Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ

Հունիս 27,2008 00:00

Հունիսի 23-ի առավոտյան ժ. 9:25-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետին իրազեկել էր հուլիսի 4-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանի դիմաց զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, տեղեկացնելով, որ հանրահավաքը մեկնարկելու է ժ. 19-ին, ընդմիջվելու է երթով եւ ավարտվելու է ժամը 23:00-ին: Թեեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով իրազեկումը ներկայացնելու պահից սկսած 72 ժամվա ընթացքում քաղաքապետարանը պետք է իրազեկումն ընդունի ի գիտություն կամ մերժի՝ փաստացի արգելելով միջոցառման անցկացումը, սակայն երեկ, 72 ժամը լրանալուց շուրջ 7 ժամ անց նոր միայն քաղաքապետարանը բարեհաճեց տեղեկացնել հանրահավաքը նշված վայրում թույլ չտալու մասին: Ինչպես նախորդ շուրջ հինգ տասնյակ անգամները, երեկ էլ քաղաքապետարանն առաջարկել էր հանրահավաքն անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մոտ:

Երբ վաղուց լրացել էր սահմանված 72 ժամը, իսկ քաղաքապետարանը դեռ որոշում չէր ընդունել, Համաժողովրդական շարժման գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու 1-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանն ասուլիս էին հրավիրել, որում ասացին, որ ղեկավարվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ կետով իրենք հայտարարում են հանրահավաքի կայացման մասին. «Ստեղծված պայմաններում ուժի մեջ է մտնում օրենքի հիշատակված մասը, ուստի՝ անկախ քաղաքապետարանի որոշումից, որը նրանք պարտավորվել են ժամը 16-ին հանձնել, մենք իրավունք ենք ստացել հանրահավաքն անցկացնել իրազեկված վայրում, իսկ քաղաքապետարանի որոշումն այլեւս իրավական ուժ ունենալ չի կարող»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը՝ կրկնելով իշխանություններին արած իրենց առաջարկը՝ «հանրահավաքի շուրջ բանակցել, նշանակել պաշտոնական ներկայացուցիչներին՝ ոստիկանության եւ քաղաքապետարանի, որոնց հետ մենք կքննարկենք հանրահավաքի բնականոն անցկացման պայմանները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30