Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 03,2008 00:00

Երեկ «Հայացք» ակումբում Համաժողովրդական շարժման առաջնորդներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերին, հայտարարեց, որ 1609-ն ավելի պահանջկոտ էր, իսկ 1620-ը նահանջ էր: Նա «լուրջ հաջողություն» համարեց բանաձեւում այն դրույթների ներառումը, որոնցով ամրագրվել է, որ քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի դեպքերի հետաքննության հարցերը մնում են ԵԽԽՎ օրակարգում եւ դրանց անդրադարձ է լինելու ոչ թե 2009-ի հունվարին, այլ սեպտեմբերին՝ ԵԽ մոնիտորինգի խմբի կողմից: Նա դա համարեց ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրերին Ստրասբուրգ գործուղված Շարժման պատվիրակության ջանքերի արդյունք: Ըստ Դ. Շահնազարյանի, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն ամբողջովին զբաղված է եղել 1620 բանաձեւում այնպիսի դրույթներ փոփոխելով, որ ծանրանա քաղբանտարկյալների վիճակը, որ ՀՀ-ում սահմանափակվեն ազատությունները: «Փոխարենը շատ անուշադիր էին Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւի նկատմամբ, մինչդեռ Հայաստանի դեմ հիմնական կետերը հենց այդ բանաձեւի մեջ են: Այդ ամենը ՀՀ պատվիրակության համար նշանակություն չուներ: Նրանց համար կարեւորը Հայաստանում ազատությունների եւ ժողովրդավարության դեմ պայքարն էր»,- եզրակացրեց Դ. Շահնազարյանը: Նա նաեւ անդրադարձավ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ նախորդ օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված փաստաթղթի վերաբերյալ տարածած հաղորդագրությանը: «Այն, ինչ ասվեց՝ ինքնախոստովանական ցուցմունքներ էին, որովհետեւ, երբ Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, դա է իրենց համար նորմալ իրավիճակը, եւ իրենք այդ հարցում անկեղծ են: Դա նաեւ խոսում է այսօրվա դատախազության, ՀՔԾ-ի ղեկավարների շատ ցածր իրավական գիտելիքների մասին: Նրանք չեն գիտակցում, որ կա Սահմանադրություն, բայց թող հասկանան, որ նույն օրենքներով, որոնք նրանց համար գոյություն չունեն, իրենք կանգնելու են դատարանի առաջ՝ մեղադրյալի կարգավիճակով»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը: Հուլիսի 4-ի հանրահավաքին անդրադառնալով, նա իշխանություններին հորդորեց հարգել օրենքները. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հուլիսի 4-ի հանրահավաքը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, եւ եթե ոստիկանները փորձեն անօրինական գործողություններ անել՝ ամբողջ պատասխանատվությունը կլինի անձամբ Սերժ Սարգսյանի վրա: Թող խելքները գլուխները հավաքեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել