Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է փոխել համակարգը

Հուլիս 09,2008 00:00

\"\"Նկատի ունենալով Հանրային հեռուստառադիոխորհուրդը՝ առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Երեկ Երեւանում կայացած «Բազմակարծությունը ՀՀ լրատվամիջոցներում» միջազգային կոնֆերանսի ժամանակ խոսք գնաց Երեւանի մամուլի ակումբի այն պնդման մասին, որ խոսքի ազատության ապահովման հարցում Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի (ՀՀԽ) եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կազմի հրաժարականը անհրաժեշտ է իբրեւ ներդրում բարեփոխումների գործընթացում: Oգտվելով առիթից, որ քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը, այդ մասին կրկին հիշեցրեց ԵՄԱ փոխնախագահ Մեսրոպ Հարությունյանը: Թեման իր ելույթում զարգացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը. «Հավատացեք ինձ՝ խնդիրը Ալեքսան Հարությունյանը չէ, համակարգը պետք է փոխվի, ավելի կատարելագործվի: Ուզում եք ուրիշ մարդ բերեք դրեք. անձը համակարգից ուժեղ չի լինում: ՀՀ-ում հիմնական պրոբլեմը ոչ թե օրենքներն են, այլ օրենքի կիրառումը: Եթե ՀՀ-ում բազմակարծություն լիներ, ապա կարիք չէր լինի այդ ոլորտի օրենքները այդքան հաճախ փոխել»: Ալեքսան Հարությունյանն, ի պատասխան իր հրաժարականի մասին խոսակցությունների, ասաց. «Ես դեմ եմ, եւ ոչ թե նրա համար, որ պաշտոնից կառչելու-չկառչելու խնդիր է, ես այս հանրապետության երեւի ամենահին պաշտոնյաներից մեկն եմ, եթե չհաշվենք Գագիկ Հարությունյանին, սակայն ես դեմ եմ հրաժարականներին»: Հրաժարականներին դեմ լինելը Ալեքսան Հարությունյանը հիմնավորեց նաեւ նրանով, որ այս տարեվերջին ՀՀԽ-ում 2 թափուր տեղ է առաջանալու, քիչ ավելի ուշ՝ եւս երկուսը. «Կարծում եմ, որ 1,5 տարվա համար չարժե կտրուկ փոփոխություններ կատարել»: Նա անդրադարձավ նաեւ իր ղեկավարած կառույցում ընդդիմության ներգրավման մասին առաջարկին եւ ասաց. «Ես դեմ եմ, որ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներն այնտեղ, թեկուզ 50/50 համամասնությամբ տեղ ունենան: Տեսնում ենք, թե ընտրական հանձնաժողովներում ինչ է կատարվում: Նրանք ինչ-որ ձեւ իրար հետ պայմանավորվում են, իսկ ովքեր ընդգրկված չեն հանձնաժողովում՝ ոտնահարվում են նրանց իրավունքները: ՀՀԽ-ն եւ ՀՌԱՀ-ը, դա նաեւ ԵԽ-ի պահանջն է, պետք է ապաքաղաքական կառույց լինեն»:

Կոնֆերանսին ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին փոխարինում էր ՀՌԱՀ-ի աշխատակազմի, լիցենզավորման վարչության պետ Իշխան Վարդանյանը: Նա ասաց, որ այսուհետ ՀՌԱՀ-ը մրցույթների հետ կապված իր որոշումներում ավելի հիմնավոր կնշի, թե ինչու է այս կամ այն հեռուստաընկերությունը պարտվել: «Հանձնաժողովի հիմնական դիրքորոշումն այն է, որ ապագա մրցույթները, ինչպես ասված է Եվրադատարանի կողմից, լինեն ավելի բաց, թափանցիկ, նվազ հայեցողական որոշումներով: Պետք է բոլորի համար պարզ լինի, թե ով ինչու է հաղթում եւ ինչու է պարտվում»,- ասաց Իշխան Վարդանյանը, նշելով, որ համապատասխան փոփոխություն կկատարվի նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համապատասխան հոդվածում: «Ա1+»-ի հարցին՝ այսինքն՝ ընդունո՞ւմ եք, որ «Ա1+»-ի մասնակցությամբ մրցույթները չեն եղել բաց եւ թափանցիկ, մերժման որոշումները չեն եղել օբյեկտիվ, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ոչ միայն «Ա1+»-ի, այլեւ բոլոր որոշումները եղել են հայեցողական, ոչ թե սուբյեկտիվ: Ուզում ենք, որ ապագայում ՀՌԱՀ-ի որոշումները լինեն պակաս հայեցողական»: «Ա1+»-ը Իշխան Վարդանյանին հարցրեց՝ Գրիգոր Ամալյանը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել «Ա1+»-ի 20 հազար եվրոն: «Քանի որ ՀՌԱՀ-ում ես չեմ զբաղվում ԵԴ հարցով, իմ ասածը պակաս իրավասու կլինի: Թող պարզեն՝ ով է մեղավորը, եւ պատժեն մեղավորներին»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել