Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հետապնդում քաղծառայողի նկատմամբ

Հուլիս 09,2008 00:00

«Շեֆերի» վերաբերմունքից այսպիսի տպավորություն է ստացել Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀՇ-ական Անդրանիկ Գեւորգյանը:

Դեռեւս ապրիլ ամսին «Առավոտը» անդրադարձել էր քաղծառայող Ա. Գեւորգյանի նկատմամբ կիրառվող հալածանքներին: Չնայած այն հանգամանքին, որ նա երկու անգամ քաղծառայության քննությունը հանձնել է փայլուն միավորներով, օրենքն էլ երբեւէ չի խախտել, մարզպետարանի ղեկավարությունը շարունակում է նրան հետապնդել՝ «այլախոհ» լինելու մեղադրանքով: Օրերս Անդրանիկ Գեւորգյանը «Առավոտին» փոխանցեց, որ 9 ամիս շարունակ իր գլխին «Լեւոնից հեռու մնալու» թեմայով բարոյախրատական դասեր կարդալուց ու արդյունքի չհասնելուց հետո՝ մարզպետարանի վերնախավն անցել է սպառնալիքների: Որպես օրինակ նա բերեց անցած շաբաթ Գյումրիում կազմակերպված համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ իրեն պատանդ պահելու փաստը: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը նրան իր մոտ է հրավիրել, սպառնացել է քաղծառայողի նկատմամբ կիրառել քաղծառայության օրենքի 24 հոդվածի 1-3 կետերով նախատեսված սահմանափակումները: Քաղծառայողի պնդմամբ, աշխատակազմի ղեկավարը «ռազբորկան» ձգձգել է այնքան ժամանակ, մինչեւ «վտանգն» անցնել է. Գեւորգյանը հանրահավաքից ուշացել է ու նրա փոխարեն այն վարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Սա ես համարում եմ իմ քաղաքական իրավունքների կոպիտ ոտնահարում, իմ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում: Ամեն ինչ հնարավոր է հասկանալ, ընկալել ու տանել: Իշխանությունը ձգտում է ներկայանալ մեկ անձի տեսքով, իբրեւ այլ կարծիք ունեցողներ չկան, պարզապես բարոյական ոչ մի նորմի մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող են աշխատանքային ընկերներին դարձնել գործիք: 1937-ին էլ մարդիկ միանգամից «դանոսչիկ» չդարձան, ի՞նչ տարբերություն՝ էսօր իմ դեմ կգրեն, վաղը, եթե պահանջվի, հենց պատվիրատուի դեմ կգրեն: Իմ քաղաքական կենսագրությունը պատկանում է ինձ ու ոչ մեկին, ոչ մի նախարարի, մարզպետի կամ այլ պաշտոնյայի թույլ չեմ տալու խցկվել իմ քաղաքական համոզմունքների դաշտ: Ես միշտ ինձ համարել եւ համարում եմ օրինապաշտ քաղծառայող, հայրենիքը եւ պետությունը սիրող անձ, քաղաքականության մեջ երբեք շահ չեմ հետապնդելւ»,- մեր զրույցի ժամանակ ասաց Անդրանիկ Գեւորգյանը: Նա, արձակուրդի համար դիմում ներկայացնելով աշխատակազմի ղեկավարին, կես ժամով գնացել է պատասխանը ճշտելու, այդ ընթացքում առողջապահության վարչության պետը հապճեպ զեկուցագիր է գրել, թե Գեւորգյանը փախել է գործից, եւ առողջապահության ու սոցիալական վարչության անձնակազմին ստիպել է ստորագրել: «Մարզպետարանում ստեղծվել է վախի մթնոլորտ, ցանկացած ենթակա վերադասի ճնշման տակ կարող է դառնալ Հուդա»,- նշում է Անդրանիկ Գեւորգյանը, մտավախություն հայտնելով, որ հնարավոր է իր հանդեպ անձնական հաշվեհարդար տեսնեն, օրինակ՝ քաղծառայության ատեստացիայից դուրս թողնեն: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանն ասաց, որ հունիսի 28-ը կառավարության կողմից հայտարարվել էր աշխատանքային օր, Գեւորգյանն էլ մինչեւ ժամը 18-ը աշխատանքի մեջ է եղել, այնպես որ, նրան պատանդ պահելու անհրաժեշտություն չկար, բացի այդ, եթե Գեւորգյանը հանրահավաքը վարեր, նա կխախտեր քաղծառայության օրենքի 24 հոդվածը: Տեղեկացնենք, որ «Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները» վերնագրով հոդվածի 1-ին կետի դ/ ենթակետով արգելվում է. «Իրականացնել քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել»: Իսկ եթե մարզպետարանի վերնախավը տառապում է որեւէ մեկին պատժելու ցանկությամբ, ապա խորհուրդ կտայինք սկսել մարզպետարանի կապի ու տրանսպորտի վարչության ԲՀԿ-ական պետ, քաղծառայող Մարզպետունի Մարգարյանից, ով մի քանի ամիս առաջ աշխատանքի ժամին, մարզպետարանի իր աշխատասենյակում նստած, տեղական հեռուստաընկերություններից մեկով ԲՀԿ-ի քարոզն էր անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել