Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ»

Հուլիս 09,2008 00:00

\"\"Այսպես է կարծում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա վերջը մոտենում է, եւ ընդդիմադիր Համաժողովրդական շարժումը կարծես ուշի-ուշով հետեւում է, թե ինչ քայլեր է կատարել եւ դեռ ինչեր է անելու այս 100 օրվա ընթացքում գործող նախագահը: Հուլիսի 4-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի մեծ մասը նվիրել էր հենց այդ 100 օրվան եւ դրանից սպասելիքներին: Հանրահավաքում առաջին նախագահը հրապարակել էր հետեւյալ պահանջը. «Անմիջապես պաշտոններից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին: Նշված պահանջները չկատարելու եւ, մանավանդ, մարտի 1-ի ոճրագործության բացահայտումները խափանելու դեպքում, օգոստոսի 1-ից սկսած, Շարժման գլխավոր կարգախոսը հայտարարվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»:

Նշվածից կարելի է հասկանալ, որ մինչ հուլիսի 4-ը ընդդիմությունը չէր պահանջում նախագահի հրաժարական կամ արտահերթ ընտրություններ եւ, պարզվում է, շարունակելու է «չպահանջել» մինչեւ օգոստոսի 1-ը: Կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին հարցրինք, թե ի՞նչ են մտածում Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածների շուրջ: ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ռուզան Առաքելյանը նկատեց, որ ընդդիմությունը շատ հաճախ է փոխում իր ռազմավարությունը. «Իմ տպավորությամբ, ոչ միայն հանրահավաքներում, այլեւ այն մամուլը, որն իրենց խոսափողն է, միշտ ուղղակի եւ անուղղակի պահանջել է նախագահի հրաժարական: Իսկ ինչու նրանք «մեծահոգաբար» սպասում են, որ լրանա նախագահի պաշտոնավարման 100 օրը, ես կարծում եմ, որ իրենք դրանով ժամանակ են շահում ինչ-որ քայլերի մասին մտածելու կամ նոր մեթոդոլոգիա են որդեգրել»: Ըստ Ռուզան Առաքելյանի, ընդդիմությունը դեռ ինչ-որ բաների է սպասում, «որի ստանալու դեպքում, չեմ կարծում, որ այլեւս չեն պահանջի նախագահի հրաժարական»: Մեր հարցին՝ այդ «ինչ-որ բաները» կարո՞ղ է լինել քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելը, եւ եթե Սերժ Սարգսյանը քաղաքական որոշում կայացնի եւ բոլոր կալանավորվածներին ազատ արձակի, ընդդիմությունը այլեւս չի՞ պահանջի նրա հրաժարականը, պատգամավորը պատասխանեց. «Եթե այդպես է, ուրեմն, ընդդիմություն, որպես այսպիսին, կառուցողական իմաստով չկա, որովհետեւ, եթե նրանց միակ պահանջը քաղբանտարկյալներին ազատելն է, եւ եթե երկրում ընդդիմության գործելաոճը պայմանավորված է միայն մեկ խնդրի լուծմամբ, ապա այդ ընդդիմությունը դեռեւս կայացած չէ»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը թեպետ չուզեց մեկնաբանել ընդդիմության ելույթները, բայց գիտի, «որ արմատական ընդդիմության ղեկավարները մեծ քաղաքական փորձ ունեն եւ ունակ են զանազան քաղաքական մանյովրների: Նշած 4 անձանց հրաժարականի պահանջը եւս ես չեմ մեկնաբանի, որովհետեւ պարզ է, որ այդ պահանջը Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացնելու միտում ունի: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին եւ արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու վերջին 3,5 ամիսների ընթացքում այդ պահանջը չէր դրվում, հնարավորություն էր տրվում, որ նախագահը գործի: Գուցե նրա համար, որ հենց իրե՞նք վերահավաքվեն, վերակազմավորվեն, տեսնեն, թե ինչքան կողմնակից ունեն եւ ա՞յլն: Այնուամենայնիվ, ես շարունակում եմ մտածել, որ մեր երկրում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, քանի դեռ չեն ավարտվել երկրի ժողովրդավարական բարեփոխումների եւ քաղաքական համաձայնության ստեղծմանն ուղղված ջանքերը»:

ՕԵԿ անդամ Իշխան Հարությունյանին հարցրինք, թե, իր կարծիքով, մինչ իր պաշտոնավարման 100 օրերի ավարտը Սերժ Սարգսյանը ի՞նչ քայլեր կարող է անել, որ ընդդիմությունը միտքը փոխի եւ օգոստոսի 1-ից հետո չպահանջի նախագահի հրաժարականը: Ըստ Իշխան Հարությունյանի, Սերժ Սարգսյանը ինչ էլ անի կամ չանի, ընդդիմությունը, միեւնույն է, քննադատելու է, քանի որ հենց դա է ընդդիմության խնդիրը. «Ընդդիմությունը Սերժ Սարգսյանին քննադատելու է անկախ նրա կատարած քայլերից, նրա ծրագրերից եւ գործերից: Կքննադատի, քանի որ չի ուզում տեսնել, թե ինչ է անում նախագահը: Իսկ մենք տեսնում ենք նրա կատարած գործերը՝ քայլ առ քայլ, տեսնում ենք, թե ինչպիսի բարեփոխումներ, ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում, եւ դա մեզ հույս է ներշնչում, որ մեր երկիրը, ի վերջո, դուրս է գալու այս վիճակից, եւ մի օր ժողովուրդը կհավատա իր իշխանությանը եւ կտեսնի, որ իր ընտրած իշխանությունը աշխատում է ոչ թե մի խումբ մարդկանց համար, այլ՝ ամբողջ ժողովրդի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել