ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ «Քաղաքական մշակույթի ձեւավորումն ու կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում շարունակում է հասարակական-քաղաքական քննարկումների շարքը: Երեկ ՄԱԱ հյուրերը հանգեցին այն մտքին, որ մենք արեւմտամետ ենք, քանի որ սիրում ենք եվրոպական հագուստ կրել, անգլերեն եւ ֆրանսերեն սովորել եւ այլն: Իսկ ահա ԲՀԿ ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը հայտարարեց, որ դեկոլտեն եւ բաց ծնկները սիրում ենք, երբ ուրիշի կնոջ մոտ է, իսկ երբ խոսքը մեր կանանց է վերաբերում, դառնում ենք ասիացի: Ավելի լուրջ գործիչները քննարկեցին իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ եզրահանգեցին, որ իշխանության տարբեր օղակներն անմիջական կախում ունեն բուրգի վերեւում գտնվողից: ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը հայտարարեց. «Նախկին կոմունիստ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի շարունակ կռվում էր նախկին ՀՀՇ-ական Ռոբերտ Քոչարյանի հետ, հաղթեց նախկին կոմունիստը, եւ դա է պատճառը, որ մենք հիմա ունենք տոտալիտար, ավտորիտար համակարգի նման քաղաքական բուրգ, որտեղ իշխանության թեւերի միջեւ փոխհարաբերությունները ոչ թե հորիզոնական են, այլ՝ ենթակայության, հիերարխիկ մի համակարգ է: Իշխանության մյուս թեւերն իրենք պետք է ջանք գործադրեն՝ ազատվելու գործադիրի դիկտատից: Ոչ ոք նրանց համար դա չի անի: Բարոյական, քաղաքական եւ ամեն տեսակի պատասխանատվությունն այս ամենի համար կրում են մեր դատարանները, բոլոր նրանք, ովքեր կատարում են ապօրինի հրահանգներ եւ թույլ են տալիս, որ իրենց հրահանգներ տան: Նույնկերպ անձնական պատասխանատվություն են կրում պատգամավորները` առանձին-առանձին եւ իրենց խմբակցություններով: Սպասել, որ կգա մի բարի նախագահ եւ կասի, որ ինքն այլեւս չի ենթակայացնում կառավարությունը, դատարանները՝ չի լինելու, իշխանության թեւերը դա պետք է գիտակցեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել