Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հուլիս 09,2008 00:00

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՌԵԿՈՐԴՆԵՐ

\"\"Օլիմպիական խաղերն իր հայրենիքում անցկացնելուն օժանդակելու յուրօրինակ ակցիա է կատարել Չինաստանի հարավում գտնվող Նանյնին քաղաքի բնակիչ Վեյ Շենը: Նա, ի պատիվ օլիմպիական խաղերի, գլուխը, դեմքը, կրծքավանդակը եւ ձեռքերը «զարդարել» է՝ 2008 գունավոր ասեղներ ամրացնելով: Վեյ Շենն առաջին անգամ չէ նման քայլի դիմում: Մասնավորապես, նա 2004 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ գլխին 1790 ասեղ խրելու համար:

Չինաստանում շատերն են որոշել օլիմպիական խաղերը հավերժացնել սեփական մարմնի հետ տարօրինակ մանիպուլյացիա անելով: Լրատվամիջոցները մատնացույց են անում սպորտի մի սիրահարի, որը սեփական ճակատին դաջել է Պեկինի օլիմպիական խաղերի լոգոտիպը, իսկ կրծքին՝ մարզական այդ խոշորագույն միջոցառման խորհրդանիշերը:

ՈՎ՝ Ե՞ՐԲ Է ՄԵԿՆԵԼՈՒ ՊԵԿԻՆ

Օգոստոսի 8-24-ը Չինաստանում անցկացվելու են ամառային 29-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցելու է Հայաստանի 25 մարզիկ: Օլիմպիական ծրագրում ընդգրկված 39 մարզաձեւից մեր հանրապետության ներկայացուցիչները հանդես են գալու ութում: Քանի որ յուրաքանչյուր մարզաձեւ ունի անցկացման իր ժամանակահատվածը, ըստ այդմ էլ մեր մարզիկները մրցավայր մեկնելու են տարբեր օրերի: Ընդհանուր առմամբ՝ ամբողջ պատվիրակությունը բաժանվել է յոթ խմբի:

Հուլիսի 31-ին առաջինը Պեկին կմեկնեն հրաձիգ Նորայր Բախտամյանն ու ձյուդոիստները (հասկանալի է, նրանց հետ լինելու են նաեւ մարզիչները): Մյուս մրցաձեւերի ներկայացուցիչների մեկնելու ժամանակացույցն այսպիսին է:

Օգոստոսի 1. բռնցքամարտ:

Օգոստոսի 2. ծանրորդ Մելինե Դալուզյան:

Օգոստոսի 4. ծանրամարտի տղաների հավաքական:

Օգոստոսի 5. հունահռոմեական ըմբշամարտ, լող, աթլետիկա, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտից երկու ճամբարական:

Օգոստոսի 6. Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավարություն, հրավիրված անձինք:

Օգոստոսի 7. ազատ ըմբշամարտ, լրագրողներ:

ԱՀԱԶԱՆԳ

Օրերս մայրաքաղաքում մոլեգնած ուժեղ փոթորիկը պոկել է «Հայաստան» մարզական միության՝ երկու տարի առաջ հիմնանորոգված աթլետիկայի ծածկած մանեժի եւ մարզադահլիճի տանիքի մի մեծ հատվածը՝ մոտ 250 քառակուսի մետր մակերես: Քանի որ առայժմ հորդառատ անձրեւների վերջը չի երեւում, անհրաժեշտ է անհապաղ այն նորոգել: Հակառակ դեպքում՝ ջուրը կթափանցի շենքի ներս եւ մարզակառույցը շարքից դուրս կգա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել