Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հուլիս 05,2008 00:00

ՄԻԱՅՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈ՞ՎԸ ԳԻՏԻ

\"\"«Սպորտ Էքսպրեսին» վերջերս տված հարցազրույցում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը միմյանց միջեւ խնդիրներ ունեցող սահմանակից երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների, Իսրայելի եւ Պաղեստինի, Մոլդովայի եւ Մերձդնեստրի շախմատի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Սակայն երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացրին, որ իրենք Իլյումժինովի այդ ծրագրերի մասին պաշտոնական տեղեկություն չունեն:

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՈՎ ԵՆ ՏԱԼԻՍ

Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին մեկ տարի ժամկետով վարձավճարով տալու որոշում է կայացրել: Ըստ լրատվամիջոցների, 21-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Նեկ Նեյմեգեն» ակումբը: «Այաքսի» տեխնիկական տնօրեն Դաննի Բլինդը ակումբի մամուլի ծառայությունում այդ առիթով ասել է. «Խաղային մշտական պրակտիկա ունենալով՝ Էդգարը կարող է նոր մակարդակի բարձրանալ եւ «Այաքս» վերադառնալ որպես ավելի ուժեղ ֆուտբոլիստ»: Մանուչարյանի հետ միասին վարձավճարով գործուղվելու է թիմի մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ՝ Լեոնարդոն:

ԽԱԼԻԼ ՄՈՒՏԼՈՒՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԵԿԻՆԻՑ

\"\"Օլիմպիական չեմպիոն Խալիլ Մուտլուն օրերս հրաժարվել է Չինաստանում օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելուց: Այդպիսով, նրա երազանքը՝ դառնալ պատմության մեջ առաջին ծանրորդը, որին հաջողվել է ոսկե մեդալ նվաճել չորս օլիմպիական խաղերում, չի իրականանա: Ծանրորդն այդ որոշումը կայացնելուց առաջ խորհրդակցել է Թուրքիայի սպորտի նախարարի հետ:

Պատճառը, որ մարզիկին ստիպել է դիմել այդ քայլին, ըստ լրատվամիջոցների, այն է, որ նա վերջին մարզումներից մեկի ժամանակ չի կարողացել բարձրացնել ստուգողական քաշը եւ, իր իսկ խոսքերով, հասկացել է, որ չի կարող պայքարել Պեկինում հաղթելու համար: Տեղեկացնենք նաեւ, որ Մուտլուն խթանիչներ օգտագործելու համար 2005 թվականին որակազրկվել է երկու տարով, իսկ այս տարվա ապրիլին 34-ամյա ծանրորդը միջազգային ասպարեզում 13 տարվա ընթացքում կրել է առաջին պարտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել