Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտականները հարցականի տակ են

Հունիս 21,2008 00:00

Բաց նամակ երկրի պետական այրերին

Վերջերս Փարիզից վերադարձավ Սկրյաբինի անվան մրցույթում 1-ին մրցանակի եւ դափնեկրի կոչման արժանացած պատանի դաշնակահար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սան Դավիթ Հովհաննիսյանը, որին, ի դեպ, դժվարությամբ էր հաջողվել հովանավոր գտնել՝ մրցույթին մեկնելու համար: Դավիթին բախտը ժպտաց, ու ինչքան այդպիսի տաղանդավոր դավիթներ կան մեր երկրում…

Իսկ գիտե՞ն, արդյոք, պետական այրերը, թե որքան է այսօր երաժշտական դպրոցի ուսուցչի աշխատավարձը, որքա՞ն է նա ստանում սաների հետ անմնացորդ նվիրումով աշխատելու համար… Դրույքը (9 աշակերտ) 25000 դրամ է: Մեզանից շատերի աշխատավարձը 16000-20000 դրամ է: Նշենք, որ 1 ակադեմիական ժամի համար ստանում ենք մոտավորապես 340 դրամ: Փաստորեն, մեզ վճարում են հանրապետությունում գործող նվազագույն աշխատավարձի չափով: Եվ դա էլ հնարավոր է լինում ապահովել միայն ուսման վարձի բարձրացման շնորհիվ, որն էլ իր հերթին բերում է աշակերտների հոսքի նվազմանը, հետեւաբար՝ նաեւ ուսուցիչների կրճատմանը: Եթե այսպես շարունակվի, ապա երաժշտական դպրոցների գոյության փաստը կդրվի հարցականի տակ:

Պետք չէ մոռանալ, որ երաժշտական կրթությունը՝ մշակույթի եւ կրթություն կոչվող մեծ համակարգի կարեւոր բաղկացուցիչներից է: Ի՞նչ պետություն՝ առանց մշակույթի…

Այս վիճակը ստեղծվեց 2003 թվականից, երբ երաժշտական դպրոցները ՀՀ կառավարության թիվ 234 (26.12.02թ.) որոշմամբ վերածվեցին Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ), եւ պետությունը դադարեց հոգալ այս կրթօջախների մասին: Քանի որ այդ ժամանակաշրջանում մեր պետությունը գտնվում էր ծանր տնտեսական վիճակում, մենք ըմբռնումով մոտեցանք այդ որոշմանը՝ ենթադրելով, որ այն կրում է ժամանակավոր բնույթ: Ինչո՞ւ ենք այսօր հայտնվել այս վիճակում, ինչպե՞ս են բացատրում պետական պաշտոնյաները այն, որ հանրակրթական դպրոցի ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է մի քանի անգամ, իսկ մերը՝ ընդամենը 5000 դրամով:

Մեծարգո պետական այրեր, պատասխանեք, խնդրեմ, մեզ մտահոգող հարցին. ո՞վ ենք մենք: Եթե ուսուցիչ, ապա ինչո՞ւ ենք այդքան քիչ վարձատրվում… Մի՞թե մեզ էլ է սպասում «օպտիմալացում» կոչվածը (ի դեպ, ի՞նչ տվեց այն մեր պետությանը, բացի կիրթ հավաքարարներից ու գրագետ մուրացկաններից՝ հայտնի չէ), կամ ինչո՞ւ պետք է ազատվեն աշխատանքից այն նվիրյալները, ովքեր կոչված են մանկավարժ լինելու՝ ունենալով մանկավարժի որակավորում: Իմիջիայլոց, դիմելով գործազուրկների կենտրոն, կարող ենք «տանը նստած» վաստակել գրեթե նույն գումարը, սակայն մենք գերադասում ենք շարունակել աշխատել՝ ներդնելով մեր լուման պետության բարգավաճման եւ առաջընթացի գործում:

Մենք ներկայացրինք Երեւանի կենտրոնական դպրոցների, մասնավորապես՝ հանրապետության արժանիորեն լավագույններից համարվող Սայաթ-Նովայի անվան դպրոցի վիճակը, ուր աշակերտների քիչ թե շատ հոսք կա: Իսկ ի՞նչ վիճակ է քաղաքի ծայրամասերի ու մարզերի երաժշտական դպրոցներում՝ կարելի է միայն ենթադրել…

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել