Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրանքներ կարող են լինել նաեւ Ջավախքում ու Մառնեուլում

Հուլիս 09,2008 00:00

«Միակ կողմը, որին ձեռնտու են Վրաստանի հակամարտ գոտիներում տեղի ունեցող վերջին միջադեպերը՝ պաշտոնական Մոսկվան է»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում այսպիսի համոզմունք է հայտնել ռադիոկայանի վրացական ծառայության տնօրեն Դավիթ Կակաբաձեն: Վերջին մի քանի օրվա ընթացքում Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղի են ունեցել միջադեպեր, փոխհրաձգություններ եւ պայթյուններ: Աբխազիան հայտարարել է Վրաստանի հետ բոլոր կապերը խզելու մասին՝ ընդգծելով, թե պատրաստ է զենքով պաշտպանել իր անկախությունը: «Եթե կա մեկ կողմ, որին ձեռնտու չէ ճգնաժամի խորացումը՝ դա, անշուշտ, Թբիլիսին է, որովհետեւ Վրաստանը պայքարում է դեկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը ստանալու համար, մինչդեռ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են խափանել այդ հնարավորությունը»,- ասել է Կակաբաձեն: «Պատահական չէ, որ այդ ամենը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում միաժամանակ է տեղի ունենում: Ես չեմ զարմանա, եթե այդօրինակ օջախներ ի հայտ գան նաեւ Վրաստանի այլ շրջաններում, որտեղ խիտ բնակվում են ազգային փոքրամասնություններ, օրինակ՝ ադրբեջանաբնակ Մառնեուլում կամ հայաբնակ Ջավախքում»,- նշել է «Ազատություն» ռ/կ-ի վրացական ծառայության տնօրենը: Ռադիոկայանը հավելում է, որ երեկ Պրահա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ձեւակերպմամբ, վերջին շրջանում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը նպաստել է լարվածության աճին: Ռայսը երկու կողմերին հորդորել է խուսափել սադրիչ գործողություններից: «Անկեղծ ասած, անցած երկու ամսում Ռուսաստանի որոշ քայլեր նպաստել են շրջանում լարվածության սաստկացմանը»,- «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ մասնավորեցրել է Ռայսը: ԱՄՆ պաշտոնյաները դատապարտել են Վրաստանի հանդեպ պաշտոնական Մոսկվայի այնպիսի քայլերը, ինչպիսիք են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ իրավական կապեր հաստատելու մտադրությունը եւ առանց Թբիլիսիի համաձայնության՝ Աբխազիա լրացուցիչ զորք ուղարկելը: «Ռոյթերզը» նշում է, որ ՌԴ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում Աբխազիային եւ այդ շրջանում խաղաղապահներ ունի: Պաշտոնական Թբիլիսին, իր հերթին, պնդում է, որ Ռուսաստանը փորձում է զավթել Վրաստանի տարածքի անբաժանելի հատվածները: «Վրաստանն անկախ պետություն է, ուստի պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի: Մենք ասել ենք, որ ինչպես Վրաստանը, այնպես էլ Ռուսաստանը պարտավոր են խուսափել սադրիչ պահվածքից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Պրահայում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռայսն այսօր ժամանում է Վրաստան: Նա Պրահա էր մեկնել Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի ստեղծման ծրագրով Չեխիայում ռադար տեղակայելու մասին պայմանագիրը ստորագրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել