Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշ ինչի՞ց պետք է սկսեին

Հուլիս 04,2008 00:00

\"\"Հանձնաժողովականներն իրար «խելք» են սովորեցնում

Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ նամակ է գրել, որում տեղեկացնում է. «Հայտնի իրադարձությունների օբյեկտիվ եւ համակողմանի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ դրանց հիմնապատճառների բացահայտումն անհնար են՝ առանց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում քաղաքացիների հրապարակային միջոցառման դադարեցման իրավաչափության, այդ կապակցությամբ ոստիկանության գործողությունների օրինականության եւ գործադրված ուժի համաչափության պարզման:

Այդ առումով չափազանց կարեւոր եմ համարում, որպեսզի հանձնաժողովը, օգտվելով ՀՀ Ազգային ժողովի 16.06.2008 թ. որոշմամբ սահմանված լիազորություններից, իր աշխատանքները սկսի հենց մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների համակողմանի ուսումնասիրությունից, նկատի ունենալով հիշատակված իրադարձությունների եւ հետագա զարգացումների միջեւ առկա պատճառահետեւանքային կապը, ինչպես նաեւ այն, որ մարտի 1-ի առավոտը ողջ գործընթացի առավել չուսումնասիրված եւ իրավապահ մարմինների կողմից առավել չպարզաբանված հատվածն է: Կարծում եմ, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում պետք է պատասխան ստանան մասնավորապես այն հարցերը, թե ե՞րբ, ո՞ւմ կողմից եւ կայացված ինչպիսի՞ որոշման հիման վրա են գործել իրավապահ մարմինների աշխատակիցները մարտի 1-ի առավոտյան»:

Արդեն տեղեկացրել էինք, որ Պաշտպանը Սամվել Նիկոյանից ստացել էր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր եւ նախորդ երեքշաբթի արդեն իսկ մասնակցել է հանձնաժողովի նիստին, ուրեմն՝ ինչո՞ւ է որոշել նամակի լեզվով հաղորդակցվել մի կառույցի հետ, որի մաս է նաեւ ինքը: Երեկ մեր զարմանքը հայտնեցինք հանձնաժողովի նախագահին: Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ ինքը հանձնաժողովի բոլոր անդամներին եւ հրավիրվածներին խնդրել է գրավոր ներկայացնել կոնկրետ առաջարկներ, որոնք ավելի արդյունավետ կարող են դարձնել հանձնաժողովի աշխատանքները, սակայն հանձնաժողովի նախագահը տարակուսած է՝ մի՞թե պարզ չէր, որ հենց մարտի 1-ի առավոտից պետք է սկսել իրադարձությունների ուսումնասիրությունը, մանավանդ՝ հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է մտադրությունը՝ քննությունը սկսել Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցածից: Ս. Նիկոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի այլ անդամներ իրենց որեւէ առաջարկություն չեն ներկայացրել, եւ եթե մինչեւ հաջորդ նիստի օրը առաջարկություններ չլինեն, ինքն արդեն որոշված ուղղություններով համապատասխան ատյաններին կուղարկի հանձնաժողովի նամակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել