Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարությունը կօգնի՞ Հայաստանին

Հուլիս 01,2008 00:00

Մեկնաբանում են կուսակցական գործիչները

Վերջերս Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրինագծին, ինչի շնորհիվ, օրինագիծն ընդունվելուց հետո Հայաստանի գործադիր մարմնում նախկին 17 նախարարություններին կգումարվի եւս մեկը՝ Սփյուռքի հարցերի նախարարությանը: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ քննարկել է օրինագիծը եւ դրա հաստատման դեպքում Սփյուռքի հարցերով նախարարությունը կառավարության ցանց կընդգրկվի հոկտեմբերի 1-ից: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ գործադիրը 2002թ. օգոստոսի 1-ի որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ էր կատարել, համաձայն որի՝ որոշվել էր ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպել Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին՝ սահմանելով կոմիտեի կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը:

«Առավոտը» փորձեց խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի որոշ ներկայացուցիչներից ճշտել՝ արդյո՞ք ստեղծվելիք 18-րդ նախարարությունը կծառայի լրջագույն եւ հրատապ խնդիրների լուծմանը:

Մեր առաջին զրուցակից՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարեւորեց նման նախարարության անհրաժեշտությունը. «Իհարկե, շատ ուրախալի փաստ կլիներ, եթե նախարարությունը ստեղծվեր ազնիվ նպատակներով: Սփյուռքահայության կապն առանձնապես ամուր հիմքերի վրա դրված չէ, եւ, կարծես թե, այսօր դա անհրաժեշտ էր: Սակայն, ես կարծում եմ, դրա նպատակը ոչ թե մեր ժողովրդի երկու հատվածների կապի ամրապնդումն է, այլ՝ պետք է մեկ ավելորդ նախարարություն, որպեսզի կարողանան գոհացնել որոշ մարդկանց եւ ուժերի ամբիցիաները՝ ՕԵԿ-ինը, ՀՅԴ-ինը եւ առանձին կոնկրետ մարդկանց: Ուրախ կլինեի, որ այն իրո՛ք ծառայեր իր անվանը համապատասխան բարձր նպատակներին, բայց նման իշխանությունների, կառավարության եւ ԱԺ-ի պարագայում վստահ եմ՝ այն չի ծառայելու իր նպատակին, նույնիսկ կարող է վնասել Սփյուռք-Հայաստան կապին»:

«Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նման նախարարության ստեղծումը պայմանավորեց հետեւյալ կերպ. «Ինձ թվում է՝ ՀՀ իշխանությունները հիմա հասկանում են, որ ստեղծված ճգնաժամը համազգային է: Ինչպես այստեղ ենք ճամբարավորված, նույնկերպ՝ նաեւ Սփյուռքում է, ինչն ազդում է Սփյուռքի միասնական աշխատանքի վրա: Այս նախարարությունը հիմա ստեղծվում է այն մտահոգությամբ, որ նախարարը կարողանա Սփյուռքը կրկին միավորել Հայաստանի շահերի շուրջ»: «Առավոտի» դիտարկմանը, թե ստեղծվելիք նախարարությունը կարո՞ղ է ինչ-որ հիմնախնդիրների լուծման խթան հանդիսանալ, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Մեր երկրում, ցավոք, լավ գաղափարները վարկաբեկվել են եւ դրանց ներքո հաճախ դրվել են նեղ անձնական, մասնավոր նպատակներ: Ինչո՞ւ այդ նախարարությունը հենց հիմա է ստեղծվում, չէ՞ որ դա կարող էր լինել այն ժամանակ, երբ կառավարություն էր ձեւավորվում: Փաստորեն, իշխանությունները հասկացան, որ Սփյուռքի պառակտվածությունն է՛լ ավելի մեծ բարդություններ է ստեղծում իշխանությունների արտաքին քաղաքական եւ տնտեսական գործունեության մեջ»:

Իսկ ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում, նշելով, որ նախարարության ստեղծումը համընկել է ներքաղաքական լարված իրավիճակին, կարեւորեց. «Այն ստեղծելու գաղափարը շատ վաղ է ձեւավորվել: Այդ նախարարությունը չստեղծելը, կարծում եմ, սխալ էր, որը հիմա ուղղվում է: Մենք խորհրդարանում առաջարկեցինք նաեւ ներառել հայրենադարձությունը, որը նախարարության անվան մեջ չարտացոլվեց, բայց այդ գործառույթները հավանաբար կունենա: Նախարարը, որը կղեկավարի այդ կառույցը, կհասկանա, որ Սփյուռքը շատ բարդ օրգանիզմ է: Առաջ ավելի պարզ էր: Չմոռանանք, որ հիմա նաեւ հայաստանյան սփյուռք գոյություն ունի»: Թեեւ Ա. Պետրոսյանը իրազեկ չէ, թե նոր նախարարությունն ինչ ծրագրեր է ունենալու, այնուամենայնիվ, կարեւորում է դիրքորոշումը՝ «պետությունն այն ստեղծել է Սփյուռքին սիլի-բիլի անելո՞ւ, նրա գրպանում աշխատելո՞ւ, թե՞ հայրենահավաքի համար: Ես չեմ կարծում, որ այն համադարման կլինի, բայց կկոորդինացնի: Այսպես, թե այնպես, այդ գործողությունները կատարվում են զանազան կազմակերպությունների միջոցով»: «Առավոտի» հարցին, թե Սփյուռքի նախարարության ստեղծմամբ երկրի ղեկավարությունը չի՞ փորձում կանխել երկու հատվածների միջեւ աստիճանաբար խորացող անջրպետը, տիկին Պետրոսյանը հիշեց իրենց կուսակցության անկումային շրջանը, ասելով՝ «Ավելի խորացած երկատվածություն էր այն, երբ 1994 թվականին Դաշնակցությունը շատ վիրավորական դրսեւորումներով կասեցվեց: Այն ժամանակ վիրավորվածությունն ավելի մեծ էր, քան հիմա: Սակայն կարեւորենք, որ այն ժամանակ էլ հայ ժողովրդի երկու հատվածները երկատված չէին»: Ըստ Ա. Պետրոսյանի, բուն Սփյուռքը համառ ու կայուն է, իսկ ինչ վերաբերում է վերջին տասնամյակներում Հայաստանից հեռացած ու «հայաստանյան սփյուռք» ձեւավորած հայրենակիցներին՝ տարակուսանքով ասաց. «Ես նրանց պահվածքի բարոյական կողմը չեմ տեսնում: Նրանք այստեղից հիմնականում գնացին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, հետո ավելի քիչ են գնացել: Բայց ես չեմ հասկանում, թե ինչպես են գնում ու դրսից կարգադրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել