Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՈՒՆԵՆԱԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄՐՑԱԿԻՑ»

Հուլիս 04,2008 00:00

\"\"Ասում է Արաբկիր համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Հովհաննես Շահինյանը

– Պարոն Շահինյան, դեռեւս նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին, Արաբկիրի տեղամասերից մեկում Ձեր թիմի անդամները ծեծել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց եւ որ Դուք ներկա եք եղել այդ միջադեպին:

– Թեեւ ես մի քանի առիթներով պատասխանել եմ այդ մեղադրանքներին, սակայն մեկընդմիշտ թեման փակված համարելու համար եւս մեկ անգամ նշեմ. այն, ինչ գրված է եղել իմ մասնակցությամբ ինչ-որ միջադեպի մասին, չի համապատասխանում իրականությանը: Պարզապես, նախընտրական շրջանում եւ հատկապես ընտրություններից հետո մթնոլորտն այնքան լարված էր, որ ընդդիմության կողմից հրապարակվում էին նաեւ չճշտված լուրեր, որոնք կարող էին ավելի հիմնավոր դարձնել իրենց կողմից նշվող ընտրախախտումների մասին տեղեկությունները: Եվ, անկեղծ ասած, չեմ կարծում, թե իմ վերաբերյալ նման տեղեկություններ մամուլում հրապարակելով կամ իմ անունը հանրահավաքում հնչեցնելով, ընդդիմությունն անձամբ իմ դեմ ուղղված նպատակ է հետապնդել: Պարզապես՝ համընդհանուր լարված իրավիճակում դա իրենց ներկայացված սխալ ինֆորմացիայի արդյունք էր: Ի դեպ, տեղյակ եմ, թե ում կողմից էր իրականությանը չհամապատասխանող նման տեղեկություն հաղորդվել, սակայն չեմ կարծում, որ արժե այսօր այդ մասին այլեւս խոսել:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում հետընտրական իրավիճակը եւ ներկա գործընթացները:

– Բնականաբար, ներքաղաքական կյանքում այսօր առկա լարվածությունը հասարակության որոշակի հատվածի մոտ գոյություն ունեցող դժգոհության, անվստահության հետեւանք է: Իհարկե, ոչ այնքան ծայրահեղ, ինչպես ներկայացվում է ընդդիմության կողմից, սակայն լարվածություն իսկապես կա: Չընդունել դա՝ նշանակում է կտրվել օբյեկտիվ իրականությունից եւ վտանգի տակ դնել պետության հետագա զարգացումը, քանի որ առանց այդ լարվածության հաղթահարման եւ երկիրը բնականոն կենսագործունեության հուն վերադարձնելու, հնարավոր չէ առաջընթաց ապահովել:

– Ձեր կարծիքով, ովքե՞ր են մեղավոր այդ լարվածության համար:

– Չեմ ուզում կոնկրետ մեղավորներ նշել կամ, ինչպես այսօր ընդունված է՝ ասել, որ մեղավոր ենք բոլորս, այդ թվում եւ ես՝ որպես թաղապետ, որպես իշխող կուսակցության անդամ: Այո, երկրում կատարվող ցանկացած բացասական երեւույթի համար առաջին հերթին պատասխանատու են իշխանությունները: Սակայն ստեղծված իրավիճակը, ըստ էության, երկկողմանի հարաբերությունների արդյունք է, եւ այդ հարաբերությունների մյուս սուբյեկտը ընդդիմությունն է: Եվ քանի որ այսօր հարաբերությունների այդ ձեւաչափը պահպանվում է, ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում եւս ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը ունեն ոչ միայն լուրջ դերակատարություն, այլեւ որոշակի պարտավորություն: Այսօր նաեւ շատ ընդունված է խոսել իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին, որն այդպես էլ չի կայանում: Թերեւս նաեւ այն պատճառով, որ երկխոսություն ասելով՝ շատերը պատկերացնում են, թե իշխանության եւ ընդդիմության առաջնորդները պետք է նստեն մի սեղանի շուրջ եւ քննարկեն առկա խնդիրները: Իհարկե, դա եւս անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: Քանի որ երկխոսություն ասելով իրականում պետք է հասկանալ քաղաքական գործընթաց՝ քաղաքականությանը բնորոշ բոլոր դրսեւորումներով եւ քաղաքականության գործիքակազմի կիրառմամբ: Դրանցից մեկն էլ տարբեր մակարդակի ընտրություններն են:

– Պարոն Շահինյան, Դուք մտավախություն չունե՞ք, որ ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցության դեպքում Ձեր ընտրվելու հնարավորությունները կնվազեն, այն առումով, որ Դուք ներկայացնում եք ՀՀԿ-ն եւ Ձեր մրցակցին ընտրելով՝ հասարակությունը կարտահայտի իր վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ:

– Իհարկե, այդ գործոնը կարող է որոշակի ազդեցություն ունենալ, սակայն չեմ կարծում՝ որոշիչ: Թեեւ ՏԻՄ ընտրություններն ունեն կարեւոր քաղաքական բաղադրիչ, սակայն, մյուս կողմից, պետք չէ դա գերագնահատելով՝ նսեմացնել դրանց նշանակությունը համայնքային կյանքի կազմակերպման եւ կառավարման հարցում: Թաղապետը առաջին հերթին եւ առավելապես՝ համայնքի կառավարման մարմնի ղեկավարն է, մենեջերը: Այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողները ընտրելու են նախ եւ առաջ Արաբկիր համայնքի ղեկավարի՝ համայնքային խնդիրների լուծման եւ համայնքի կյանքի բնականոն գործունեության համար: Հետեւաբար, այս ընտրություններում թեկնածուի ընտրության չափորոշիչը պետք է լինի ոչ այնքան այս կամ այն թեկնածուի կուսակցական պատկանելությունը, որքան՝ նրա կազմակերպչական հնարավորությունները: Ես ինքս ինձ համարում եմ առաջին հերթին կազմակերպիչ, որը անդամակցում է կուսակցությանը, եւ ոչ թե կուսակցական գործիչ, որը զբաղվում է համայնքի ղեկավարմամբ: Սա սկզբունքային տարբերություն է, որը, վստահ եմ, հաշվի կառնեն նաեւ ընտրողները, հատկապես Արաբկիր համայնքի քաղաքականապես ակտիվ բնակիչները: Քաղաքակիրթ երկրներում տեղական ինքնակառավարման դերը գնալով մեծանում է եւ դրա հիմքում դրված է իշխանության ապակենտրոնացման սկզբունքը: Այսինքն՝ զարգացած երկրներում առաջնորդվում են ոչ թե ՏԻՄ-ին կենտրոնացված իշխանության հետ նույնացնելու, ինչը ենթադրում է ձեր հարցը, այլ հակառակը՝ համայնքի կառավարման մարմիններին քաղաքական իշխանությունից տարանջատելու սկզբունքով: Այսինքն՝ ՏԻՄ ընտրություններում թեկնածուների միջեւ պայքարը, իմ համոզմամբ, պետք է լինի առավելապես ծրագրային հարթությունում՝ կապված ինչպես համայնքի ընթացիկ, իրավիճակային խնդիրների հետ, այնպես էլ հեռանկարային կտրվածքով՝ տեղական ինքնակառավարման սկզբունքների արմատավորման առումով: Եվ ես, իրականում, շատ ուրախ կլինեմ, եթե Արաբկիրի թաղապետի՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններում ունենամ ընդդիմությունը ներկայացնող մրցակից, ում հետ պայքարը, նախեւառաջ, կլինի ծրագրային հարթությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել